«ՀՀ-ում հաստատված քաղաքական իշխանության համար անկախ դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերթություն է». Նիկոլ Փաշինյան

Ապրիլի 10-ին լրացավ Բարձրագույն դատական խորհրդի կազմավորման 1-ամյակը, այս առիթովՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցել է ԲԴԽ՝ մասնակցելու խորհրդի կայքի շնորհանդեսին և նոր մասնաշենքի բացման արարողությանը։

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը միջոցառմանը ներկա դատական, օրենսդիր և գործադիր մարմնի  ներկայացուցիչներին ներկայացնելով կայքի ամփոփ նկարագիրը՝ նկատեց, որ ԲԴԽ-ն դատավորի և դատարանի անկախության երաշխավորման սահմանադրաիրավական առաքելության իրականացման նպատակով լրազորությունների ստանձնման պահից իր առջև խնդիր է դրել հետևողական ու արդյունավետ աշխատանքի շնորհիվ երաշխավոր դատական իշխանության համարժեք տեղն ու դերը իշխանությունների բաժանման և հավասարակշռման համակարգում։

«ԲԴԽ-ի գլխավոր նպատակն է՝ նաև նախադրյալներ ստեղծել Հայաստանում ձևավորելու արդարադատության անկախության, անաչառության, մատչելիության,  թափանցիկության նոր մշակում։ Մեր գործունեությունն իրականացվում է համակարգային գործունեությամբ, խնդիրների լուծումը դիտարկելով փոխպայմանավորվածության մեջ, իրականացնելով ծրագրանպատակային քաղաքականություն»,- նշեց Գագիկ Հարությունյանը։

Դատական գործերը չերկարաձգելու և դրանք ժամկետների մեջ քննելու համար, Գագիկ Հարությունյանը նշեց, որ տարեկան ամփոփագրում ներկայացրել են 18 ուղղություններ, որոնք կարող են որոշակի արդյունքներ ապահովել։ ԲԴԽ-ն նաև կարևորել է էլեկտրոնային արդարադատության փուլային ներդրման համակարգը, դրա հետ կապված արդեն կա մշակված հայեցակարգ, և այս տարի կներդրվի առաջին փուլը։

«Կարևոր է նաև դատական գործերի կառավարման ժամանակակից թվայնացման համակարգի ներդրումը, որպեսզի կարողանանք նվազագույնի հասցնել սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը և որակապես նոր մակարդակի բարձրացնել գործավարությունը։ Աներևակայելի է, բայց այսօր մենք գործ ունենք նաև, այսպես ասած, կորած դատական գործերի հետ, դրանք մեկը կամ երկուսը չեն, տասնյակներով են։ Վաղը սա կլինի վայրկյանների ընթացքում բացահայտվող երևույթ, և կբացառվի նման իրավիճակները»,- շեշտեց Գագիկ Հարությունյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորելով ԲԴԽ-ի կազմավորման մեկ տարին` կարևորեց  դատական անկախ համակարգը՝ հեղափոխության արդյունքում տեղի ունեցած փոփոխություններն ինստիտուցոնալ առումով ամրապնդելու համար։
«Կարծում եմ՝ այս արձանագրումը նորություն չէ, նորությունն այլ բանի մեջ է, որ մենք ըստ էության անկախության հռչակման առաջին օրվանից խոսել ենք անկախ դատական համակարգի մասին, բայց այդպես էլ չենք կարողացել ունենալ այնպիսի անկախ դատական համակարգ, որը երկրում կարող է ապահովել արդարությունը։

Ես չեմ ուզում խոսել անցյալի մասին, ես խոսում եմ ներկայի ու ապագայի մասին և ուզում եմ ասել, որ երաշխավորում եմ մեկ բան, որ ՀՀ-ում հաստատված քաղաքական իշխանության համար իրապես անկախ դատական համակարգ ունենալը բացարձակ առաջնահերթություն է։ Այս հարցը մեր օրակարգում եղել է առաջին օրից։

Ուզում եմ ևս մեկ անգամ հավաստիացնել ու հայտարարել, որ ՀՀ կառավարությունը հրաժարվել է ենթադրաբար գոյություն ունեցած այն գործելակերպից, երբ գործադիր իշխանությունը փորձել է որոշումներ պարտադրել կամ միջամտել դատական իշխանությանը։ Սա չափազանց լուրջ արձանագրում է, որին բոլորս պետք է լուրջ վերաբերվենք։

Եթե անգամ իշխանության տարբեր օղակներից հանկարծ գտնվեն մարդիկ, որոնք կփորձեն գործել այս տրամաբանությունից դուրս, ուրեմն նրանք  կգործեն ՀՀ կառավարության և ժողովրդի դեմ»,- իր խոսում նշեց ՀՀ վարչապետը։

Ըստ նրա՝ շատ կարևոր է, որպեսզի ՀՀ դատական համակարգն ի վիճակի լինի օգտվել այդ հնարավորությունից, որի համար անհրաժեշտ է, որպեսզի լինեն դատավորներ, որոնք իրենց վրա կվերցնեն այդ պատասխանատվությունը և պատրաստ կլինեն գործելու օրինականության, արդարության և իրավունքի շրջանակներում։
Վարչապետը նաև ընդգծեց, որ դրա համար կա նաև երկրորդ նախապայմանը, որպեսզի դատական համակարգից իսպառ վերանա կոռուպցիան։

«Եթե այս հարցում խանգարողներ կան, մենք ստիպված կլինենք սկզբում լուծել խանգարողների հարցը , այնուհետև՝ անկախ դատական համակարգի հարցը։ Հավատում եմ, որ այսօր գոյություն ունեցող դատական համակարգում կա այն պոտենցիալը, որը կարող է մեզ բերել ցանկալի հանգրվանի»,- հավելեց վարչապետ Փաշինյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս