Երևանում մեկնարկեց Արևելյան գործընկերության 6 երկրներում իրականացվող EU4Digital ծրագիրը
Եվրոպական միությունը «ԵՄ-ն թվային օրակարգի համար» տարածաշրջանային նախաձեռնության շրջանակում կաջակցի Հայաստանում թվային տնտեսության առանցքային ոլորտների զարգացմանը: Մարտի 7-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տրվեց նախաձեռնության պաշտոնական մեկնարկը:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Միասնական թվային շուկայի հարցերով հանձնակատար Անդրուս Անսիփը հույս հայտնեց, որ այս ծրագրից կշահի ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ տարածաշրջանը:
«Վերջին տարիների ընթացքում թվային զարգացումները բավական արագընթաց էին տարածաշրջանում և Հայաստանում նույնպես, ու Հայաստանը շատ լուրջ հաջողություններ արձանագրեց այս ոլորտում: Կարծում եմ՝ այս ոլորտում կարևոր ձեռքբերումը թվային ինքնության հատկացումն է, և Հայաստանն այդ գործողությունն արդեն իրականացրել է»,- նշեց Անսիփը:
Ծրագրի ընդհանուր բյուջեն 12 մլն եվրո է, որն էլ Արևելյան գործընկերության 6 երկրների մեջ բաշխվելու է ըստ ներկայացված ծրագրերի որակի:
«Հայաստանը ԵՄ-ի կողմից Արևելյան գործընկերության երկրներին տրամադրված աջակցության շրջանակներում իր նախագծերով ավելի լավ դիրքում է, և ավելի շատ գումարների է արժանացել, քան Արևելյան գործակալության առավել մեծ երկիրը՝ Ուկրաինան»,- ասաց Անդրուս Անսիփը:
«ԵՄ-ն թվային օրակարգի համար» տարածաշրջանային նախաձեռնության ծրագրի տևողությունը 36 ամիս է, այն կամփոփվի 2021թ. դեկտեմբերի 31-ին: