Բաժիններ՝

Սա ծանոթ-բարեկամական հարաբերությունների՞ արդյունք է, օրենքի չիմացությա՞ն, հովանավորչությա՞ն… բաց նամակ

 ԲԱՑ ՆԱՄԱԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ Ն. ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ Ա. ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՊԱՐՈՆ Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՅԳԵՁՈՐ 41 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՏԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ Լ. ՄԵԼԻՔՅԱՆԻՑ

Մեծարգո պարոն վարչապետ, Ազգային ժողովի նախագահ և Երևան քաղաքի քաղաքապետ,

Դիմում եմ Ձեզ որպես մի մարդ, որն իրապես հավատում է, որ երկրում իրավիճակ է փոխվել, որ անօրինություններն ու ապօրինություններն այլևս տեղ չունեն մեր երկրում:

Ստիպված եմ գրել այս նամակը, քանի որ 2018թ.-ի նոյեմբերի 20-ից Երևան քաղաքի քաղաքապետարանի հետ իմ խնդրի շուրջ երկարատև նամակագրական կապի արդյունքում հասկացա, որ այս կառույցում դեռևս լուրջ խնդիրներ կան քաղաքացու իրավունքների իրացման և արդարության սկզբունքների հետ կապված:

2018թ.-ի նոյեմբեր ամսին դիմել եմ քաղաքապետարան (20.11.2018 թհ.Մ-10464 դիմում)՝տեղեկացնելով, որ ինձ սեփականության իրավունքով պատկանող Այգեձոր 41 հասցեում գտնվող տան հարևանությամբ կառուցվում է նոր տուն, որի կառուցապատողը չի պահպանել օրենքով սահմանված հեռավորության պահանջը և առանց իմ համաձայնությանիր տանպատը կպցրել է իմ տան պատին՝արգելափակելով իմ առանց այն էլ կիսանկուղային տան պատուհաններից ներթափանցող արևի լույսը թե տանս ճակատային և թե հետևային կողմերից: Նամակումս խնդրել եմ ստեղծել մասնագետների խումբ, ովքեր կգնահատեն քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվության օրինականությունը, այն է՝ արդյոք շինթույլտվության մեջ հաշվի են առնված օրենքով սահմանված ինսուլացիոն նորմերը, և արդյոք խախտված և ոտնահարված չեն իմ՝ որպես անմիջական հարևանի իրավունքներն ու շահերը:

Նամակս քաղաքապետի կողմից մակագրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ պարոն Ռ. Դարբինյանին, որին էլ հետևել է այս անհավանական նամակագրության պատմությունն ըստ ներքոնշյալ բովանդակային փուլերի:

ՓՈՒԼ 1

Նոյեմբերի 30-ին ստացա պարոն Ռ. Դարբինյանի պատասխան նամակը, որը կարդալիս տպավորություն ստեղծվեց, որ պարոն Դարբինյանը ոչ թե պատասխանել է իմ նամակին ըստ բարձրացված խնդրի և բովանդակության, այլ ուղղակի պահպանել է քաղաքացիների նամակներին պատասխանելու՝օրենքով սահմանված 10-օրյա ժամկետը և ուղղակի ինչ-որ պատասխան է գրել, որը որևէ առնչություն չունի իմ կողմից բարձրացված հարցերի հետ:

Պատասխանից հասկացա,որ երկար ճանապարհ ունեմ անցնելու քաղաքապետարանի հետ, բայց որոշեցի, որ պատրաստ եմ անցնել այդ ճանապարհը, քանի որ ոտնահարված են իմ իրավունքները, և երկրում ստեղծված նոր իրավիճակի պայմաններում ես պետք է հասնեմ արդարության վերականգնմանը:

Քաղաքապետարանից ստացված պատասխան նամակից ստացած տպավորությանս մասին իմ՝ 07 դեկտեմբեր 2018թ.-ին գրված նամակում կիսվեցի քաղաքապետարանի հետ: Կարդալով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրությունը՝ նամակումս նշեցի նաև, թե քաղաքապետարանի աշխատակազմի կանոնադրության կոնկրետ որ գործառույթներն են, որ պետք է հիմք հանդիսանային, որ իմ՝ որպես Երևանի բնակչի (ում իրավունքները կոպտորեն ոտնահարվել են՝ քաղաքապետարանի կողմից կառուցապատողին տալով անօրինական շինթույլտվություն) կողմից բարձրացված հարցին տրվի սպառիչ պատասխան և լուծում:

ՓՈՒԼ 2

Ի պատասխան իմ 07 դեկտեմբեր 2018թ.-ին գրված նամակի՝ ստացա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ պարոնՌ. Դարբինյանի՝ 2018թ.-ի դեկտեմբերի 18-ին գրված նամակը:

Պարոն Դարբինյանն էլի անտեսել ու չէր պատասխանել իմ կողմից բարձրացված հարցերին, սակայն նշել էր, որ արդեն հայտնաբերել են նախագծային պահանջներից դուրս՝ կառուցապատողի կողմից 20 քմ մակերեսով քարե պարսպի կառուցման շինարարական աշխատանքներ, որի հետ կապված կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:

Նշում. իրականում անօրինական կառուցված պարիսպը կազմում է ոչ թե 20քմ, ինչպես պարոն Դարբինյանը նշել է իր նամակում, այլ ավելի քան 100 քմ,և այդ ավելի քան 100 քմ անօրինական պարիսպը մինչ այսօր կանգուն է և այն չի քանդվել կառուցապատողի կողմից: Քաղաքապետարանն էլ աչք է փակել և իրավախախտման արձանագրություն կազմելուց բացի հետևողականություն չի ցուցաբերել, որ հավաստիանա, որ իր կողմից կայացված որոշումն ի կատար ածվի, իսկ կառուցապատողն էլ մինչ օրս հանգիստ շարունակում է իր շինարարական աշխատանքները:

 ՓՈՒԼ 3

Տեսնելով, որ պարոն Դարբինյանն իր պատասխան նամակներում համառորեն կամ անտեսում է և/կամ խուսափում է պատասխանել իմ նամակում բարձրացված հարցերին, 2019թ.-ի հունվարի 15-ին երրորդ անգամ եմ դիմել քաղաքապետարան, այս անգամ արդեն համարակալել եմ իմ կողմից բարձրացված հարցերը, հղումներ եմ արել համապատասխան օրենքի համապատասխան կետերին և հոդվածներին, որոնք հիմք են հանդիսանում, որ ես պնդեմ, որ խախտվել են իմ իրավունքները, կետ առ կետ նշել եմ դրանք և խնդրել եմ պարոն Դարբինյանին, պահպանելով հարցերիս համարակալումը, հերթական անգամ չխուսափել և կոնկրետ պատասխանել հարցերիս ըստ հարցերի համարների: Հույս ունեի, որ նման մոտեցման դեպքում պարոն Դարբինյանին չի հաջողվի հերթական անգամ բառախաղի միջոցով խուսափել և չպատասխանել հարցերիս:

Որքան մեծ էր հիասթափությունս՝ 2019թ.-ի հունվարի 25-ին ստացա պարոն Դարբինյանի նամակը և, ավաղ, հարցերիս պատասխանները չկան ու չկան:

Այս անգամ պարոն Դարբինյանն իր նամակում ուղղակի նշումէ, որ կառուցապատողը դիմել է քաղաքապետարան ՝երկու հողակտորներն իրարից տարանջատող պարսպի նախագծման թույլտվության փոփոխման համար, որի առնչությամբ քաղաքապետարանը կառուցապատողից պահանջել է ներկայացնել հարևան հողամասի սեփականատիրոջ համաձայնությունը:

Պարոն Դարբինյանն իր նամակում նաև նշում է, որ ինչ վերաբերում է իմ կողմից բարձրացված շինարարության անհամապատասխանությանը շինարարական նորմերին և կանոններին, ապա տեղեկացնում է, որ դա չի առնչվում Երևանի քաղաքապետարանի գործառույթներին, քանի որ համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինության գործունեության վերահսկողությունն իրականացնում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը: Այսինքն՝ հույսս կտրեմ քաղաքապետարանից և հիմա էլ երկար ու բարակ նամակագրություն սկսեմ պետական կառավարման լիազորված մարմնի հետ:

Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ես իմ նամակում բարձրացնում եմ հարցեր, որոնք վերաբերում են հարևան տան կառուցապատողին տրված շինթույլտվության (շինթույլտվությունը բնականաբար տրվել է քաղաքապետարանի կողմից) մեջ ինսուլացիոն նորմերի չպահպանմանը, և նամակումս հատկապես շեշտադրում եմ իմ տան պատին կպած հարևանի տան պատի կառուցման հարցը, որի հետևանքով տան ճակատային և հետևի մասերում գտնվող սենյակներում արգելափակվել է արևի ներթափանցումը  պատուհաններից դեպի սենյակներ, իսկ պարոն Դարբինյանն իր նամակում համառորեն խոսում է միայն պարսպի մասին:

Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նաև այն փաստի վրա, որ «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը, որին հղում է կատարում պարոն Դարբինյանը իր նամակում,վերաբերում է ոչ թե ինձ, այլ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնին, որը պետք է վերահսկի, որ կառուցապատողի կողմից իրականացվող շինարարական աշխատանքներն ընթանան համաձայն քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծի և շինթույլտվության: Այնինչ իմ կողմից բարձրացված հարցերը կասկածի տակ են դնում քաղաքապետարանի կողմից կառուցապատողին տրված նախագծի և շինթույլտվության օրինականությունը, քանի որ վերջինում հաշվի չեն առնված օրենքով սահմանված շինարարական ինսուլացիոն նորմերը: Կարծում եմ, որ այստեղ առկա է բառախաղի միջոցով քաղաքացուն ապակողմնորոշելու և սխալ ուղղորդելու քաղաքապետարանի ցանկությունը, իսկ եզրակացությունը թողնում եմ Ձեր դատին:

Ձեր դատին եմ թողնում նաև այն ակնհայտ փաստը, որ ոչ բոլոր քաղաքացիները, ովքեր քաղաքապետարան են դիմում ինչ-որ խնդրով, կարող են կամ պարտավոր են կարդալ և հասկանալ իրենց կողմից բարձրացված խնդիրներին վերաբերող օրենքները, որ կարողանան պաշտպանվել քաղաքապետարանի պաշտոնյաների նամակների հղումներից ու սխալ ուղղորդումներից, ուրեմն ինչ է ստացվում…դատեքինքներդ:

Նշում. ապօրինի կառուցված միջհողամասային պարսպի փաստացի բարձրությունը կազմում է մոտ 4 մետր և ստվերում է ինձ պատկանող առանց այն էլ փոքրիկ հողակտորը, և ես չեմ տվել և չեմ տալու իմ համաձայնությունը կառուցապատողին այդ բարձրությամբ պարիսպ կառուցելու համար:

ՓՈՒԼ 4

2019թ.-ի փետրվարի 4-ին արդեն 4-րդ նամակով, սակայն նույն խնդրանքով նորից եմ դիմում քաղաքապետարան: Նամակումս խնդրում եմ վերջապես պատասխանել 4 ամիս շարունակ իմ կողմից բարձրացված հարցերին և համապատասխան փոփոխություններ կատարել քաղաքապետարանի կողմից կառուցապատողին տրված հ.01/18-05/1-Կ-20-19 շին թույլտվության համար հիմք հանդիսացող անօրինական նախագծում, քանի որ այն տրվել է նախկին իշխանության օրոք, և հաշվի չեն առնված օրենքով պահանջվող ինսուլացիոն նորմերը, որի հետևանքով կոպտորեն խախտում են իմ իրավունքները:

Այս անգամ քաղաքապետարանի պատասխանը ֆանտաստիկայի ժանրից էլ էր դուրս: Պարզվում է, որ պարոնԴարբինյանը, ով 4 ամիս շարունակ ինձ նամակներ էր ուղարկում, ի պատասխան իմ նամակների (իրականում ոչ մի պատասխան նամակում չպատասխանելով իմ կողմից բարձրացված հարցերին) այժմ արդեն գտնում է, որ իմ կողմից բարձրացված հարցերը չեն վերաբերում քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությանը, որին քաղաքապետի կողմից պարբերաբար մակագրվում էին իմ նամակները, և իմ նամակը վերահասցեագրում է քաղաքաշինության գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժին, որպեսզի նրանք զբաղվեն իմ խնդրով:

Ահա այստեղ է, որ ստանում եմ ամենաանհավանական պատասխանը, որտեղ վերոնշյալ վարչության բաժնի պետ պարոն Ա. Վարդանյանը գրում է, որ պատակից տեղակայմամբ

մենատան կառուցման համար հարևան տան սեփականատիրոջ համաձայնագիր պարտադիր չէ, քանի որ տան կողային պատի վրա լուսային բացվածքներ չկան:

Օրենքում հստակ սահմանված է հարևան տան պատից կառուցապատվող տան պատի հեռավորությունը անկախ լուսային բացվածքներից, այնէ՝առնվազն 3 մետր հեռավորության պարտադիր պահպանում հարևան տան պատից:

Բացի դրանից, այստեղ խնդիրը միայն հեռավորությունը չէ: Ես իմ բոլոր նամակներում նշում եմ, որ արգելափակվել է իմ տան պատուհաններից արևի ներթափանցումը դեպի սենյակներ, քանի որ կառուցապատողի պատերը ոչ միայն կպած են իմ տան պատին,այլև շատ բարձր են կառուցված և փակում են իմ տան թե լուսավորությունը և թե արևի ներթափանցումը, սակայն քաղաքապետարանի պաշտոնյան խոսում է կողային լուսային բացվածքների մասին:

Փաստորեն քաղաքապետարանի պաշտոնյան իրավասու է որոշելու իմ փոխարեն, որ ես ուզում եմ, որ իմ տան սենյակներում արևի ներթափանցումն արգելափակվի, լուսավորությունը սահմանափակվի, հողամասիս բուսականությունը ստվերվի, և դա հիմնավորում է նրանով, որ իմ համաձայնությունն այդտեղ բոլորովին պարտադիր չէ,և քաղաքապետարանն ինքն է որոշում՝ զրկի՞ ինձ այս ամենից, թե՞ոչ, դե իսկ տվյալ դեպքում իրենք արդեն իմ փոխարեն որոշել են,իսկ հողաբաժանարար պարսպի հետ կապված էլ կորոշեն և էլի առանց իմ համաձայնության:

Ասեմ ավելին, Պարոն Դաբինյանը իր նամակում գրում է, որ պարիսպի նախագծի փոփոխության համար Կառուցապատողը դիմել է քաղաքապետարան շին. թույլտվության վերանայման համար և կառուցապատողից պահանջել են նաև իմ համաձայնագիրը, իսկ Պարոն Վարդանյանը գրում է, որ փոփոխության համար իրենց անհրաժեշտ է միայն ինսուլացիոն հաշվարկ և իմ համաձայնությունը պետք չի: Ես չեմ հասկանում, քաղաքապետարանի տարբեր վարչություններում տարբեր օրենքներ են գործում նույն հարցի վերաբերյալ: Անկախ նրանից, թե ինչ են ասում մեր քաղաքապետարանի հարգարժան չինովնիկները, ես գիտեմ որ իմ համաձայությունը օրենքի պահանջ է և ես դա չեմ տալիս: Խնդրանքս և պահանջս այն է, որ քաղքապետարանը հետևի և պահպանի օրենքը:

Եվ սա քաղաքապետարանի պաշտոնյան ասում է այն դեպքում, երբ Երևան քաղաքում բնակելի շենքի 8-րդ հարկի բնակիչն ուզում է բարելավել իր պայմանները, քաղաքապետարանը շենքի բոլոր բնակիչներից, այդ թվում՝ նաև 1-ին հարկի բնակիչներից, պահանջում է համաձայնություն, իսկ եթե հարևաններից մեկը գտնվում է արտերկրում, ապա

այդ հարցը մնում է օդից կախված: Հուսամ՝ ինձ հաջողվեց ներկայացնել, թե ինչ ծայրահեղությունների մասին ենք խոսում: Արդյոք օրենքը նույնը չէ բոլորի համար, և արդյոք այն հավասարապես չի ազդում բոլորի վրա… դատողությունները թողնում եմ Ձեզ:

Պարոնայք, մեծարգո վարչապետ՝ պարոն Փաշինյան, քաղաքապետ՝ պարոն Մարության, խնդրում եմ Ձեր միջամտությունը հարցի օրինական և արդարացի լուծման համար:

Պարոն վարչապետ, ես հետևում եմ Ձեր ելույթներին և լիովին համաձայն եմ Ձեր այն պնդման հետ, որ ժողովուրդը չպետք է նստի բազմոցին և սպասի, որ խնդիրը ինքնին լուծվի: Տվյալ դեպքում արել եմ ամեն ինչ, որ իմ իրավունքները չչարաշահվեն ոչ կառուցապատողի և ոչ էլ քաղաքապետարանի չինովնիկների կողմից: Ուժերիս սահմանում արել եմ ավելին, քան կարող եմ, սակայն խնդիրս օրենքի սահմանում լուծում չի ստանում… հիմա ի՞նչ անեմ:

Պարոն քաղաքապետ, Ձեր ելույթներին էլ եմ հետևում, դրանցում ասում եք, որ այլևս ծանոթ-բարեկամական հարաբերությունները չեն գործում քաղաքապետարանում: Խնդրում եմ Դուք որակավորեք վերոշարադրյալս. սա ծանոթ-բարեկամական հարաբերությունների՞ արդյունք է, օրենքի չիմացությա՞ն արդյունք է, քաղաքացիների անգրագիտության վրա դեվիդենտներ հավաքելու փորձ է, հովանավորչությա՞ն արդյունք է, նախկինների սխալների վրա նոր սխալներ գործելու ցանկությո՞ւն է, թե՞ աշխատավարձ ստանալու, բայց հարցին լրջորեն չմոտենալու արդյունք է… իսկ միգուցե բոլորն էլ առկա են:

Հարգանքներով՝ Լ. Մելիքյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս