12 գրքեր ուսանողների ուրախ կյանքի մասին
Բուհ ընդունվելը մի երազանք է, որ վերջապես ի կատար է ածվել և կամ էլ Ձեր հստակ պլանավորված կյանքի հաջորդ քայլն է: Նշանակություն չունի՝ որտեղ է ապրում մարդը. ուրախ-զվարթ հանրակացարանո՞ւմ, որն ասես երբեք քուն չի մտնում, թե՞ վարձով բնակարանում՝ ավելի կազմակերպված կենցաղով, կամ հարազատ տանը, երբ արդեն սովոր ես նախաճաշին ուտել մայրիկի պատրաստած նրբաբլիթները մանկուց քեզ ծանոթ հարազատ սենյակում: Միևնույն է, արդեն չափահաս համարվող մարդու կյանքն անճանաչելիորեն փոխվում է, երբ նա դառնում է ուսանող:
Նոր ընկերներ համակուրսեցիների խառնամբոխում: Անհասկանալի առարկաներ, որոնք օր օրի ավելի ու ավելի հարազատ ու հետաքրքիր են դառնում: Յուրահատուկ գրականության երկար ցանկեր, անքուն գիշերներ՝ կուրսային աշխատանքները գրելու համար, լարվածություն քննություններից առաջ: Նոր տողեր ստուգման գրքույկի մեջ: Քեզ անսպասելիորեն հրավիրում են հաց ուտելու, որն էլ հետո վերածվում է ճոխ խնջույքի: Նորանոր բարձունքներ նվաճելու հույսդ դնում ես միայն ու միայն քո սեփական համառության ու ջանասիրության վրա: Հունվարի 25-ը Ռուսաստանում պաշտոնապես նշվում է՝ որպես ռուս ուսանողության օր (Հայաստանում՝ նոյեմբերի 17-ը), և այդ օրը բոլորը վերհիշում են այն հրաշալի տարիները, երբ ուժերն ու ժամանակը, անշուշտ, միայն ուսման վրա չեն վատնվել:
1755 թվականին ձմռան այդ ցուրտ օրով կայսրուհի Ելիզավետան ստորագրեց Մոսկվայում համալսարան բացելու մասին հրամանը, որը դարձավ ռուսական կրթության առաջադեմ կենտրոն: Այդ տարածքում հիմնադրված նահատակ սուրբ Տատյանայի մատուռը հետաքրքրասեր ուսանողությանը պարգևեց մի հովանավորի, որը մինչև այսօր էլ ասոցիացվում է ուսանողության օրվա՝ Տատյանայի օրվա հետ:
Ամեն տարի իրականացվող մասշտաբային միջոցառման ժամանակ հնչում է Ռուսաստանի մեծագույն համալսարանի կարգախոսը. «Գիտությունը ճշմարտության հստակ ճանաչումն է, գիտակցության լուսավորումը»: Հետամուտ լինելով այս իմաստուն մտքին՝ մենք բոլոր ուսանողներին մաղթում ենք ուժ ու եռանդ, ոգեշնչում և նորանոր բացահայտումներ այդ լուսավորության ճանապարհին: Նաև ցանկանում ենք, որ հեշտությամբ հանձնեք ստուգարքները, հաջողակ լինեք և անհոգ հանգիստ ունենաք արձակուրդների ժամանակ: Ինչպես հայտնի է, ուսանողները շատ ուրախ են անցկացնում մի քննաշրջանից մյուսն ընկած ժամանակահատվածը: Իսկ թե ինչպիսի իրադարձություններով ու զգացմունքներով է լցվում այդ երիտասարդական կյանքը, մեզ կպատմեն այսօրվա հավաքածուի մեջ ընդգրկված գրքերի հեղինակները:
Ասյա Լավրինովիչ, «Մի նապաստակի կողմից» (Ася Лавринович, «От одного Зайца»)
«Վստահ չեմ, որ հիմա ուզում եմ հարաբերությունների մեջ մտնել: Առանց դրա էլ եմ հանգիստ ապրում: Բացի այդ, մի քանի ամսից քննաշրջանն է սկսվում…»:
Ինստահի՛թ: «Wattpad-ը ցնցող գրքերը» շարքում լույս է տեսնում Ասյա Լավրինովիչի գիրքը (կարելի է կատարել նախնական պատվեր): Գիրքը պատմում է այն մասին, որ, դժբախտաբար թե բարեբախտաբար, բայց զգացմունքները քո ցանկությամբ չես կարող կառավարել, չես կարող հրաժարվել դրանցից, փոփոխել կամ բորբոքել դրանք: Պատմում է այն մասին, որ լավ աղջիկներին միշտ վատ տղաներն են ձգում: Գլխավոր հերոսուհին վստահ է, որ դա իրեն հաստատ չի սպառնում: Նա նյարդայնանում է կենսուրախ մի մարզիկից, որը կարծես ֆիզկուլտուրայի ֆակուլտետը շփոթել է ֆիզիկայի ֆակուլտետի հետ: Եվ հերոսուհին նպատակադրված է թունավորել նրա կյանքն այնպես, որ նա հրաժարվի իր հետ համատեղ աշխատանք անելուց: Բայց դա այնքան էլ հեշտ չէ անել, քանի որ մարզիկի մտքին ևս մի բան կա:
Աննա Ջեյն, «Իմ կատարյալ պտտահողմը» (Анна Джейн, «Мой идеальный смерч»)
«Հավերժությունը կարճ պահերի ամբողջությունն է: Ե՛կ բռնենք դրանք ու պահենք, որպեսզի մենք էլ ունենանք մեր ընդհանուր հավերժությունը»:
Սիրած տղան, ում հերոսուհին թաքուն սիրում է արդեն երեք տարի համալսարանում սովորելիս, ընկերուհի է գտնում: Եվ ի՞նչ անել հիմա խեղճ աղջկան: Լաց լինել ու տառապե՞լ: Տեսնել ուրիշի երջանկությունը և վշտից տապակվե՞լ: Թե՞ միավորվել երկրորդ անհույս սիրահարվածի հետ, որը խելագարվում է իր մրցակցուհու համար: Երևի թե նա կընտրի երրորդ տարբերակը և իր սեփական երջանկության համար պայքարի ճանապարհին ամեն կերպ կփորձի խանգարել այդ քաղցր և բանից անտեղյակ զույգին: Եվ բացի այդ, զուգընկերը խելացի, գեղեցիկ, հանրաճանաչ տղա է, որը սարսափելի ձևով նման է քամու: Իսկական պտտահողմ:
Տատյանա Սոլոմատինա, «Կոմունա: Ուսանողական սիրավեպ» (Татьяна Соломатина, «Коммуна. Студенческий роман»)
«Ցանկացած արվեստ գոյություն ունի լոկ տպավորության մակարդակի վրա. դա լինի բանաստեղծություններ գրելու, թե եկեղեցական երգեր երգելու, և կամ թե սիրո արվեստ: Եթե հասկանալուն փորձես ձգտել, Աստված չանի, ավելին կհասկանաս»:
Զվարճալի ու տխուր, խայթող ու խորաթափանց վեպ «շքամուտքերի սերունդների», ընկերության պոեզիայի և սիրո արձակի մասին: Իմաստուն կատուների և հիմար մարդկանց մասին: Մարդաշատ է, քաոսային, ուրախ, ինչպես որ Օդեսայի բժշկական համալսարանի գլխավոր մասնաշենքի առջև երկրորդ և երրորդ ժամերի միջև ընկած երկար ընդմիջման ժամանակ: Մարդաշատ է, ինչպես որ կոմունալ բնակարանում, որտեղ չես կարող քո առանձին սենյակում թաքնվել ո՛չ ուրախ պահակ Վլադիմիրից, ո՛չ Հավերժական ջհուդից, ո՛չ «սրիկա Նելկայից», ո՛չ «խփնված» պրեֆերանս (թղթախաղի մի տեսակ) կին խաղացողից և իր ընտանիքից, ո՛չ էլ Վագրից, որը բառացիորեն երկնքից էր ընկել հերոսուհու գլխին:
Դոննա Տարտտ, «Գաղտնի պատմություն» (Донна Тартт, «Тайная история»)
«Քսան տարեկանում ես կարծում էի, որ անմահ եմ»:
Աշխարհահռչակ Դոննա Տարտտը՝ Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, արդեն իսկ գրավեց ընթերցողներին իր առաջին «Գաղտնի պատմություն» վեպով: Այն սկսվում է նրանով, որ ուսանողների մի խմբում սպանություն է տեղի ունենում: Շատ տարիներ անց, փորձելով գիտակցել պատահածը, գլխավոր հերոսը հիշում է քոլեջում անցկացրած այն սարսափելի, բայց և հրաշալի տարվա յուրաքանչյուր օրը, իր ընկերներին ու սիրուն: Վեպը բեստսելլեր դարձավ և բազմամիլիոն տպաքանակով տարածվեց բոլոր մայրցամաքներում:
Ուրսուլա Պոզնանսկի, «Էլանուս» (Урсула Познански, «Эланус»)
«Յոնան ամբողջ սրտով ցանկանում էր, որ դա լոկ մաթեմատիկական խնդիր լիներ: Այդպես նա վաղուց արդեն լուծումը գտած կլիներ»:
Տասնյոթամյա Յոնան իսկական հրաշամանուկ է: Երբ նա հայտնվում է ուսանողական քաղաքում, նրան ոչ ոք չի հավանում՝ սկսած ընտանիքից, որի հետ ստիպված է ապրել, մինչև երիտասարդ ուսանողները, որոնց հետ սովորում է: Բայց նա բոլորի դեմ զենք ունի՝ ինքնաշեն դրոն, որի հետապնդման օբյեկտ կարող է դառնալ ցանկացած մեկը: Շուտով Յոնան կիմանա, որ կյանքն այդ փոքրիկ քաղաքում ամենևին էլ հանգիստ չէ. այստեղ իշխում են դավաճանությունը, իշխանությունը, բռնությունն ու փողը: Եվ շատ հնարավոր է՝ նա ինքը դառնա իր հետաքրքրասիրության զոհը:
Ստելլա Վայնշտեյն, «Ոչ բավականաչափ լավը» (Стелла Вайнштейн, «Недостаточно хороша»)
– Յանա, չե՞ս կարող չինարենով չզբաղվել…
– Դա իմ կյանքն է,- կտրուկ ասաց Յանան,- իսկ ես այն գեթ մեկ անգամ եմ ապրում:
Այս գրքի հերոսուհին ընդունվել է բուհ՝ որպես ծրագրավորող, լավագույնը դառնալու հաստատուն վճռականությամբ: Բայց ահա մի խնդիր է ծագում. նա սիրահարվում է ամենագեղեցիկ ու ամենահաջողակ տղային: Վերջինս ընկերանում է աղջկա հետ, բայց այդպես էլ ժամադրության չի հրավիրում: Ինչպե՞ս վարվել: Մի կողմ դնել հպարտությո՞ւնը, թե՞ փորձել ավելի լավը դառնալ, որպեսզի նա չդիմանա և առաջինն անի իր քայլը: Դիետա պահել, հետաքրքիր հոբբի ձեռք բերել կամ երկրպագուների ամբոխ, կամ էլ՝ բոլորը միասին… Եվ ի՞նչ անել, եթե այդ ամենը բավարար չէ:
Դևիդ Նիկոլս, «Տասը միավորանոց հարց» (Дэвид Николс, «Вопрос на десять баллов»)
«Կուզենայի իմանալ՝ ո՞ւր են կորել մաթեմատիկոսները: Բիոքիմիկոսները: Ինժեներ մեխանիկները: Զարմանալի չէ, որ մեր տնտեսությունը գրողի ծոցն է կորչում: Ոչ ոք չի կարողանում էլեկտրակայան կառուցել, մինչդեռ բոլորը գիտեն՝ ինչ է փոխաբերությունը»:
Տասնվեց տարեկանում Բրայան Ջեկսոնի մտահոգություններն այն մասին էին, որ միջնակարգ դպրոցի ավարտական քննությունների գնահատականներից ավելի արժանի բան իր կյանքում չի լինի: Իսկ տասնութ տարեկանում համալսարան ընդունվելուց հետո նա կարծում է՝ շատ ավելի իմաստուն է դարձել և արդեն թեթև է նայում կյանքին: Հիմա իր ձգտումներն ավելի ու ավելի հեռուն են գնում. նա երազում է՝ իր մոտ այնպիսի մի փայլուն գաղափար հղանա, որ բոլորը նրա վրա ուշադրություն դարձնեն, նաև նա տենչում է գրավել իր երազանքների աղջկա սիրտը, որի հետ սովորում է:
Ստեֆանի Պերկինս, «Աննան և ֆրանսիական համբույրը» (Стефани Перкинс, «Анна и французский поцелуй»)
«Հնարավո՞ր է, որ մարդը տուն լինի, այլ ոչ թե վայր»:
Տասնյոթամյա Աննա Օլիֆանտը միանգամայն գոհ է իր կյանքից Ատլանտայում, որտեղ նա ունի ընկերներ, լավ աշխատանք և համակրելի գործընկեր, որը կարծես սիրահարված է նրան: Այդ պատճառով նա սարսափում է, երբ իմանում է, որ ծնողներն ուղարկում են իրեն սովորելու Ֆրանսիայում: Բայց Փարիզում նա նոր ընկերներ է ձեռք բերում և հանդիպում է Էթյեն Սենտ-Կլերին: Նա լավագույնն է, ինչի մասին կարելի է երազել: Խելացի, գեղեցիկ, ինքնավստահ, հմայիչ: Դժբախտաբար, նա ընկերուհի ունի: Իսկ Աննային Ատլանտայում սպասում է երիտասարդ տղամարդ…
Կրիստի Կոստրովա, «Փրկել ամառը» (Кристи Кострова, «Спасти лето»)
«Ես հասցրի սիրահարվել նրան: Իսկ հիմա ամբողջ կյանքս այդպես պետք է ապրեմ»:
Ինչո՞վ կարելի է զբաղվել ամառային արձակուրդներին: Այս վեպի հերոսուհին պետք է հոգ տանի իր եղբոր մասին, նաև նա ծրագրել էր խմբագրությունում վճարովի ստաժավորում անցնել և վայելել ընկերոջ հետ ունեցած հարաբերությունները: Բայց ստաժավորումը ձախողվեց, ընկերը լքեց նրան, իսկ այդ երեկո ընկերուհին հրավիրել է խնջույքի: Ի՞նչ կա որ, խնջույք է, էլի: Ի՞նչ կարող է նա փոխել: Պարզվում է՝ ամեն ինչ:
Գերման Տոկարյով, «Հանրակացարան: Գոյատևելու ուղեցույց» (Герман Токарев, «Общага. Руководство по выживанию»)
«Միայն ուսանողական հանրակացարանում կարելի է ոչնչից ճաշ եփել: Եվ միայն ուսանողական հանրակացարանում կարելի է չհասցնել այն փորձել»:
Պատմություններ ուսանողական հանրակացարանային կյանքից, հումոր, կարոտ, խորհուրդներ, ծաղրանկարներ և, իհարկե, մայոնեզով խինկալի: Ահա թե ինչեր են սպասվում ընթերցողներին այս գիրքը թերթելիս: Ով ուսանող է եղել, այս ամենը նորից կհիշի: Ով հիմա հանրակացարանում է ապրում, կճանաչի ինքն իրեն: Իսկ ով դեռ նոր է դառնալու «բուհական պատերի կրծող», կլսի, թե ինչ ձայներ է հանում իր ստամոքսն ուսանողի խոհանոցում՝ հիշելով տատիկի պատրաստած կարկանդակները:
«Հայրեր և զավակներ: 2.0 տարբերակ: Ժամանակակից ռուսական պատմվածքի անթոլոգիա» («Отцы и дети. Версия 2.0. Антология современного русского рассказа»)
«Եվ ահա մարդը լույս աշխարհ է գալիս, մարդն աշխարհին է հանդիպում: Դեռ ավելին, մարդն աշխարհում ինքն իրեն է հանդիպում»:
Այս գրքում շատ պատմություններ կան մանկության և պատանեկության մասին, և, իհարկե, ուսանողական տարիների մասին՝ իր գիշերային զրույցներով հանրակացարանի խոհանոցում, առաջին սիրով, զգացումներով, որ առջևում քեզ սպասվում է մեծ ու բազմաբովանդակ կյանք: Այս գրքում տեղ գտած պատմություններն անցյալի մասին են՝ գրված մեծահասակների կողմից, որոնք շատ աղետներ են հաղթահարել և այսօր կարողանում են աշխարհին նայել «հայրերի» աչքերով:
Թոմ Էլլեն, Լյուսի Իվիսոն, «Առաջին կուրսեցիները» (Том Эллен, Люси Ивисон, «Первокурсники»)
– Հրաշալի է: Եվ ո՞ր ֆակուլտետից ես դու:
Արթուրը ուսերը վեր բարձրացրեց.
– Գաղափար չունեմ: Եթե անկեղծ, էնքան էլ չեմ ջոգում «Հարրի Փոթերը»:
Բրենդոնը ժպտաց՝ մեկ գրամ անգամ չվիրավորվելով.
– Շատ բարի: Այդ դեպքում, քեզ կուղարկենք Պուֆֆենդույ:
Ֆիբին սպասում էր իր առաջին ուսումնական տարուն համալսարանում: Բայց երբ աղջիկն իմացավ, որ Լյուկ Թեյլորը՝ իր վաղեմի սերը, նույնպես իր հետ է սովորելու, ամեն ինչ տակնուվրա եղավ, իրավիճակը ծայրաստիճան լարվեց: Լյուկն իր առաջին ուսումնական տարում ամեն ինչ կսպասեր, բացի դրանից: Երևում է, իսկական ընկեր գտնելը բարդ է նույնիսկ դպրոցի նախկին համընդհանուր սիրելի աշակերտի համար: Առաջին ուսումնական տարին ամենախառնաշփոթ տարին է, որ երբևէ կարելի է պատկերացնել:
Հրապարակման պատրաստեց Նվարդ Հովսեփյանը