Բաժիններ՝

Huawei-ի` Կանադայում ձերբակալված ֆինանսական տնօրենը դատի է տվել երկրի իշխանություններին

Huawei Technologies-ի ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուն, որը 2018 թվականի վերջին ձերբակալվել էր Կանադայում, դատի է տվել երկրի իշխանություններին, ոստիկանությանը եւ սահմանապահներին՝ նրանց մեղադրելով ձերբակալության ժամանակ իր իրավունքները խախտելու մեջ։

Ինչպես գրում է Dow Jones-ը, թոփ-մենեջերը հայց է ներկայացրել Բրիտանական Կոլումբիայի նահանգի Գերագույն դատարան՝ պահանջելով անօրինական ճանաչել 2018 թվականի դեկտեմբերին իր ձերբակալությունը, հարցաքննությունն ու խուզարկությունը Վանկուվերի օդանավակայանում: Նաեւ նա բողոքել է փաստաբանի ծառայություններից օգտվելու իր իրավունքը խախտելու համար:

Մեն Վանչժոուն, մասնավորապես նշում է, որ իրեն ձերբակալել են Հոնկոնգից Վանկուվեր ժամանելուց անմիջապես հետո՝ փաստաթղթերի ստուգման կեղծ պատրվակով: Նրան պարտադրել են իրավապահ մարմինների աշխատակիցներին հանձնել ուղեբեռը եւ էլեկտրոնային բոլոր սարքերը, ինչպես նաեւ դրանց նշանաբառերը:

Ինչպես հաղորդվել է, 2018 թվականի դեկտեմբերի 1-ին Huawei-ի ֆինանսական տնօրենը եւ հիմնադրի դուստրը՝ Մեն Վանչժոուն, Կանադայում ԱՄՆ-ի պահանջով ձերբակալվել է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների խախտման գործի կապակցությամբ: Դեկտեմբերի 6-ին որոշում է ընդունվել նրան ձերբակալելու մասին: Դրանից հետո նա գրավի դիմաց բաց է թողնվել եւ մնում է Վանկուվերում:

Մարտի 1-ին սկսվել է Մեն Վանչժոուին ԱՄՆ-ին արտահանձնելու գործընթացը: Այն տեղի է ունենում դատարանի մասնակցությամբ, եւ եթե դատարանը որոշի, որ նրան իրոք պետք է արտահանձնել, ապա դրանից հետո արտահանձնման վերաբերյալ վերջնական որոշումը կընդունի Կանադայի արդարադատության նախարարը:

Արտահանձնման շուրջ լսումների ամսաթիվը կնշանակվի մարտի 6-ին: Փորձագետները նշում են, որ գործը կարող է ձգձգվել մի քանի տարի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս