Արցախի պաշտպանության բանակը պետք է համապատասխան մարտական պատրաստության բերվի. փորձագետ. armeniasputnik.am

Նման լայնամասշտաբ զորավարժություններն Ադրբեջանի համար աննախադեպ չեն։ Sputnik Արմենիայի եթերում, մեկնաբանելով Ադրբեջանում մարտի 11-15-ն անցկացվող զորավարժությունները, ասաց ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, վերջին տարիներին Ադրբեջանն այս ու ավելի լայնածավալ զորավարժություններ հաճախակի է անցկացնում։

«Անցած տարի առնվազն նման 3 զորավարժություն է իրականացրել, և երեքն էլ անձնակազմի հայտարարված քանակով ավելի մեծ են եղել։ Այս զորավարժությունը ներգրավված զինտեխնիկայի առումով գրեթե նույնն է` չնայած անցած տարի եղել է ավիացիոն ուժերի մինչև 50 միավորի ներգրավում։ Այս տարի 20 միավոր էր»,– ասաց Տարոն Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` այս զորավարժության հիմնական առանձնահատկությունը դրա հարձակողական բնույթն է, քանի որ նախկինում զորավարժությունների սցենարները հակահարձակողական բնույթ են կրել։

«Սա հայտարարված հարձակողական սցենար է` պայմանական թշնամու դեմ։ Եվ հասկանալի է, որ այս դեպքում պայմանական թշնամին առավելապես հենց Արցախի պաշտպանական բանակն է։ Հայտարարել են, որ զորավարժությունն ավարտվելու է պաշտպանության ճեղքմամբ, ինչպես նաև հրթիռային հարվածներով ռազմական օբյեկտները վնասազերծելու գործողություններով։ Ամենայն հավանականությամբ, կներգրավվեն նաև հեռահար հրթիռային համալիրներ, միգուցե` «Պոլոնեզ» համակարգեր և LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ։ Բայց վերջիններիս մարտական կրակով դրվագներ կխաղարկվեն, թե ոչ, այնքան էլ պարզ չէ»,– ասաց փորձագետը։

Սա, ըստ Հովհաննիսյանի, վկայում է, որ Ադրբեջանը չի փոխում իր մարտավարությունն ու ագրեսիվ կեցվածքը։

Փորձագետի համոզմամբ, շփման գծում նման քանակով զինտեխնիկայի կուտակման պարագայում հայկական կողմն ու, մասնավորապես Արցախի պաշտպանության բանակը պետք է համապատասխան մարտական պատրաստության բերվեն։

«Հավանականությունը ցածր է, որ նման զորավարժությունների ժամանակ ակնհայտ ռազմական ագրեսիայի կգնան, քան այն դեպքերում, երբ դա նախապես չի հայտարարվում։ Ինչպես 2016-ի դեպքում, երբ հանկարծակիի են փորձում բերել»,– ասաց նա։

Ու թեև զորավարժության ընթացքում Ադրբեջանի կողմից հայկական դիրքերի վրա հարձակումը փորձագետն անհավանական է համարում, բայց ագրեսիվ հռետորաբանությունը, նրա համոզմամբ, վկայում է, որ Ադրբեջանը չի փոխել իր կեցվածքը, շարունակում է չկատարել միջազգային պարտավորությունները` ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Տեսանյութեր

Լրահոս