Ճապոնիայի հնագույն բանտը կվերածվի շքեղ հյուրանոցի
Ճապոնիայի հնագույն բանտը շուտով վերակառուցվելու է ու վերածվելու բարձրակարգ հյուրանոցի: Այդ մասին հայտնել է News On Japan-ը: Նարա պատմական բանտի վերակառուցման համար պլանավորվում է ծախսել շուրջ 136 մլն դոլար: Կատարվելու են երկրաշարժերի նկատմամբ դրա դիմացկունությունը բարձրացնելու աշխատանքներ:
Նարա բանտի շինարարությունն ավարտվել է 1908 թվականին, եւ դա միակ անձեռնմխելի մնացած բանտն է այն հինգից, որոնք կառավարության կողմից ստեղծվել են այն ժամանակ:
Հաստատությունը ճանաչված է կարեւոր մշակութային օբյեկտ, եւ դառնալու է Ճապոնիայի առաջին բանտը, որը վերափոխվելու է հյուրանոցի: Պատժական հաստատությունը գործել է մինչեւ 2017 թվականը, դրանում պահվել են անչափահաս իրավախախտները:
Պլանավորվում է, որ հյուրանոցն այցելուների համար կբացվի 2021 թվականին: Բարձր առաստաղներով բանտախցերը կօգտագործվեն որպես սենյակներ հյուրերի համար, իսկ պահեստային հարկաբաժինները եւ պահապանների սենյակները կվերասարքավորվեն ռեստորանների ու սրահների:
Հյուրանոցում մի քանի տասնյակ համարներ կլինեն հինգ շենքերից չորսում: Գներն առայժմ չեն հրապարակվում, բայց կարող են տատանվել 450-ից մինչեւ 725 դոլար, ինչը համադրելի է մյուս բարձրակարգ հյուրանոցների ցուցանիշների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: