Սեուլում առաջարկել են Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի նոր գագաթնաժողով անցկացնել ապրիլի վերջին. The Chosun Ilbo
Հարավային Կորեան դիտարկում է երկրի նախագահ Մուն Չժե Ինի եւ ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի գագաթնաժողովի անցկացման հնարավորությունն ապրիլի վերջին: Այդ մասին հայտնել է The Chosun Ilbo թերթը՝ հղում անելով նախագահի վարչակազմի մի աղբյուրի:
«Ապրիլի 27-ին լրանում է Մուն Չժի Ինի եւ Կիմ Չեն Ունի առաջին գագաթնաժողովի անցկացման մեկ տարին եւ խորհրդանշական կլիներ, եթե երկու ղեկավարները վերստին հանդիպեին ու ամփոփեին այդ ժամանակաշրջանի արդյունքները»,- հրատարակությունը մեջբերել է աղբյուրի խոսքը:
Թերթը նաեւ նշում է, որ Մուն Չժե Ինն ապրիլի 10-ին ԱՄՆ սկսվող երկօրյա այցի ընթացքում կարող է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել՝ մայիսին Կիմ Չեն Ունի հետ նոր հանդիպում անցկացնել Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի սահմանի Փանմունջոմ բնակավայրում:
Հրատարակության տվյալներով՝ Թրամփի հետ ներկայիս գագաթնաժողովի ընթացքում Մուն Չժե Ինը նաեւ կարող է նրան առաջարկել ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդրի լուծման նոր ռազմավարություն, որին համապատասխան նախ Փհենյանը պետք է ապամոնտաժի Յոնբյոնի միջուկային համալիրը, ինչից հետո ԱՄՆ-ը կթուլացնի հակահյուսիսկորեական պատժամիջոցները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: