«ՀՀԿ-ի ուրվականը Նիկոլին հանգիստ չի տալիս, և այդպես էլ շարունակվելու է». Շարմազանովի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին

Նորագավիթի մաքսատանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԱԺ-ում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթին՝ նշել էր, որ այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության ինչ-որ ներկայացուցիչներ շատ ակտիվ այդ ելույթն են քննարկում՝ ասելով, թե՝ այս ի՞նչ է կատարվում Հայաստանում.

«2015թ. Հայաստանի պահպանողական իշխանությունը, ընտանեկան ավանդույթների և ընտանեկան արժեքների պահապան իշխանությունները, ինչպես իրենք են իրենց անվանում,  ՀՀ քաղաքացի Վաղարշակ Մարտիրոսյանի անձնագիրը վերցրել ա և նրան տվել ա ՀՀ քաղաքացի Լիլիթ Մարտիրոսյանի անձնագիր: Ընդ որում՝ անձնագիր է տվել, գրել ա՝ Լիլիթ Մարտիրոսյան սեռը՝ արական: Հիմա ՀՀԿ շարքերում ընդունված բան ա՞, որ արական սեռի ներկայացուցչի անունը Լիլիթ ա: Էդ ի՞նչ հարցեր են դնում: Էն պահին, երբ այդ ՀՀԿ իշխանությունն այդ մարդու տվել ա ՀՀ քաղաքացու անձնագիր՝ Լիլիթ Մարտիրոսյան, սեռը արական, նրան ընդգրկել ա ընտրական ցուցակներում, ուրեմն՝ նրան օժտել ա ՀՀ քաղաքացու բոլոր իրավունքներով և պարտականություններով: Բոլոր՝ առանց բացառության: Եվ այսօր հանրապետականները… երբ որ ես իրենց ասում էի՝ դուք գեյ ակտիվիստ եք, իրանց չէին հավատում, իրենց էդ կարգավիճակից չեն կարող խուսափել, և սա ևս մեկ ապացույց ա: Էդ ո՞ւմ են եկել ինչի մեջ մեղադրում:

«Բարգավաճ Հայաստանն» ինչի՞ց ա բողոքում: Որ իրանց ներկայացուցիչը ստորագրել ա փաստաթուղթ… ես Պետական պահպանության ծառայությունից գրավոր բացատրություն եմ պահանջել, և ինձ տվել են փաստաթուղթ: Այդ փաստաթղթերի պատճեններն իմ ձեռքի տակ են, տվել ա Նաիրա Զոհրաբյանը, ստորագրել ա ցուցակը, և այդ ցուցակով մարդիկ ընդգրկվել են: Հիմա էն մյուս մարդիկ, որ բողոքում են, հիմա եկեք այս… ամեն ինչն արձանագրեցինք, չէ՞, Հանրապետականի և «Բարգավաճի»…

Առաջինը, երբ որ իմացա տենց բան, ես մտածեցի՝ լավ կազմակերպված պրովոկացիա ա հեղափոխության և կառավարության դեմ, և եթե այսքանից հետո՝ այդ ամեն ինչի տեղի ունեցածից հետո, բայց կա նաև հաջորդ երեսը, չէ՞, ժողովուրդ»,- ասել էր վարչապետը:

Այս և մի շարք թեմաների շուրջ 168.am-ը զրուցեց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ։

– Պարոն Շարմազանով, օրես ԱԺ-ում տրանսգենդերի ելույթից հետո ծավալված իրադարձությունները ՀՀ վարչապետը որակել է՝ որպես  քաղաքական պրովակացիա հեղափոխության և Կառավարության դեմ։ Ինչո՞ւ է ՀՀԿ-ն պրովոկացիայի ենթարկում Կառավարությանը։

– Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտնի է իր մանիպուլյացիաներով, պրովոկացիաներով և իր սեփական մեղքը դիմացինի վրա բարդելով։ Բայց եթե «թավշյա հեղափոխության» ժամանակ դա նրան հաջողվում էր, երբ կեղծիքով ու շանտաժով եկավ իշխանության, ապա այսօր ակնհայտ է, որ, Փաշինյանը՝ չունենալով սեփական օրակարգ, նյարդայնացել է՝ տեսնելով սեփական թիմի անգործությունը, քաղաքական իմպոտենտությունը, նաև իր գահավիժող վիճակը բոլոր ոլորտներում, բոլոր տեղերում՝ փորձում է պրովոկատորներ և մանիպուլյատորներ փնտրել։ Փաշինյանն անհաջող գործունեության մեջ է։ Կարիք չկա մութ սենյակում կատու փնտրել, երբ այդ կատուն Փաշինյանի ուսերին է, ամբողջ խնդիրը նրա մեջ է։

Այդ մարդն արդեն այնքան է նյարդայնացել, որ արդեն մտել է հոգեխանգարմունքի դաշտ, սա իսկապես խնդիր է։ Երբ Փաշինյանը խոսում է օտարերկրյա գործակալներից, հարց եմ տալիս՝ կա՛մ լռում է, կա՛մ ասում, թե ՀՀԿ-ն պրովոկացիա է անում։ Կոնկրետ հարց եմ տվել՝ Հայաստանում կա՞ն օտարերկրյա գործակալներ, հիմա ես պրովոկացիա՞ եմ անում, երբ որպես ՀՀ քաղաքացի՝ հարցնում եմ: Եթե չի պատասխանում, ապա ես Փաշինյանին կասկածում եմ ամեն ինչի մեջ։ Եթե մեր երկրում կան օտարերկրյա գործակալներ, բայց վարչապետը նրանց անունը չի տալիս, ուրեմն կարո՞ղ եմ ենթադրել, որ հենց Փաշինյանն է գործակալ։

Փաշինյանի քաղաքական թիմի ներկայացուցիչները գնում, անհաջող հայտարարություններ են անում, ՀՀԿ-ն քննադատում է, ասում են՝ պրովոկացիա է։

Հիմա վերադառնանք ԼԳԲՏ-ին, հեղափոխության հենց առաջին օրերին ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, մասնավորապես՝ Լարա Ահարոնյանն ու մի քանի հոգի, իրենց հարցազրույցներում հայտարարել են, որ իրենք եղել են Նիկոլի շարժման առաջին շարքերում։ Լարա Ահարոնյանը, ես այդ կնոջը չեմ էլ ճանաչում, Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ է, որն առ այսօր ԼԳԲՏ-ի քարոզն է իրականացնում։ Հիմա հարց եմ տալիս Փաշինյանին, եթե նա դեմ է դրան, կողմ են ՀՀԿ-ն կամ մյուսները, ապա այդ կինն ի՞նչ գործ ունի իր կուսակցությունում։

Շուռնուխի դեպքերը եղան՝ Նիկոլը լռեց, համասեռամոլները մտան ոստիկանության բաժին, իրենց լկտի պահեցին՝ լռեց, երաժիշտ Էլթոն Ջոնը, որը ԼԳԲՏ համայնքի հանրահայտ ներկայացուցիչ է և Հայաստան էր եկել՝ ամուսնու թե կնոջ հետ (այդպես էլ չիմացանք), Երևանում իր քարոզն իրականացրեց, Նիկոլ Փաշինյանը նրա հետ սելֆի արեց, հիմա Հանրապետակա՞նն էր նրա հետ սելֆի անում, թե՞ Փաշինյանը, սա պրովոկացիա՞ է։

Մարտի 8-ին ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները կրկին նույնասեռականների քարոզ էին անում, Լարա Ահարոնյանը հավասարեցրեց որդեկորույս մայրերին ու լեսբի կանանց, և կրկին Փաշինյան ու իր իշխանությունը լռեցին։ Ո՞վ էր խոսում՝ էդուարդ Շարամազանո՞վը, Արմեն Աշոտյա՞նը, իրենք էին անում։

Հիմա այդ տրանսգենդերը եկավ ԱԺ բարձր ամբիոնից շատ հաստատ ասաց, որ ամիսներ առաջ, այսինքն՝ նախկին իշխանության օրոք, անհնար էր նման բան, մարդ իր բերանով ասաց, որ հիմա հնարավոր է։ Նիկոլ Փաշինյանն ի՞նչն է հերքում, այս ամենը ներկայացրեցի նրա համար, որ ասեմ՝ ընկեր Նիկոլ, բավական է Ձեր մեղքերն ուրիշի վրա գցեք։ Բավական է ժողովրդին ստի, եթե չկա սեփական օրակարգ, ապա սեփական ձախողումները չպետք է բարդի նախորդ իշխանությունների վրա։

Ես մի օրենսդրական նախաձեռնությամբ եմ հանդես եկել և ուղարկել Կառավարություն, առաջարկել եմ «Երեխաների մասին» օրենքում փոփոխություն իրականացնել և երեխաների շրջանում օրենքով արգելել  համասեռամոլության և պղծության քարոզը։

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այդ նախաձեռնությանը բացասական եզրակացություն է տվել։ Հիմա ո՞վ է  համասեռամոլների ակտիվիստ՝ Հանրապետակա՞նը, թե՞ իրենք։

– ՀՀ վարչապետը ասել է, որ Ձեր իշխանության օրոք է տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը ստացել իր անձնագիրը, որտեղ Վաղարշակ անունը փոխարինվել է Լիլիթ անվամբ։ Այդ պատճառով էլ այսօր Դուք չպետք է իշխանության առաջ նման հարց դնեք։

– Նիկոլ Փաշինյանը սխալվում է և շփոթմունքի մեջ է, Էդուարդ Շարմազանովը կարող է ամեն ինչից խոսել, և որևէ մեկը՝ ո՛չ ՀՀԿ-ի, ո՛չ այսօրվա իշխանության մեջ, ո՛չ նախկինում են կարողացել ինձ ասել, թե ես ինչ ասեմ, ո՛չ էլ հիմա։ Ինձ կարող է սաստել միայն իմ ծնողը և Աստված։

Ես միշտ էլ համասեռամոլության դեմ եմ եղել, ով ինչ արել է, ինձ չի հետաքրքրում։ Որպես ավանդական արժեքներ կրող մարդ, որպես պահպանողականության ներկայացուցիչ՝ նման հարցերում ունեմ իմ հստակ դիրքորոշումը. իշխանության ժամանակ էլ եմ նույնն ասել, այսօր էլ եմ նույնն ասում։ Բավական է Նիկոլ Փաշինյանը ժողովրդին գցի թյուրիմացության մեջ, թող գնա իր կառավարման պրոբլեմներից խոսի։ Ես փաստ եմ ասում՝ մեր իշխանության օրոք տրանսգենդերն ԱԺ ամբիոնից չէր խոսում, բայց այսօր խոսում է։ Հիմա հարց եմ տալիս՝ կո՞ղմ է, որ տրանսգենդերը, որ քարոզ արեց ԱԺ ամբիոնից, Փաշինյանն այդ երևույթին կո՞ղմ է, թե՞ դեմ, այո՞, թե՞ ոչ։

Եթե ՀՀԿ-ից է խոսում, ապա Հանրապետականի ժամանակ 14 տոկոս տնտեսական աճ է եղել, աշխատավարձերը բարձրացել են, «Իսկանդեր» ենք բերել։ Եթե ուզում են Հանրապետականի հետ համեմատվել, այնքան բաներ կասեմ, որ կկարողանա՞ն համեմատվել։ ԵԱՏՄ ենք մտել, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար ենք ունեցել, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի և Վիեննայի պայմանավորվածություններ ենք ունեցել, ինչո՞ւ չեն պահել։

Գնացքը, որ Երևանից նստեց, գնաց  Գյումրի, իր արա՞ծն էր, որ շենքերի բացումներին մասնակցում է, իր օրո՞ք է դրանց հիմնարկեքն արվել, ի՞նչ է արել։ Բա որ Հանրապետականն այդքան վատն է, ինչո՞ւ է գնում Բրյուսելում ու Ստրասբուրգում ՀՀԿ-ի արած գործի գլխին կանգնում՝ որպես թամադա, բավական չէ՞ խալխի սեղանի գլխին թամադա կանգնի։

Հանրապետականի ուրվականը Նիկոլին հանգիստ չի տալիս, և այդպես էլ շարունակվելու է։ Ի սկզբանե ասել եմ, նաև իր մոտ. որ Նիկոլ Փաշինյանը ձախողված քաղաքական գործիչ է, ազգի առաջնորդը չի կարող իր ձախողումները մանկապարտեզի 5 տարեկան երեխայի նման ասի, թե՝ ես չեմ մեղավոր, ընկեր Սիլվա, մեր Վալոդիկն է մեղավոր։

Այո, ես պահպանողական իշխանություն եմ եղել, եթե մեր իշխանության օրոք սխալ է եղել մեկի բացթողնման հետևանքով, կամ չի եղել, ապա Փաշինյանի իշխանության մեկ տարվա ընթացքում համասեռամոլների այնքան քարոզ է եղել, որ անկախությունից ի վեր չի եղել։ Մի անձնագիրը սարքել են դրոշակ, եթե եղել է, ուրեմն սխալ է եղել, ես այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում։

Ես անձի կռիվ չեմ տալիս, ինձ մոտ արժեքների կռիվ է, ասում եմ՝ Հայկը հաղթելու է Բելին, այդ սուտի բաբելոնյան աշտարակաշինությունն այստեղից վերցրեք ու ռադ արեք, տարեք դուրս։

Այո՛, Հանրապետականն իրավունք ունի, այն, որ գնացել էր ԵԿՄ, Վազգեն Սարգսյանին էր մեծարում, ՀՀԿ-ն հենց Վազգենի կուսակցությունն է, Աշոտ Նավասարդյանի կուսակցությունն է, Սերժ Սարգսյանինն է, որը տարածքներ է ազատագրել, բա իրե՞նք ինչ են արել։

Փաշինյանն ասուլիս է տալիս 4,5 ժամ, 4 ժամը նվիրում է նախկին իշխանություններին, հարց են տալիս՝ նախկիններից է խոսում։ Եռագույնը սարքում է նասկի, նասկիները հագնում է, շոու անում, հետո դրոշի պատճառով մարդ է աշխատանքից ազատում։

– Նկատի ունեք Նորագավիթի մաքսատանը վարչապետի հանձնարարակա՞նը: Իսկ վարչապետն իրավունք ունե՞ր մարդուն աշխատանքից ազատվելու հանձնարարական տալ։

– Հայաստանում արդեն նոր կարգեր են ձևավորվել՝ որևէ մեկի վրա խաբար չկա։ Օգոստոսի 17-ին Նիկոլի հանրահավաքից մեկ ժամ անց հայտարարություն եմ տարածել և ասել, որ Նիկոլի Հայաստանում հաստատվում է դիկտատուրա, ժողովրդավարությունը բռնաբարվում է, ԱԺ-ի ինքնուրույնությունը սահմանափակվում է։ Մարդը շանտաժով է եկել իշխանության՝ ի՞նչ օրենք, ԱԺ-ի լուծարումն անօրինական է եղել, շանտաժ արեց ու իր կողմնակիցներով էյֆորիայի տակ խորհրդարանը պաշարեց։ Որ գոռում ու ճվճվում է, դրա իրավունքն ունի՞, որ ասում է՝ մարդկանց ասֆալտին կփռի, Արցախի գեներալների վրա մատ էր թափ տալիս, դրա իրավունքն ունե՞ր։

Մամուլը մի բան է գրում, շտապ ասում է, թե հակապետական քարոզչություն է անում, ոչ մի բանի իրավունք էլ չունի։ Հենց գործերը վատանում է՝ Դատախազությանն ու ոստիկանությանը հավաքում է, «բռնոցի ու պպզոցի» է սկսում, բա թող բռնեն, ո՞ւմ եք վախեցնում։ ՀՀԿ-ի ղեկավարությունը տարիներ շարունակ նստել է սովետական բանտում, Սերժ Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանը պատերազում հաղթել են, հիմա Փաշինյանը եկել՝ ո՞ւմ հետ է ուզում քյանդրբազություն անի, եկել՝ ո՞ւմ ինչ է բացատրում։

ՀՀԿ-ն երկու կաշառակեր չինովնիկ չէ, որ արդեն թռել են վարչապետի կողմը, ՀՀԿ-ն Աշոտ Նավասարդյանի, Անդրանիկ Մարգարյանի, Վազգեն Սարգսյանի հիշատակն է, Սերժ Սարգսյանն ու այսօրվա քաղաքական թիմն է։ Մեր պայքարը Փաշինյանի դեմ չէ, մեր պայքարն ազգային ու հոգևոր  հայրենիքի համար է։

– Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ ՀՀԿ-ն այլևս չկա՝ վախճանվել է։

– Բա որ Հանրապետականն այլևս գոյություն չունի, ինչպես է մեկ տարի ՀՀԿ-ից խոսում։ Եթե մի բան գոյություն չունի, ինչի՞ց է խոսում, ոչնչի՞ց։ Նիկոլը ուշ թե շուտ գնալու է, և որքան շուտ գնա, այնքան լավ է, ինչպես նախկինում եմ ասել՝ «իզմեր» չունեցող պետական գործիչը պետության գլխին տեղ չունի։

– Ազգային ժողովն արդեն օրենք է ընդունել, որ ապրիլի վերջին շաբաթը նշելու են՝ որպես Քաղաքացու օր, այս օրը համարո՞ւմ եք Ձեր օրը։

– Դա անհեթեթություն է, աբսուրդ, 365 օրն էլ պետք է լինի հայ ժողովրդի օրը, ՀՀ քաղաքացու օր։ Սրանցից ամեն ինչ սպասելի է, ԱԺ ամբիոնից Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանին ներկայացնելիս՝ բավական չէր, իրենց շարժումը հավասարեցրեց Սարդարապատի շարժման հետ, Սասուն Միքայելյանն էլ շարունակեց, թե՝ այդ շարժումն ավելի կարևոր էր, քան Արցախյան շարժումը։ Թող Նիկոլի արձանն էլ դնեն Հանրապետության հրապարակում, անունը փոխեն՝ «Նիկոլի հրապարակ», Երևանի անունը դնեն «Նիկոլավան», Հայաստանն էլ վերանվանեք «Նիկոլստան» ու երջանիկ կապրեն։

– Պարոն Շարմազանով, Նիկոլ Փաշինյանը խոսելով Արցախի բանակցային գործընթացից՝ նշել էր, որ բանակցությունները սկսել է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ իր սեփական կետից, ինչը շատ կարևոր է։ Ձեր կարծիքով՝ այդ կետն ի՞նչ ուղղությամբ կտանի բանակցությունները:

– Փաշինյանը չունի բավարար փորձառություն, պրոֆեսիոնալիզմ, տառապում է մեծամտությամբ, եսակենտրոնության և անսխալականության մոլուցքով, և ո՞ւր է գնում, գնում է հարվածի բետոնե պատին ու հետ գա։

Նախ՝ նա մինչև հիմա պետք է հանդիպեր բոլոր լուրջ մարդկանց հետ, որոնք բավարար գիտելիքներ ունեն Արցախի հարցի վերաբերյալ։ Միայն հանդիպել է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որից հետո հայտարարեց, թե՝ ինչ խոսել են նրա հետ, ամեն ինչ գիտեր։

Սերժ Սարգսյանը, որը եղել է Արցախի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ՀՀ պաշտպանության նախարար, Ազգային անվտանգության ծառայության պետ, վարչապետ, նախագահ, ապրիլյան պատերազմից հետո գնաց Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման։

Այո, նա Սերժ Սարգսյանի կետից հեռացել է, իր սեփական կետն ունի, որն առանց Ժնևի, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ է։

Փաստերով եմ խոսում՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք Ալիևն ինքն էր բողոքում, որ Մինսկի խումբը հանդիպումների ընթացքում իրենից պահանջում է ճանաչել Արցախի անկախությունը։ Իսկ այսօր համանախագահներն ասում են՝ հանգիստ նստեք տեղներդ։

Սա է խնդիրը, Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները փոխեց Դուշանբեի «լիֆտով», որի արդյունքում տեսանք ադրբեջանական դիրքերի ամրապնդում։ Այդ մարդը չունի սեփական օրակարգ, այն զրո է։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս