Նազենի Ղարիբյանը հաստատեց՝ ունի երկքաղաքացիություն, սակայն իրեն համարում է ՀՀ քաղաքացի

Այսօր համացանցում բուռն քննարկումներ են այն մասին, որ ՀՀ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանն ունի Ֆրանսիայի քաղաքացիություն, ուստի չի կարող զբաղեցնել փոխնախարարի պաշտոնը։

Մասնավորապես՝ դերասան Սերգեյ Դանիելյանն այս թեմայի առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «1-ին՝ Տիկին Նազիկը Ֆրանսիայի քաղաքացի է և իրավունք չունի մշնախ պաշտոնակատար լինել ու առավել ևս լուրջ որոշումներ ընդունել։ 2-րդ՝ Օպերայի կոլեկտիվը պիտի դիմի Ֆրանսիայի դեսպանությանը, որ իր քաղաքացուն ետ կանչի՝ երկրում անօրինական գործունեություն ծավալելու համար:

3-րդ՝ երբ մշնախը ձևավորվի, պետք է օրենք ընդունվի թատրոնների մասին, որ գեղարվեստական ղեկավարը և տնօրենը համատեղելի պաշտոններ են, որովհետև թատրոններում կա հատուկ սպեցիֆիկա, որը երբեք օրենք ընդունող դեբիլները այնպես էլ չեն հասկացել:

Եվ հիշեք, թատրոնի տերն ու տիրակալը թատրոնի կոլեկտիվն է, որի հարկերով ձևավորվում է մշնախի աշխատավարձը»,- գրել էր դերասանը:

168.am-ը Նազենի Ղարիբյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը։

«Եթե ես Ֆրանսիայի քաղաքացիություն ունենայի, ինչպե՞ս  կարող էի Հայաստանում գրավել պետական պաշտոն, այն, ինչ խոսում են՝ բամբասանք է, դրանց մի հավատացեք, ինչպե՞ս կարող է Ֆրանսիայի քաղաքացին գրավել փոխնախարարի պաշտոնը»,- ասաց Ն. Ղարիբյանը։

Հարցին՝ ունի՞ երկքաղաքացիություն, Նազենի Ղարիբյանը դրական պատասխան տվեց. «Ես ունեմ երկքաղաքացիություն, բայց ես ՀՀ քաղաքացի եմ։

Երկքաղաքացիության դեպքում ես կարող եմ այս պաշտոնը զբաղեցնել, քանի որ սա վերաբերում է հանրային ծառայություններին, այլ ոչ թե կառավարմանը, այսինքն՝ ես Կառավարության անդամ չեմ, չեմ կարող պատգամավոր և նախարար դառնալ, բայց մնացած պաշտոնները կարող եմ զբաղեցնել»։

Նա նաև տեղեկացրեց, որ Օպերային թատրոնի նոր տնօրենի անունը հայտնի կդառնա երկուշաբթի։

Հարցին՝ եթե հերքվեց, որ այդ պաշտոններում չեն առաջադրվել սոպրանո Հասմիկ Պապյանը և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Սարգսյանը, այդ դեպքում ո՞վ է նոր տնօրենը, Նազենի Ղարիբյանը պատասխանեց.

«Ես այդ հարցին այժմ կարող եմ չպատասխանել»։

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվել է Օպերային թատրոնի տնօրենի պաշտոնից, որի առնչությամբ այսօր թատրոնում տեղի է ունենում քննարկում, քանի որ այդ քայլը թատրոնի աշխատակիցների սրտով չէ, և նրանք ցանկանում են Օրբելյանին հետագայում ևս տեսնել այդ պաշտոնում։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս