Բաժիններ՝

«Միշտ ասում էր, որ երիտասարդության կողմից է, որ հասարակական ակտիվությունը լավ է, բայց մարդ պետք է նաև սովորի»

Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Անատոլի Գրիգորյանին նվիրված ցուցահանդեսում, որը բացվեց մարտի 28-ին Հայաստանի ազգային պատկերասրահում, ընդգրկված են նրա տարիներով թվագրվող շուրջ 70 մեծադիր կտավ ու էտյուդ, գրաֆիկական թերթ, ճեպանկար, նկարչի նամակագրությունից արժեքավոր նմուշներ, լուսանկարներ, ինչպես նաև անձնական իրեր:

«Անատոլի Գրիգորյանն իմ ավագ ընկերն էր: Նա ինձ գունանկար էր դասավանդում: Միշտ ասում էր, որ երիտասարդության կողմից է, որ հասարակական ակտիվությունը լավ է, բայց մարդ պետք է նաև սովորի: Նա ասում էր, որ ցանկության դեպքում միշտ կարող ենք իրենից խորհուրդ հարցնել, լինել իր արվեստանոցում: Մենք էլ հաճախ էինք նկարահանումների մասնակցում նրա մոտ: Մի անգամ, երբ լրագրողներ, օպերատորներ էին եկել այնտեղ, սուրճ խնդրեցին նրանից, Գրիգորյանն էլ ասաց, որ սիրով կհյուրասիրի: Խմելիս բոլորը փռթկացին: Պարզվեց` նա շաքարավազի փոխարեն աղ էր լցրել սուրճի մեջ: Գրիգորյանը արդարացավ` նշելով, որ նկարիչների արվեստանոցներում, որպես կանոն, շաքար չի լինում, բոլորը դառը սուրճ են նախընտրում, որովհետև նկարիչները շատ քաղցր են»,- պատմեց պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

Ցուցահանդեսի համադրող Մարինա Հակոբյանի խոսքով`ցուցահանդեսում ամփոփված է նկարչի ամբողջ ստեղծագործական ուղին, մեկտեղված են նրա վաղ շրջանից մինչև անավարտ գործերը:

«Ներկայացնում ենք ոչ միայն ճանաչելի Անատոլի Գրիգորյանին, նրա թատերական ներկայացումներ հիշեցնող ստեղծագործությունները, կարմիր ու հեղեղուն կոլորիտով կոմպոզիցիոն բազմակերպար պատկերները, այլև այցելուներից շատերին անծանոթ դիմանկարները, բնանկարները, այլաբանական շեշտադրումով մերկ կանանց կերպարները: Ինձ համար հայտնություն էին թանձր ներկաշերտով արված էտյուդները»,-ներկայացրեց համադրողը և հավելեց, որ նպատակ են ունեցել ներկայացնել անհայտ նկարչին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս