Ըստ Փաշինյանի՝ հանրությունն ընկալել է կառավարության կառուցվածքի իրենց փոփոխությունները
Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Նա նշեց, որ կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետներից և նախարարներից: Կառավարության կառուցվածքում ընդգրկվում են հետևյալ նախարարությունները.
1) Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը,
2) Առողջապահության նախարարությունը,
3) Արդարադատության նախարարությունը,
4) Արտակարգ իրավիճակների նախարարությունը,
5) Արտաքին գործերի նախարարությունը,
6) Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը,
7) Շրջակա միջավայրի նախարարությունը,
8) Պաշտպանության նախարարությունը,
9) Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը,
10) Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը,
11) Էկոնոմիկայի նախարարությունը,
12) Ֆինանսների նախարարությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախագիծը հիմնականում ընկալված է հանրության կողմից.
«Մեր խնդիրը պետական կառավարման արդյունավետությունը բարձրացնելն է, այդ թվում՝ սփյուռքի հետ հարաբերությունների արդյունավետությունը բարձրացնելն է, որովհետև այսօր շատ լուրջ խոցեր ենք տեսնում, բայց գնալու ենք հանդարտ ճանապարհով: Մենք, այսպես ասած, կադրային ջարդ այս պրոցեսի ընթացքում չենք ունենալու: Նախարարություններն իրենց հաստիքներով կոնսոլիդացվելու են, ինչը չի նշանակում, որ շարունակելու են այդպես մնալ, այո՛, լինելու են կրճատումներ, բայց դրանք լինելու են էվոլյուցիոն ճանապարհով, և յուրաքանչյուր պետական ծառայող իր շանսն է ստանալու: Այս գնահատումը պետք է տեղի ունենա օբյեկտիվ, ու պետք է լինենք մաքսիմալ շրջահայաց, որ հասնենք պետական կառավարման արդյունավետության բարձրացմանը: Այդ խնդիրը մենք չեն կարող լուծել փակ աչքերով ու ուղղակի նախարարությունները կրճատելով»:
Ն.Փաշինյանը յուրաքանչյուրի առաջ խնդիր դրեց՝ վերանայել սեփական աշխատանքն ու բաժնի, վարչության աշխատանքը, ընդհանրապես այդ նախարարությունների աշխատանքի որակը:
Ըստ նրա՝ առաջիկայում ոչ պոպուլյար խնդիր պետք է լուծեն, որ պետական համակարգում պետք է աշխատեն բարձր որակավորված կադրեր: Նրա կարծիքով՝ այսօր խնդիր կա բարձր որակավորված կադրերի, և պարգևավճարների խնդիրն էլ այդտեղից է գալիս, այսօր կա կադրերի արտահոսք, քանի որ նախկինում եղել են տարբեր վճարման ճանապարհներ, բայց այսօր դա չկա, և ինչ ստանում է աշխատողը, այն պետք է գրանցված լինի.
«Այստեղից են ծագում պարգևավճարային սկանդալները, և դա շատ լավ առիթ է՝ կարևոր խոսակցություն ունենալու համար, թե ովքեր են պետական ծառայողները, արդյո՞ք դա պետք է նշանակի երկրորդ, երրորդ կարգի աշխատանք, թե՞ պետք է նշանակի առաջին կարգի աշխատանք»:
Ն. Փաշինյանը նշեց, որ այս թեմաները պետք է մաքսիմալ բաց ու թափանցիկ քննարկել, բայց պետք է հանդարտ քննարկել, և կա հանրային համաձայնության հասնելու խնդիր: Վարչապետի կարծիքով՝ պրոցեսի ամենավերջում յուրաքանչյուր պետական կառավարման մարմին պետք է լինի այնպիսին, որ բարդագույն խնդիրներ լուծելու ի վիճակի լինի, ինչի համար պետք է պետական կառավարման համակարգում աշխատեն առաջնակարգ մասնագետներ, որոնք պետք է առաջնակարգ մասնագետին հարիր աշխատավարձ ստանան, բայց սա չպետք է լինի միանգամից, պետք է լինի փուլային գործընթաց:
Փաշինյանը կարևորեց փորձագիտական կարողությունների զարգացումը: Ըստ նրա՝ կառավարությունն իր ծրագրերի իրականացման համար պետք է ներգրավի օտարերկրյա փորձագետների, բայց նաև տեղական փորձագետներ պետք է ներգրավվեն:
«Այս պրոցեսը հեշտ չի, բազմաթիվ խնդիրներ են ծագելու, որոնք համբերատար լուծելով՝ պետք է գնանք առաջ»,- ասաց Ն.Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս պրոցեսի ընթացքում պետական համակարգում պետք է մնան լավագույնները: