«Հակառակ դեպքում գաղութատիրական երկրների կնմանվենք, երբ երկու երկրներ որոշում են երրորդ երկրի ճակատագիրը»

«Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն արտացոլում է համանախագահների կարծիքը: Բանակցային գործընթացում կարող են հնչել տարբեր առաջարկներ ու մոտեցումներ, բայց հայտնի է ՀՀ վարչապետի պաշտոնական դիրքորոշումը, որ հակամարտության կարգավորման և բանակցային գործընթացի հիմքում պետք է լինեն այնպիսի մոտեցումներ, որոնք պետք է ընդունելի լինեն և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի ժողովրդի համար»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը:

Ըստ նրա՝ գործընթացը շարունակվում է, ընտրված է ՄԽ եռանախագահների ձևաչափը, իրենք արտացոլում են իրենց դիրքորորշումը հարցի վերաբերյալ, և դրական է այն, որ կողմերին կոչ են անում հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ, ՄԱԿ-ի սկզբունքների հիման վրա.

«Նման հայտարարություններ արվել են նաև նախկինում, պետք չի կոնտեքստից կտրել ու այն ներկայացնել հեղափոխական: Դա դիվանագիտական հայտարարություն է, թավշյա հեղափոխությունից հետո բնական է, որ ինչ-որ բան պետք է փոխվի բանակցային գործընթացում: Ես հայտարարությունը գնահատում եմ՝ որպես փաստ, նախևառաջ՝ այն չպետք է կտրել կոնտեքստից և ամբողջ բանակցային գործընթացից, որևէ դրույթ դրանում չի խոչընդոտում Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար»:

Վ. Վարդանյանը նշեց, որ ցանկացած փորձ՝ տեղափոխելու բանակցային գործընթացն այլ ձևաչափի, անընդունելի է, մանդատը ՄԽ համանախագահողներինն է: Նրա կարծիքով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը և՛ մտահոգիչ է, և՛ ոչ.

«Մտահոգիչ է, որովհետև կարծես լրացուցիչ ներքաղաքական լարվածություն է ստեղծել, մտահոգիչ չէ, որովհետև ՄԽ շրջանակներում աշխատանքները շարունակվելու են: Պետք է չմոռանալ, որ գործ ունենք հերթական միջնորդական խմբի հետ, որի առաջակները պետք է ընդունելի լինեն հակամարտող կողմերի համար: Դրական է, որ ՄԽ համանախագահությունը շարունակում է իր աշխատանքը»:

Վարդանյանը նկատեց, որ մի փոքր անտրամաբանական է փորձել բանակցել Արցախի հարցի վերաբերյալ՝ առանց իր մասնակցության, և պետք է չմոռանալ, որ խոսքը ժողովրդի ինքնորոշման մասին է: Ըստ նրա՝ եթե ուզում ենք հարատև խաղաղություն, բոլորի համար ընդունելի լուծում, պետք է հաշվի առնել Արցախի ժողովրդի ձայնը, և որևէ մեկն իրավունք չունի որոշում ընդունել՝ առանց հաշվի առնելու այդ տարածքում ապրող ժողովրդի ձայնը: Նա հիշեցրեց, որ մշտապես խոսվել է, որ լուծումը, որն ընդունելի կլինի ՀՀ-ի համար, նախևառաջ պետք է ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար. «Նույն բանի մասին է խոսքը»:
Պատգամավորի կարծիքով, խոսքը ՄԽ ձևաչափի մասին է, և մենք գործ ունենք ոչ թե տարածքային վեճի հետ, այլ պետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ:
«Հնարավո՞ր է արդյոք որևէ սուբյեկտի կարգավիճակ որոշել, և այդ որոշումը լինի կայուն ու երկարատև, առանց այդ սուբյեկտի կարծիքը հարցնելու: Թե ինչպես պետք է Արցախը մասնակցի, դա այլ հարց է: Հակառակ դեպքում գաղութատիրական երկրների կնմանվենք, երբ երկու երկրներ որոշում են երրորդ երկրի ճակատագիրը»,- ասաց Վարդանյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս