«Մեզ միայն կոկորդիլոսն էր պակասում». բնապահպանները՝ վտանգների մասին
Հայաստանցի գործարարը Տանզանիայից, Քենիայից և աֆրիկյան այլ պետություններից Հայաստան է ներմուծելու կոկորդիլոսի ձվեր:
«Կոկորդիլոսները սկզբում կլինեն Դաշտավան համայնքում կառուցվող հանգստյան, ժամանցի գոտում, այնուհետև կստեղծվի մեծ կոկորդիլոսաբուծարան: Մենք ներկրելու ենք կոկորդիլոսի ձուն, որի մեկ հատն արժե 400 դոլար: Դրանք բերելու ենք բուծարանից, աշխատում ենք 3-4 տարբեր բուծարանների հետ՝ Տանզանիայում, Քենիայում, Ուգան դայում, Զամբիայում: Այնուհետև բերելու ենք նեղոսյան կոկորդիլոսներ: Նպատակն Արարատի մարզի Դաշտավան գյուղում զբոսաշրջային վայր ստեղծելն է»,- այս մասին փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր նախաձեռնության հեղինակ, «Արմոն» ընկերության հիմնադիր, երկրաբան Խաչատուր Սարգսյանը:
«Կոկորդիլոսաբուծարան բացելուց առաջ, կարծում եմ՝ լայնածավալ քննարկում պետք է արվեր՝ ջրային ռեսուրսների օգտագործման հետ կապված: Ներկա պետք է լինեին մասնագետներ՝ տարբեր բնագավառներից: Կոկորդիլոսը մեր միջավայրին շատ անսովոր կենդանի է: Եթե հանկարծ դուրս գա բնություն, ինչպե՞ս կազդի էկոհամակարգի վրա: Տնտեսապես միգուցե շահավետ բիզնես է, բայց էկոլոգիական տեսանկյունից այս ամենը լրջորեն պետք է քննարկվեր, նոր որոշում ընդունեին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
Անդրադառնալով նեղոսյան կոկորդիլոսի ագրեսիվ լինելուն՝ բնապահպանը նկատեց. «Մեզ միայն կոկորդիլոսն էր պակասում»:
Նշենք, որ «Թռչնասերների կենտրոն» հ/կ նախագահ Սիլվա Ադամյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ իրենք բազմազան գիտական գրականություն են ուսումնասիրել և պարզել, որ նեղոսյան կոկորդիլոսն ամենաագրեսիվ տեսակն է:
«Այս տեսակի կոկորդիլոսների մոտ ամենաշատ հարձակումներն են լինում մարդկանց վրա»,- հայտնել էր Սիլվա Ադամյանը:
168.am-ը կապ հաստատեց նաև Դաշտավան համայնքի ղեկավար Վարդգես Խանաղյանի հետ: Հետաքրքրվեցինք՝ արդյոք արդեն հողահատկացում կատարվե՞լ է:
«Դեռ ոչ, չենք հատկացրել: Մենք աճուրդ ենք հայտարարել, չգիտենք՝ ո՞նց կլինի, ի՞նչ կլինի»,- պատասխանեց համայնքի ղեկավարը:
Հավելենք, որ նեղոսյան կոկորդիլոսը Վիքիպեդիայում և կենդանաբանական գրքերում բնութագրվում է՝ որպես Աֆրիկայի ամենամեծ և ամենավտանգավոր սողուն: Շնորհիվ միջավայրի, չափսերի և ուժի՝ կոկորդիլոսը կոչվել է նաև կոկորդիլոս-մարդակեր։ Հին ժամանակներում եղել է վախի և պաշտամունքի առարկա։
Նեղոսյան կոկորդիլոսի մարմնի երկարությունը հասնում է 5 մ-ի, երբեմն՝ մինչև 7 մետրի: Իր չափերով Հարավային Աֆրիկայում բնակվող կոկորդիլոսների երեք տեսակներից ամենամեծն է համարվում, և 2-րդը՝ ամբողջ աշխարում: Մարմնի զանգվածը կշռում է 207-ից մինչև 900 կգ:
Նեղոսյան կոկորդիլոսը ցերեկային կենդանի է: Գիշերը նա անցկացնում է ջրի մեջ, իսկ լուսաբացին դուրս է գալիս ջրից և սկսում է որսը կամ տաքանում արևի շողերի տակ: Կյանքի տևողությունը միջինում հասնում է մինչև 60 տարի, բայց կան որոշ առանձնյակներ, որոնք ապրում են մինչև 80 տարի: Նեղոսյան կոկորդիլոսի կաշին իր որակով ամենաբարձրն է համարվում: Տեսակի թվաքանակը նվազում է որսագողության և արտադրության մեջ օգտագործելու պատճառով:
Անի Կարապետյան