Բաժիններ՝

«Կա՞ այդ նախաձեռնությունը, գրեք, օրենքի տեսք տվեք». Թևան Պողոսյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ օրհներգը փոխելու առաջարկը շարունակում է հանրության կողմից բուռն, բայց ոչ մասնագիտական քննարկումների առարկա մնալ։ Նույնիսկ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է հարկ համարել անդրադառնալ դրան՝ ըստ էության կրկնելով գերիշխող տեսակետը՝ Հայաստանն այսօր կանգնած է հանրային քննարկման արժանի շատ ավելի առաջնահերթ խնդիրների առջև, քան օրհներգի շուրջ ընթացող բանավեճը:

Այս ամենում ուշագրավ է, որ Ա.Սիմոնյանն օրհներգի մասին խոսելիս մեջբերում է ոչ թե հիմնի ուղիղ բառերը՝ «ազատ, անկախ», այլ Միքայել Նալբանդյանի փոխաբերությունն իտալերենից՝ «թշվառ, անտեր»՝ «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծությունից։

Բարձրագույն դատախան խորհրդի անդամ, սահմանադրագետ Գևորգ Դանիելյանը հիշեցրել է, որ Սահմանադրության 21-րդ հոդվածով օրհներգը, դրոշը և զինանշանը «Հայաստանի Հանրապետության խորհրդանիշեր են», ինչն էլ հիմք ընդունելով, ՀՀ քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածով պատասխանատվություն է սահմանված դրանց անարգման համար (ինչից բխում է, որ հանրային քննարկումները չպետք է վերածվեն անհաջող հումորային ժանրի համատեքստում խորհրդանիշերի անարգանքի)։

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հայտարարել է, որ ՀՀ օրհներգը կամ որևէ այլ խորհրդանիշ փոխելու օրակարգ խմբակցությունում չկա:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ չի ուզում քննարկել՝ դա հի՞մն է, թե՞ դրոշ, այլ կցանկանար, որ այդ ամենը կարգավորվեր՝ ըստ օրենսդրության, և ոչ թե՝ սոցիալական կայքերում։

«Կա՞ այդ նախաձեռնությունը, գրեք, օրենքի տեսք տվեք, բոլոր շահագրգիռ մարմինները քննարկեն, պատասխանը ստանանք։ Ընդհանրապես՝ կարծում եմ, որ այսօր խնդիրը հիմնի մեջ չի, այլ պետք է նոր մշակույթ բերենք մեր աշխատելաոճի մեջ։ Այդ հիմնի հարցը մեկ անգամ չէ, որ բարձրացել է։ Կարող է լինել մարդ, որը համարի, որ պետք է փոխել։ Դա իր իրավունքն է։ Ես ցանկանում եմ այն երկիրը դառնալ, որտեղ, եթե կա իրավունք, որևէ մեկը կարողանա այդ իրավունքից օգտվել։ Ձևավորենք այն մեխանիզմները, որոնցով այդ իրավունքով օգտվելուց հետո գործընթացներն այնպես են գնալու, որ դա դառնա մեր հանրային միասնական կարծիքը կյանքի կոչելու, որ բոլորս միասնական լինենք։

Հիմա, ասենք, քննարկման կամ ինչ-որ գաղափար են դրել՝ ինչ-ինչ նպատակներից ելնելով։ Չգիտեմ։ Բայց մարդն ազատ է իր խոսքն ասելու, ասել է, մարդիկ էլ ազատ են եղել իրենց խոսքն ասելու։ Այ, երբ դա սկսի դառնալ որոշումների իրական կայացման գործընթացի մեջ, որ օրենքի նախագիծ լինի, և այլն… ես ուզում եմ, որ իմ երկիրն անցնի զարգացման հաջորդ փուլ, որ ոչ միայն խոսքի ազատություն լինի, այլ ճիշտ գործընթացներով որոշումներ կայացվեն»,- ասաց Թ.Պողոսյանը՝ նկատելով, որ, եթե մեխանիզմները ճիշտ աշխատեն, և՛ ճիշտ մշակված Հարկային օրենսգիրք կունենանք, և՛ մյուս օրենքները ճիշտ կմշակվեն։

Նա հիշեցրեց, որ տարիներ առաջ նույնպես այս քննարկումը ծավալվել է, նույնիսկ հանձնաժողով է ստեղծվել։ Թ.Պողոսյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունն ունի օրհներգ, դրոշ և զինանշան, և օրենքը պահանջում է հարգել դրանք, ու պետք է հպարտ ծառայել դրան։

«Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում՝ ես այդ հիմնով 27 տարի ապրում եմ։ Փոխելու համար պետք է հասկանալ, թե դա ինչ է քեզ տալու։ Դեռ դրա խնդիրը չկա, հանգիստ ապրում ենք, այդ հիմնի տակ երդվելով էլ՝ մեր կյանքը շարունակում ենք տանել առաջ»,- հավելեց Թ.Պողոսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս