Բաժիններ՝

«Ապրիլին Ալիևն իր զորաբանակին պետք է ողջուներ Աղդամում, և «մարշով» մտնեին Ստեփանակերտ». Ապրիլյան պատերազմի մասնակից

«Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» անդամ Հրանտ Սարկիսովի համար ապրիլի պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանն ու Արցախը պատրաստ են և կարող են հակառակորդին հրադադար պարտադրել։

Ըստ նրա՝ այդ օրերին կարևոր էր զինվորների թիկունում կանգնած ժողովրդի պատրաստակամությունը, որն ամեն ինչ արեց, որպեսզի դիրքերում կանգնած զինվորը ոչնչի կարիք չզգա։

Նրա կարծիքով՝ ապրիլից հետո թշնամին դասեր է քաղել, չնայած նրա հռետորաբանությունը չի փոխվել, բայց հետևություն է արել, որ հայկական զորքը մարտունակ է և պատրաստ  դիմակայել ցանկացած ագրեսիայի։

Հրանտ Սարկիսովի գումարտակը դիրքեր էր բարձրացել 2016 թվականի ապրիլի 1-ին, կեսգիշերին: Երբ սկսվել էին մարտական գործողությունները, գումարտակն արդեն տեղեկացել էր, որ տվել է առաջին զոհը, հերթափոխի ժամանակ հակառակորդի գնդակից մահացու վիրավորում էր ստացել սերժատ Վլադիմիրը։

«Մեծ ցավ էինք ապրում, սակայն ոչինչ այլևս չէինք կարող փոխել, ուստի անհրաժեշտ էր անցնել մարտական հերթափոխի, որպեսզի այլ զոհեր չունենայինք։ Թշնամին ամբողջ շփման գծով անցել էր հարձակման՝ նպատակ ունենալով գրավել Ստեփանակերտը, այսինքն՝ Ջաբրաիլից ու Թալիշից սկսեին, Աղդամում վերադասավորվեին, ինչպես երեկ Վիտալի Բալասանյանն ասաց, Աղդամում Ալիևը պետք է ողջուներ իր զորաբանակը, և «մարշով» մտնեին Ստեփանակերտ, սակայն մեր բանակի  շնորհիվ՝ թշնամու «կայծակնային» պատերազմը չստացվեց։

Մենք սովոր էինք, որ թշնամին տարբեր տրամաչափի զենքերից կրակներ էր արձակում մեր ուղղությամբ, սակայն այդ ծավալով առաջինն էր։ Երկնքում կարծես հրավառություն լիներ, բայց պարզ էր, որ այն զոհեր էր տալու երկու կողմերից։ Իմ ողջ կյանքում առաջնորդվել եմ՝ ոչ թե թշնամամք առ հակառակորդ, այլ՝ սեր առ հայրենիք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հրանտ Սարկիսովը։

Նա ցավով արձանագրում է՝ պատերազմ դեռ կլինի, քանի որ Արցախի հարցի լուծումը սպառել է դիվանագիտական բոլոր լուծումները, և 20 տարիներ ի վեր հայկական կողմը փորձում է օրինական ճանապարհով լուծել հարցը, սակայն չի ստացվում։

«Այս ամենը երկար չի կարող շարունակվել. կա՛մ հստակ վերջակետ պետք է դրվի, կա՛մ անհրաժեշտության դեպքում պետք է անցնել ռազմական գործողությունների»,- շեշտեց նա։
«Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» մեկ այլ անդամի՝ Ժորա Աֆրիկյանի բնորոշմամբ, ապրիլյան պատերազմը հայոց պատմության ցավալի էջերից է, քանի որ այն թողել է վերքեր ու պատճառել կորուստներ։

«Բայց այս ամենին միահյուսված էր հպարտությունը և արժանապատվությունը, այն միևնույն ժամանակ՝ մեր փառահեղ էջերից մեկն էր, քանի որ հայ զինվորը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր հետ չեն կարող խոսել զենքի ուժով։ Ադրբեջանի կողմից երկար տարիներ պլանավորված ռազմական պլանը հայ զինվորն ապրիլին տապալեց»,- ընդգծեց Ժ. Աֆրիկյանը։

Հայկ Թորոսյանի դիտարկմամբ՝ ապրիլյան պատերազմով հայ ժողովուրդը սթափվեց՝ հասկանալով, որ թվացյալ խաղաղությունը մշտական չի կարող լինել։

«Այդ պատերազմը մեզ ստիպեց, որ միշտ պատրաստ լինենք, քանի որ ապրում ենք թշնամու կողքին, որին չպետք է վստահենք»,- ասաց «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության»  անդամը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս