Ավագովը Զելենսկուն բնութագրել է որպես «օրինավոր մարդ՝ այլ աշխարհից»
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը շոումեն եւ «Ժողովրդի ծառա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն, որն առաջատարն է երկրի նախագահի ընտրություններում, բնութագրել է որպես «օրինավոր մարդ՝ այլ աշխարհից»: Այդ մասին նա ասել է ապրիլի 1-ին «Լեւիյ բերեգ» հրատարակությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է ապրիլի 1-ին:
«Օրինավոր մարդ՝ այլ աշխարհից: Այլ հարթությունից»,-ասել է նա Զելենսկու վերաբերյալ իր տպավորությունների մասին, որին ընտրությունների առաջին փուլում պաշտպանել է ընտրողների մեծամասնությունը: Ավագովի կարծիքով՝ «Ժողովրդի ծառա» կուսակցությունից թեկնածուն պատրաստ է ձեռնամուխ լինել խնդիրների լուծմանը, բայց միաժամանակ խոստովանում է, որ «շատ հարցերում այնքան էլ կոմպետենտ չէ»:
«Դա նշանակում է, որ նա (Զելենսկին) պատրաստ է ուրիշների տրամադրել իր լիազորությունները», նշել է նախարարը: Սակայն, ընդսմին հարց է ծագում՝ «կկարողանա արդյոք ուկրաինական հասարակությունն առաջարկել էլիտայի այն որակը», որպեսզի կարելի լիներ նրան վստահել այդ լիազորությունները, հավելել է ՆԳՆ-ի ղեկավարը:
«ՉԷ որ եթե նա լիազորությունները տրամադրի անպիտաններին, դա շատ վատ կլինի երկրի համար»,-ընդգծել է նա: Զելենսկու բարձր վարկանիշը Ավագովը բացատրել է նրանով, որ նրա կողմն է անցել ռուսախոս ընտրողների մի մասը: «Զելենսկու կողմն է անցել էլեկտորատի մի մասը, որին ես անվանում եմ ռուսախոս հայրենասերներ: Նրանք թեկնածու էին փնտրում իրենց համար, որը կհամապատասխաներ հենց իրենց պահանջներին, եւ նրանք գտան նրան»,-նշել է նախարարը:
Նա նաեւ ասել է, թե «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն, որը երրորդ արդյունքն է ցույց տվել ընտրություններում, քաղաքական ապագա ունի, քանի որ «նա վայելում է միլիոնավոր մարդկանց կայունորեն բարձր աջակցությունը»:
Խոսելով ընտրությունների առաջիկա երկրորդ փուլի մասին, որոնք կկայանան ապրիլի 21-ին, Ավագովն այն ենթադրությունն է արել, որ դրանք ավելի կոշտ կլինեն, քան առաջին փուլը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: