Անանյանը՝ ինքնարժեքից 70% ավելի գնով վաճառված ՀԴՄ սարքերի մասին
«ՀԴՄ սարքերը մենք ժամանակին, տարիներ առաջ ձեռք ենք բերել երկու կազմակերպություններից: Ձեռքբերման գործընթացը գաղտնիք է, որովհետև գաղտնի որոշումներում է եղել: Կա այդպիսի տեղեկատվության մի ծավալ, որը հրապարակել չենք կարող: Բայց մենք ասել ենք, որ դրա միջին ինքնարժեքը կազմել է 158 հազար դրամ: Հիմա թե որտեղի՞ց են իրենք վերցրել, որ 70% բարձր է ինքնարժեքից, ես չգիտեմ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով «Հետք» պարբերականի հրապարակմանը, որ ՊԵԿ-ն ինքնարժեքից 70% ավելի գնով է վաճառել ՀԴՄ սարքերը:
Ըստ նրա՝ այդպիսի առերևույթ հանցագործության մասին տեղեկատվություն չկա, որպեսզի այն քննության առարկա դառնա.
«Չկա նման տեղեկատվություն: Դա լրատվության կողմից տարածված տեղեկատվություն է: Ես կարող եմ խոստանալ, որ մեկ անգամ ևս կհանձնարարեմ, որ մի հատ տեսնենք՝ կա՞, օրինակ, հանցագործության կատարման վերաբերյալ հայտարարություն տալու անհրաժեշտություն»: