Բաժիններ՝

Ֆրանսիայի ճենապակու ազգային թանգարանից 9,5 միլիոն եվրոյի ցուցանմուշներ են գողացել

Լիմոժի կոմունայում սեպտեմբերի լույս 4-ի գիշերը կողոպտել են  Ֆրանսիայի Ադրիան Դյուբուշեի անվան ճենապակու ազգային թանգարանը: Վնասը գնահատվում է 9,5 միլիոն եվրո: Այս մասին հաղորդել է AFP-ն։

Ըստ գործակալության աղբյուրի թանգարանից գողացվել է չինական ճենապակու 2 նմուշ։

Իր հերթին Paris Match պարբերականի աղբյուրը հայտնել է, որ գողացված ցուցանմուշները, որոնք պատկանում էին մասնավոր անձի, ներկայացված էին չինական ճենապակու ժամանակավոր ցուցահանդեսում:

Միջադեպի մասին հայտնի է դարձել տեղական ժամանակով ժամը 3:30-ի մոտակայքում։ Թանգարանի աշխատակիցները կասկածելի հետքեր են նկատել պատուհաններին: Կատարվում է հետաքննություն: Մասնագետները շարունակում են գնահատել վնասը:

Ադրիան Դյուբուշեի անվան ճենապակու ազգային թանգարանն ունի Լիմոժի ճենապակու՝ աշխարհում ամենամեծ հավաքածուն, ինչպես նաև ներառում է գործեր, որոնք ներկայացնում են խեցեգործության պատմության հիմնական փուլերն անտիկ  ժամանակներից մինչև մեր օրերը: Հավաքածուն պարունակում է 18 000 ցուցանմուշ, որոնցից 5000-ը ներկայում ցուցադրված են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս