Բաժիններ՝

«Մեղադրանքը հիմնավոր չէ ոչ իրավական, ոչ փաստական առումով». պաշտպանը՝ Երանոսյանի մեղադրանքի մասին

Այսօր ավարտվում է ՀՀ նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի գործին ծանոթանալու համար տրամադրված ժամկետը։ Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանի գնահատմամբ՝ մեղադրանքը հիմնավոր չէ. «Միայն կարող եմ ասել, որ մեղադրանքը հիմնավոր չէ ոչ իրավական, ոչ փաստական առումով»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ այսօր՝ մինչ օրվա վերջ, միջնորդություն կներկայացնեն ՀՔԾ՝ մի քանի պահանջով, որոնց մասին պաշտպանն ավելի ուշ կհայտնի։

Հիշեցնենք, որ Լեւոն Երանոսյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով։ Խոսքը վերաբերում է պաշտոնական լիազորություններն անցնելուն, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով եւ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ 2-րդ մասով նախատեսվում է առավելագույնը 3, իսկ 3-րդ մասով՝ 6-10 տարով ազարազրկում՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նշենք, որ Լևոն Երանոսյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս