Բաժիններ՝

ՔԿԾ պետը հանձնարարել է կարգապահական վարույթ հարուցել «Վանաձոր» ՔԿՀ-ում ներքին կանոնակարգի խախտումների համար

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը, ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանի, ներքին անվտանգության բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արսեն Մնացականյանի և ծառայության պետի օգնական Արամ Սարգսյանի ուղեկցությամբ ապրիլի 8-ին աշխատանքային այց է կատարել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում էր:

Այցի նպատակն էր պարզել ծառայության կազմակերպման արդյունավետությունն ու դրա համապատասխանությունը ՀՀ արդարադատության նախարարի և քրեակատարողական ծառայության պետի հանձնարարականներով նախանշած ուղղություններին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

«Շուրջ 2 ժամ տևած շրջայցի ընթացքում քրեակատարողական ծառայության պետը եղավ հիմնարկի վարչական մասնաշենքում, կարճատև և երկարատև տեսակցությունների սենյակներում, մանկական սենյակում, գրադարանում, մարզադահլիճում, ճաշարանում, բուժմասում, բոլոր հարկերում տեղակայված բնակելի տեղամասերում և մի շարք խցերում՝ հընթացս հանձնարարելով սեղմ ժամկետներում վերացնել աչքի զարնված և կարգապահական խախտման հատկանիշներ չպարունակող բազմաթիվ թերություններ:

Ա. Մխոյանը զրուցեց նաև մի շարք դատապարտյալների հետ, լսեց առողջական վիճակի վերաբերյալ գանգատներ ներկայացրած անձին և բուժման հետագա մարտավարությունը որոշելու նպատակով հանձնարարեց 1-օրյա ժամկետում ներկայացնել առողջական վիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն:

Ծառայության պետն այցելեց նաև քրեական գործի դատաքննության հետ կապված անհամաձայնության պատճառներով հացադուլում գտնվող անձին, լսեց վերջինիս խնդիրը և հորդորեց իրավունքների կարծեցյալ խախտումները վիճարկելու նպատակով օգտվել օրենսդրությամբ վերապահված այլ գործիքակազմերից և անհարկի չվնասել առողջությունը: Հացադուլի մեջ գտնվող անձին Ա. Մխոյանը պարզաբանեց նաև պատշաճ իրավաբանական օգնություն ստանալու՝ վերջինիս սահմանադրական իրավունքը և պատրաստակամություն հայտնեց ծառայությանը վերապահված իրավասությունների շրջանակներում ապահովել հիշյալ իրավունքի անխոչընդոտ իրացումը:

Այնուհետև դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության համար նախատեսված տարածքում շրջելիս՝ ծառայության պետը հանձնարարեց բացել մետաղապլաստե թիթեղներով փակված և առանձնացված սենյակները, որոնցում անխտիր նույն փնթի և անմխիթար վիճակն էր: Բոլոր սենյակներում միմյանց վրա դարսված, մասնատված կահույքի պարագաներ էին, դատապարտյալների և կալանավորված անձանց համար նախատեսված մահճակալներ և օգտագործման համար ոչ պիտանի այլ առարկաներ՝ ծածկված փոշու շերտով, այնինչ, ըստ նպատակային նշանակության, դրանք պետք է ծառայեին որպես հեռախոսային խոսակցություններ տրամադրելու սենյակներ:

Ա. Մխոյանի հանձնարարությամբ բացվեց նաև բնակելի տեղամասի 3-րդ հարկի միջանցքի վերջում նրբատախտակներով փակված և առանձնացված սենյակի դուռը ևս, որում առկա միջանցիկ դռները բացվում էին 2-րդ և 4-րդ հարկերի աստիճանահարթակներ, և առկա էր անօրինական տեղաշարժ իրականացնելու իրական հնարավորություն:

Ծառայության պետը հիմնարկի պատասխանատու ծառայողներին հանձնարարեց անհապաղ վերացնել արձանագրված ներքին կանոնակարգի խախտումները, սանիտարահիգիենիկ պատշաճ վիճակի բերել բնակելի տեղամասերի միջանցքներն ու հեռախոսային խոսակցությունների տրամադրման համար նախատեսված սենյակները, ամբողջությամբ գույքագրել և պահեստավորել չօգտագործվող գույքն ու պարագաները:

Արտյոմ Մխոյանը ներքին անվտանգության բաժնի պետ Ա. Մնացականյանին հանձնարարեց անհապաղ հարուցել կարգապահական վարույթ՝ ծառայության նկատմամբ անտարբեր և անպատասխանատու վերաբերմունք դրսևորելու, ինչպես նաև քրեակատարողական օրենսդրության պահանջները խախտելու հիմքով, իսկ քրեակատարողական ծառայողների արարքում քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ դրանք ուղարկել ըստ իրավասության:

Ծառայության պետի նմանօրինակ շրջայցերն այսուհետ կրելու են շարունակական բնույթ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս