«Լավ կլիներ, որ նախարարն իր ամբողջ եռանդը ներդներ իր ոլորտի մեջ, և այդ ժամանակ այսքան տխուր վիճակ իր ոլորտի մեջ չէր լինի». Հայկ Ալումյան

Փաստաբանների ու Ֆինանսների նախարարության միջև հակամարտությունը, որի պատճառը Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի նախագիծն է, որով հաշվապահական հաշվառման, իրավաբանական ծառայություններ մատուցողների հարկային նոր, փոփոխված պարտավորություններ են սահմանվելու, նոր փուլ է թևակոխում։

168.am-ը տեղեկացավ, որ օրերս Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների մասնակցությամբ փակ քննարկման ժամանակ կարծիք է հնչել, թե «Փաստաբանների պալատը պետություն է՝ պետության ներսում»: Խոսքերի հեղինակը ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է եղել, ով նույնիսկ առաջարկել է «թուլացնել այդ պետությունը»:

Այս հայտարարությունը մենք խնդրեցինք մեկնաբանել Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, ինչպես նաև մի քանի աղմկահարույց գործերով հայտնի փաստաբաններ Երվանդ Վարոսյանին ու Հայկ Ալումյանին։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի դիտարկմամբ՝ պաշտոնատար անձն իր արտահայտություններում պետք է ավելի զուսպ լինի։ Իսկապես, Փաստաբանների պալատն ու ընդհանուր առմամբ փաստաբանությունն անկախ են ու չեն մտնում ոչ պետական, և ոչ էլ տեղական ինքնակառավարման մարմինների մեջ, և հենց այդ անկախությամբ է պայմանավորված այն, որ փաստաբանները կարողանում են մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովել։

«Այո, պետք է Փաստաբանների պալատը լինի «պետություն՝ պետության մեջ»։ Այդ մասով, թերևս, նախարարը, եթե ասել է նման բան, ճիշտ է ասել, բայց պալատը թուլացնելու մասով նրա մոտեցումը շատ սխալ է»,- ասաց Ա. Զոհրաբյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ի՞նչ կապ է տեսնում այս հայտարարության ու Հարկային օրենսգրքի փոփոխությունների առնչությամբ փաստաբանների ու անձամբ իր հակազդեցության միջև, Պալատի նախագահն ասաց, որ ՀՀ ֆինանսների նախարարության հետ իրենք այդ թեմայով են առնչվել, հնարավոր է, որ կապ ունենա, չի կարող պնդել, բայց կարծում է, որ, երևի թե կարիք կա մեր պաշտոնատար անձանց հիշեցնել փաստաբանների անկախության անհրաժեշտության և կարևորության մասին, որովհետև, ի վերջո, այդ նույն փաստաբանները վաղը կամ մյուս օրը կարող են պաշտպանել այսօրվա պաշտոնատար անձանց, ինչպես որ այսօր պաշտպանում են նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, և բոլորի շահերից է բխում ունենալ ուժեղ, անկախ փաստաբանություն։

Երվանդ Վարոսյանը, ով մշտապես հանդես է եկել Պալատի ղեկավարության հասցեին հնչեցրած սուր քննադատությամբ, կարծում է, որ իսկապես Փաստաբանների պալատը փակ պետություն է պետության մեջ, և ինչքան շուտ այն առհասարակ գոյություն չունենա, այնքան շուտ հնարավոր կլինի փաստաբանությունը փրկել։

«Ես չգիտեմ, թե Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի հետ այդ հայտարարությունն ինչ կապ ունի, բայց այն հանգամանքը, որ Փաստաբանների պալատն անկառավարելի, միանձնյա, միահեծան ղեկավարվող պետություն է դարձել պետության մեջ, որը ոչ ոքի հաշվետու չէ ու պատրաստ է անել ցանկացած քայլ հենց փաստաբաններին հետապնդելու ուղղությամբ, փաստ է վաղուց»,- նշում է Ե. Վարոսյանը։

Վերջինիս կարծիքով՝ ինքը չի տեսնում այս հայտարարության ու Հարկային օրենսգրքի նախագծի փոփոխությունների հետ կապի իմաստը, որովհետև այդ փոփոխությունները ոչ թե ուղղված են Փաստաբանների պալատը՝ որպես «պետություն՝ պետության մեջ» թուլացնելուն, այլ՝ ընդհանուր փաստաբանությունը թուլացնելուն։

«Եվ ես կոչ կանեմ իշխանության այն ներկայացուցիչներին, որոնք դա գիտակցել են, ոչ թե հարկային բեռով խեղդել ընդհանուր փաստաբաններին, այլ մտածել, թե ինչ ռեֆորմի միջոցով իրենք կարող են փաստաբանությունը Հայաստանում զարգացնել՝ միաժամանակ բացառելով «պետության մեջ պետության» ձևավորումը»,- հավելեց Ե. Վարոսյանը։

Հայկ Ալումյանը համարում է, որ լավ կլիներ, որ Ֆինանսների նախարարն իր ոլորտի մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում աներ հայտարարություններ։

«Ոնց տեսնում եմ, փաստաբանական գործունեության հետ կապված ոլորտի մասնագետ չէ՝ դատելով իր հայտարարությունից։ Սա նույնն է, որ, ենթադրենք, ՓՊ նախագահն իրեն թույլ տար ասել, թե ինչ է պետք փոխել Ֆինանսների նախարարությունում, ինչպես է պետք կառավարել պետական ֆինանսները, և այլն։ Մարդիկ որ լսեին, կմտածեին, որ սա առնվազն տարօրինակ է։ Եթե ֆինանսների նախարարը փաստաբանական գործունեությունն է փորձում քննարկման առարկա դարձնել, նույնչափ տարօրինակ է։ Լավ կլիներ, որ նախարարն իր ամբողջ եռանդը ներդներ իր ոլորտի մեջ, և այդ ժամանակ այսքան տխուր վիճակ իր ոլորտի մեջ չէր լինի։ Երևի թե այդ տխուր վիճակը մասամբ նաև պայմանավորված է նրանով, որ նրա նմանները, իրենց ոլորտը թողած, այլ ոլորտների վերաբերյալ են փորձում մտքեր արտահայտել»,- եզրափակեց Հայկ Ալումյանը։

Տեսանյութեր

Լրահոս