Բաժիններ՝

«Կառավարությունը ներկայումս որևէ լիազորություն չունի. հորդորում եմ կառավարության անդամներին՝ «Նաիրիտի» մասին խոսելիս զսպվածություն և խոհեմություն ցուցաբերել». Սնանկության կառավարիչ

168.am-ի` «Ի՞նչ հիմքով են չինացիները մուտք գործել ռազմավարական նշանակություն ունեցող «Նաիրիտ» գործարան. ահազանգ. հրավիրում են ԱԱԾ-ի ուշադրությունը» վերտառությամբ հրապարակումից հետո, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատակազմի ղեկավար, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի անդամ Վարագ Սիսեռյանը հայտարարեց, որ Չինաստանի քաղաքացիները «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի տարածք են մուտք գործել գործարանի նախկին տնօրեն, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության (ՀՁ) տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Սաղաթելյանի միջնորդությամբ և գործարանի սնանկության գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանի թույյլտվությամբ:

Այդ գործողությունները չէին համաձայնեցվել ՀՀ կառավարության հետ: Սիսեռյանը դա բնորոշել էր՝ որպես «ինքնագործունեություն»:

Սնանկության կառավարիչ Կարեն Ասատրյանը 168.am-ին հայտարարեց, որ կառավարությունը ներկայումս որևէ լիազորություն չունի «Նաիրիտի» հարցում:

«Ես հորդորում եմ կառավարության անդամներին՝ «Նաիրիտի» մասին խոսելիս զսպվածություն և խոհեմություն ցուցաբերել: Ի՞նչ իրավական ակտով կամ նորմով է արգելվում որևիցե հավանական ներդրողի հետ ճանաչողական հանդիպում անցկացնելը կամ խոսելը: Ես չգիտեմ նման նորմ: Իսկ այսօր փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը փոքր պաշտոն չի»,- ասաց նա:

«Ինչո՞ւ է նաիրիտցիների համակարգող խմբին կառավարության հետ համաձայնեցված աուդիտ իրականացնելու համար ԱԱԾ-ի թույլտվություն պահանջվել» հարցին Կ.Ասատրյանը պատասխանեց.

«Կոնկրետ այդ խումբը որոշակի գործողություններ պիտի աներ, նրանց մուտքը չի արգելվել, ուղղակի պիտի համաձայնեցվեր: Սարքավորումների ուսումնասիրությունը բավականին ժամանակ՝ մոտ 2 ամիս էր պահանջում, և նրանք դրսի մարդիկ էին: Նրանց  կոնկրետ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն էր լիազորել: Իսկ այստեղ պահվում են հրդեհավտանգ, պայթյունավտանգ նյութեր, և, եթե որևէ չճշտված անձի մուտք է այստեղ լինում, պետք է տեղյակ պահվի ԱԱԾ-ին, ոչ թե թույլտվություն տրվի, այլ կարծիք հայտնվի, որովհետև շատ մեծ քանակությամբ վտանգավոր նյութեր կան: Իսկ չինացիներն ընդամենը երկու օրով էին եկել, երկու հոգի էին, մասնագետներ չէին, մեկը թարգմանիչ էր, մյուսը՝ ֆիրմայի ղեկավար:

Ընդհանրապես նրանք ՀՀ-ում առաջին անգամ էին, ճանաչողական այց էր, մարդիկ ուզում էին հասկանալ, թե Հայաստանն իրենից ի՞նչ է ներկայացնում, ի՞նչ ձեռնարկություններ կան, ո՞ր ոլորտներում կարող են ընդհանուր ներդրումներ լինել: Փորձել ենք ներկայացնել մեր իրականությունը, որ բավականին լավ ներդրումային դաշտ ունենք, կառավարությունն աջակցում է, և մենք ուղղորդել ենք իրենց, որ գնան նաև կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպեն: Իրենց դեսպանի հետ կապ են հաստատել, բայց չի ստացվել կառավարությունում հանդիպում ունենալ»:

Թե ո՞րն է եղել կոնկրետ «Նաիրիտ» գնալու չինացիների նպատակը, կաուչուկի արտադրության բութադիենային տեխնոլոգիայի վաճառքի հարց քննարկվե՞լ է, Կ.Ասատրյանը նշեց, որ նրանց ընկերությունը կաուչուկի պահանջարկ ունի, և ուզում էին հասկանալ՝ արդյոք հնարավո՞ր է ապագայում, երբ «Նաիրիտը» գործարկվի, արտադրանքը ձեռք բերել, որքանո՞վ է դա ռեալ, կամ հնարավո՞ր են համատեղ ծրագրեր. «Պաշտոնական ոչ մի փաստաթուղթ, ոչ մի բան չի եղել, ուղղակի ճանաչողական այց է եղել երկու օրով: Ասել ենք, որ գործարանը կանգնած է 7-8 տարի, բայց վերագործարկման հնարավորություն կա, և, եթե այս պահին էլ ներդրումային ծրագիր լինի, կառավարությունը կքննարկի: Իրենց շատ հետաքրքրում էր համատեղ ձեռնարկության կարգավիճակը, հնարավո՞ր է ունենալ, թե՞ ոչ: Խորը քննարկում չի եղել: Իսկ բութադիենային տեխնոլոգիայի հարց չի դրվել, արտադրական որևէ հարց չի խոսվել: Իրենց միանշանակ նաև ասվել է, որ ես էստեղ, 2 տարուց ավելի է՝ կառավարիչ եմ, այս ընթացքում բացառվել է նույնիսկ որևէ սարքավորում օտարերկրացիներին վաճառելը»:

Կ.Ասատրյանի խոսքով՝ «Նաիրիտի» հարցը շատ զգայուն ու նուրբ է, և այն շահարկումները, որ անտեղի բաց են թողնվում, մեծ ռեզոնանս են ունենում ոչ միայն Հայաստանում.

«Հիմա Չինաստանի դեսպանատունն ի՞նչ արձագանք կտա, իր բիզնես կարգի ներկայացուցիչների գնալուց հետո նման աղմուկ է բարձրացվում, «чуть ли не» դիվերսանտներ են եկել, մենք էլ պետական գաղտնիք ենք վաճառում: Ես կարծում եմ, որ, եթե մի քիչ ավելի լրջանա էս քննարկումը, Չինաստանի կառավարությունը կարող է բացատրություն պահանջել, թե ինչ է կատարվում: ՀՀ վարչապետն ամբողջ աշխարհով ներդրումներ է փնտրում, մարդիկ գալիս են՝ հասկանան՝ Հայաստանն իրենից ինչ է ներկայացնում, մենք էլ խրտնեցնում ենք»:

Կ.Ասատրյանը հերքեց, որ գործարանում սնանկության վարույթի շրջանակներում  իրացվում են այնպիսի սարքավորումներ, առանց որոնց հետագայում գործարանի վերագործարկումն անհնար կլինի.

«Սնանկության վարույթի շրջանակներում միակ ֆինանսական միջոցներ հայթայթելու աղբյուրը, որով պետք է մարվի պահանջները, իսկ այստեղ, բացի ԱԻՆ-ի աշխատակիցներից, ևս 138 հոգի է աշխատում, նրանց աշխատավարձը պետք է տրվի, կոմունալ ծառայություն, անվտանգության ծառայություն և այլն, եթե գույք չվաճառվի, էդ փողերը որտեղի՞ց կտաս: Կառավարությունը միայն ԱԻՆ-ի աշխատակիցներին է վճարում:

Ընդհանուր 250 աշխատակից ունենք, որից 112-ը տեխնիկական անվտանգության համակարգի աշխատողներ են, ներառված են ԱԻՆ-ի կազմում, մնացած մոտ 130 հոգի իմ վզին նստած ժողովուրդ են, ես եմ նրանց վարձատում: Եվ այս երկու տարուց ավելի ինձ հաջողվել է ոչ միայն նրանց պարբերական ամսական վճարումներն ապահովել, այլև մարել բոլորի՝ մոտ 260 հոգու, չորս ամսվա կուտակված աշխատավարձերը, խեղված մարդկանց բոլոր պարտքերը, նաև հարյուրավոր միլիոն դրամներ ես բյուջե եմ վճարել հարկերի տեսքով: Այդ գումարները, շատ ներողություն, որտեղի՞ց:

Եթե «Նաիրիտը» սնանկ է, ոչ մի ներդրող ու դրամական միջոցի աղբյուր չունի, դա ինչպե՞ս պետք է արվի: Ի վերջո, սնանկության մասին օրենքը սահմանում է հետևյալ դրույթները՝ լուծարման վարույթ սկսելուց հետո, իսկ մենք 2017թ. փետրվար-մարտից լուծարման վարույթում ենք, պարտապանի՝ «Նաիրիտի» անունից կարող է հանդես գալ բացառապես կառավարիչը: Եվ այս դեպքում, եթե կառավարության որոշ անդամներ իրենց իրավունք են վերապահում «Նաիրիտի» անունից հանդես գալ, իրենք խախտում են օրենքը: Լուծարման վարույթ սկսելուց հետո պարտապանների պահանջները բավարարելու և պահպանման ու այլ ծախսերը հոգալու համար իրականացվում է գույքի վաճառք: Այսինքն՝ նույնիսկ սահմանափակված չէ, թե ինչը պետք է վաճառվի, ինչը՝ ոչ:

Բայց ես հաշվի եմ առել, որ այստեղ հնարավոր է առանձին արտադրական միավորումներ, սարքավորումներ վաղը-մյուս օրը, եթե միասնական համալիր չաշխատի, նույնիսկ մասնակի վերագործարկվի, գոնե դրանք պահենք, Հայաստանից դուրս չհանենք, այն, ինչը պետք չի, դրանք վաճառենք, հետո հասկանանք, թե մնացածն ինչ ենք անում»:

Կ.Ասատրյանը նշեց, որ անցած տարի հոկտեմբերին պարտատերերի խորհրդի նիստ է հրավիրել՝ առաջարկելով պարտքի դիմաց վերցնել սարքավորումները. «Պարտատերերի խորհրդում, որի 80%-ը պետական ձեռնարկություներ են, այսինքն՝ ըստ էության պետությունն է, ասվել է, որ ունեն 100 մլն դոլար պահանջի իրավունք, չհաշված ամենամեծ պարտքը, որի դիմաց անշարժ գույքն է գրավադրվել, և հիմա հասել ենք այն փուլին, որ կա՛մ սարքավորումները պետք է վաճառքի հանվեն, որոնք հետագայում վերագործարկման համար կարող է պետք գան, կա՛մ օգտվեն օրենքով սահմանված իրավունքից և պարտքի դիմաց վերցնեն սարքավորումները, ապահովեն դրանց պահպանությունը, իսկ վաղը պետությունը կորոշի՝ ներդրումային ծրագի՞ր անել, վերագործարկե՞լ, թե՞ ինչ:

Օրենքով լիիրավ պետության սեփականության տակ կանցնի գործարանը, պետությունն էլ ազատ կլինի գործարքների մեջ: Այս ամսի 18-ին խորհուրդը պետք է որոշում կայացնի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս