Ռուբեն Սաղաթելյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից
«Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Սաղաթելյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի անդամ Վարագ Սիսեռյանը։
«Ռուբեն Սաղաթելյանը մեզ հետ չի համաձայնեցրել Չինաստանի քաղաքացիների՝ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի տարածք մուտք գործելը և փաստացի զբաղվել է ինքնագործունեությամբ։ Մենք դա ճշտել ենք և այս պահին ձեռնարկել ենք Ռուբեն Սաղաթելյանին «Շանսի-Նաիրիտի» տնօրենների խորհրդից հեռացնելու գործընթաց»,- ասաց Վ.Սիսեռյանը՝ նշելով, որ Սաղաթելյանը տակավին կշարունակի աշխատել «Շանսի-Նաիրիտում», բայց այդ հարցն էլ կլուծվի ապրիլի սկզբին, երբ Չինաստանում կայանալու է համատեղ ձեռնարկության խորհրդի տարեկան ժողովը, որին մասնակցելու է նաև հայկական պատվիրակությունը։
Ըստ նրա՝ Ռ.Սաղաթելյանին կփոխարինի ՀՀ կառավարության ներկայացուցիչ, որպեսզի հետայսու այսպիսի խնդիրներ չլինեն։ Քրեական գործ կամ այլ պատասխանատվության միջոց Սաղաթելյանին չի սպասում։
«Հարցն ավելի բարոյական հարթությունում է, որովհետև Սաղաթելյանն այդ այցը փաստացի համաձայնեցրել է սնանկության կառավարչի հետ, բայց դա չի նշանակում, որ ինքը չպետք է ստանար կառավարության կարծիքը կամ տեղեկացներ մեզ»,- հավելեց Վ.Սիսեռյանը։
«Նաիրիտ» գործարանի պարտատերերի ժողովի, սնանկության կառավարչի առաջարկը, որ սարքավորումները պարտքի դիմաց ընդունեն ի պահ, Սիսեռյանը խոստացավ մեկնաբանել ավելի ուշ՝ նշելով, որ նոր է ծանոթացել խնդրին, պետք է ուսումնասիրի։
«Շանսի-Նաիրիտի» աշխատանքի ու Հայաստանին այնտեղից հասանելիք շահույթի վերաբերյալ հարցերը Վ.Սիսեռյանը կրկին խոստացավ մեկնաբանել ավելի ուշ՝ Չինաստանից վերադառնալուց հետո։
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Վ.Սիսեռյանը հայտարարել էր, որ Չինաստանի քաղաքացիները «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի տարածք են մուտք գործել Գործարանի նախկին տնօրեն, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Սաղաթելյանի միջնորդությամբ և գործարանի սնանկության գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանի թույլտվությամբ, սակայն Ռուբեն Սաղաթելյանն իր այս գործողությունները չի համաձայնեցրել ՀՁ-ի տնօրենների խորհրդի և ՀՀ կառավարության հետ ու փաստացի զբաղվել է ինքնագործունեությամբ:
«Լրացուցիչ քննարկումներից հետո հնարավոր է, որ սահմանված կարգով նախաձեռնվի ՀՁ-ի տնօրենների խորհրդի կազմից Ռուբեն Սաղաթելյանին հանելու գործընթաց: Բացի այդ՝ այս միջադեպի հետ կապված տեղեկատվությունը հանձնվելու է պատկան մարմիններին, որպեսզի պարզեն՝ արդյո՞ք այս գործողություններում առկա է հանցակազմ»,- ասել էր նա: