«Եթե մի խոստում չի կատարվում, ի՞նչ հույս կա, որ մյուս խոստումները պետք է կատարվեն». Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանի խոստումների մասին
Այսօր ԱԺ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից Էդմոն Մարուքյանն ուշադրություն հրավիրեց, որ կառավարությունն իր ծրագիրը ներկայացրել է, բայց չի ներկայացրել կառավարության կառուցվածքի նախագիծը, որի մոնոպոլ իրավունքը պատկանում է կառավարությանը:
Ըստ նրա՝ կառուցվածքի հետ կապված վեճ կա:
«Այս ամբիոնից դեռևս ամիսներ առաջ պարոն Փաշինյանը՝ որպես վարչապետի թեկնածու, տվել է խոստում, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, նաև այլ մարմիններ կբերվեն կառավարության կառուցվածք՝ նախարարությունների տեսքով: Սակայն անցել են ամիսներ և խոստումը չի կատարվել: Եվ եթե մի խոստում չի կատարվում, ի՞նչ հույս կա, որ մյուս խոստումները պետք է կատարվեն»,- ասաց Մարուքյանը:
Ըստ նրա՝ ավտորիտար համակարգի վերափոխման համար շանսը այսօր է և այն բաց թողնելու դեպքում դա չի արվի:
Կառավարության ծրագրի հետ կապված Մարուքյանը նշեց, որ ինքը կարծում էր, թե հեղափոխությունից հետո հույս ուներ, թե նախորդների մասին քննարկումներ չեն լինի, բայց այսօր տպավորություն ունի, որ այսօրվա պրոբլեմները փորձում են ծածկել:
Է. Մարուքյանի խոսքով՝ հետհեղափոխական կառավարությունը բաղկացած է երկու մասից՝ հեղափոխությանը մասնակցած և չմասնակցած մարդիկ, վերջինները երկրորդային պաշտոններ են զբաղեցրել Սերժ Սարգսյանի օրոք.
«Տնտեսական բլոկը հին կադրերն են, ովքեր չեն հավատում, որ հնարավոր է 5%-ից բարձր աճ ունենալ, դրա համար պարոն վարչապետին ասել են՝ մի գրեք 7%, 8%: Էս մարդիկ ուզում են ապացուցեն, որ Սերժ Սարգսյանի ժամանակ գրված ծրագրերը նորմալ ծրագրեր էին:
Այսինքն՝ առաջին բանը, որ պետք է անի վարչապետը, պետք է ազատվի երկրորդ պլանի խաղացողներից:
Ուրիշ տարբերակ չկա հեղափոխության երազանքները կյանքի կոչելու, որովհետև էդ մարդիկ չեն հավատում և չհավատալով տոռմուզ են անելու»:
Է. Մարուքյանը նշեց, որ անվտանգության հատվածում ևս Սերժ Սարգսյանի ժամանկակ երկրորդ պլանի խաղացողներ են, որոնցով հնարավոր չի հեղափոխությու անել: Նրա խոսքով՝ այս ամենը կառավարությունը պետք է հանդուրժողականությամբ լսի.
«Հանրության սպասումներին չեն համապատասխանում ձեր կառավարության անդամները»:
Նա նկատեց, որ հեղափոխության մասնակցած նախարարներից էլ իրենք գոհ չեն, ընդ որում՝ նրանց թիվն ավելի քիչ է, քան Սերժ Սարգսյանի ժամանակ երկրորդ պլանի խաղացողներից:
«Ասում են՝ ո՞նց կարող է դեմ լինեք: Ժողովո՛ւրդ, լո՞ւրջ եք ասում, կարո՞ղ ա դուք սպասում էիք, որ գաք խորհրդարան ու ընդդիմությունը գովար, քծներ ձեզ ու չլիներ անկեղծ»,- ասաց Մարուքյանը:
Նա նշեց, որ հեղափոխությունից հետո Փաշինյանի ամենաքննադատված քաղաքականությունը կադրային քաղաքականությունն է. «Այս կադրերն ամենօրյա ռեժիմով ազդում են վարչապետի ռեյտինգի վրա, և այդ կադրերով հնարավոր չի անել տնտեսական հեղափոխություն»:
Է.Մարուքյանը հայտարարեց, որ ԼՀ խմբակցությունը դեմ է քվեարկելու և դրա համար բավարար է միայն կառավարության կառուցվածքը: