Բաժիններ՝

«Եթե մեր պահանջը բավարարվեր՝ դասերը կվերսկսեինք». Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչները չեն պատրաստվում նահանջել

Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում նորանշանակ տնօրեն Հերմինե Անդրեասյանի հետ կապված խնդիրը դեռ չի լուծվել: Նա չի հեռանում դպրոցից, իսկ ուսուցիչները այդ օրվան են սպասում: Աշակերտներն էլ ուզում են հասկանալ, թե ե՞րբ են նորմալ դաս անելու:

«Եթե մեր պահանջը բավարարվեր՝ դասերը կվերսկսեինք: Այնպես որ, դեռ հարցին որևէ լուծում չի տրվել: Ճիշտ է, գարնանային արձակուրդ է, բայց մենք դպրոցում ենք, սակայն մեր տնօրենը տեղում չէ: Այսպես անորոշ նստած ենք, չգիտենք, թե ի՞նչ է լինելու մեր վերջը»,- 168.am-ի հետ զրույցում ասացին Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչները:

«ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը եկել էր մարզպետարան՝ մեզ հետ հանդիպելու, իրավիճակի մասին էինք խոսում, քննարկում, նա ասաց, թե՝ որ այսպես նայում եմ՝ ձեր դպրոցում կամ տնավարություն է եղել, կամ էլ ինչ-որ բանից վախենում եք, որ ուզում եք: Իհարկե, հարցի պատասխանը տվեցինք իրեն: Հաջորդ օրը նա և փոխնախարար Լուսինե Առաքելյանը եկան դպրոց, իսկ այդ պահին մարզպետի քեռին, ով ուսուցիչ չէ, ծնող է, կողքի դասարանում դաս էր անում մոտ 10 երեխայի հետ, և այս ամենը պարոն Արշակյանն իր աչքով տեսավ, իսկ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հերքեց շրջանառվող լուրերը: Էլ ո՞նց հավատանք նրանց:

Օրերս էլ մարզպետի հետ հանդիպում խնդրեցիք ես ու մեր փոխտնօրենը, ում ցանկանում էին ազատել աշխատանքից, սակայն մարզպետը չընդունեց մեզ: Ուզում էինք խնդրի հետ կապված խոսել, հասկանալ… Ի դեպ ՝ տեղեկություն կա, որ տնօրենն իր հրաժարականի դիմումը շատ վաղուց է գրել, մնում է, որ մարզպետը մակագրի»,- նշեց դպրոցի ուսուցիչներից Ասպրամ Հովսեփյանը:

Հիշեցնեք, որ կառավարման խորհրդի անդամ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Փամբուկյանի հաղորդմամբ՝ մարտի 1-ին տեղի է ունեցել տնօրենի ընտրություն, եղել է մեկ թեկնածու, և 7 ձայնով տնօրեն է ընտրվել Հերմինե Անդրեասյանը, ով, նրա փոխանցմամբ, հրաշալի ծրագիր էր ներկայացրել:

«Բոլորս շատ ուրախ էինք, իսկ մարտի 11-ին արդեն նշանակվեց տնօրենի պաշտոնում, եկավ, և մեր ուրախությունը տևեց մի քանի ժամ: Պարզվեց, որ հրավիրել է ուսումնական գծով փոխտնօրենին և առաջարկել է պաշտոնից ազատվելու դիմում ներկայացնել, հակառակ դեպքում՝ փաստարկներ, պատրվակներ կգտնի՝ նրան աշխատանքից ազատելու համար: Երբ իմացա այդ մասին՝ դիմեցի մյուս խորհրդի անդամին, միասին բարձրացանք Անդրեասյանի մոտ, որպեսզի իրավիճակը շտկենք, իսկ նա պատասխանեց, որ իր որոշումն անփոփոխ է: Ասացի՝ այդքան իրավունք ունի՞ առանց մեզ հետ խորհրդակցելու կամ գոնե մեկ օր իրավիճակին ծանոթանալու, աշխատելու՝ նման բան որոշի: Կրկնեց, որ իր որոշումն անփոփոխ է, եկել է տնօրեն, իր հետ պետք է բերի վստահելի ընկերուհուն, ու միասին շենացնելու են դպրոցը»,- հայտնել էր Կարինե Փամբուկյանը:

Ուսուցիչներից մեկն էլ ասաց, որ իրենք ապահովագրված չեն, որ վաղն էլ իրենց չի ասելու՝ դիմում գրեք ու հեռացեք, ուստի իրենք են պահանջում, որ տնօրենը հրաժարականի դիմում գրի և հեռանա:

Մեզ հետ զրույցում ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը հայտնեց, որ դպրոցում ոչ ոք չի ազատվել աշխատանքից:

«Ե՛վ ծնողները, և՛ ուսուցիչներն այս պահին խախտում են երեխաների սահմանադրական իրավունքը: Որևէ մեկը նման լիազորություն և իրավունք չունի: Եթե կա բողոքելու հիմք, այն բացառապես իրավական դաշտում պետք է լինի, ոչ թե՝ երեխաների կրթության հաշվին: Ծնողները երեխաներին պետք է ուղարկեն դպրոց, աշխատանքը պետք է վերականգնվի, մնացած հարցերը լուծելի են իրավական հարթությունում»,- նշեց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս