Բաժիններ՝

Ինչպիսի՞ն պետք է լիներ աշխարհը 2019 թվականին. հայտնի ֆանտաստի կանխատեսումները 35 տարի առաջ

35 տարի առաջ՝ 1984 թվականին, կանադական The Star պարբերականը՝ տպավորված Օրուելի «1984» հակաուտոպիական վեպից, խնդրել է հայտնի ֆանտաստ Այզեկ (Իսահակ) Ազիմովին գրել հոդված-կանխատեսում այն մասին, թե ինչպիսին կլինի 2019 թվականը:

2019-ը պատահաբար չի ընտրված: Օրուելի վեպը հրապարակվել է 1949 թվականին՝ իրադարձություններից 35 տարի առաջ: Լրագրողներին հետաքրքիր է եղել հասկանալ, թե ըստ ֆանտաստի՝ ինչպիսին կլինի մեր Երկիրը ևս 35 տարի անց:

Հիմա արդեն կարող ենք հասկանալ, թե ո՞ր կանխատեսումներն են իրականացել:

Ըստ Ազիմով՝ 2019-ին մարդկությունը կանգնած է լինելու երեք հիմնական խնդրի առաջ՝

1. Միջուկային պատերազմի հավանականություն

2. Զանգվածային համակարգչայնացում

3. Տիեզերական տարածության օգտագործումը

Ազիմովը կախատեսել է, որ մարդկանց կյանքը շատ է փոփոխվելու, մասնավորապես հետևյալ հարցերում՝

1. Զանգվածային համակարգչայնացում

Սա Ազիմովը համարել է անխուսափելի: Ըստ ֆանտաստի՝ մարդիկ չեն կարողանա ապրել առանց համակարգիչների: Համակարգիչները պետք կլինեն ոչ միայն տնտեսության մեջ, արդյունաբերությունում, այլև յուրաքանչյուր տանը:

«Այն երկրները, որոնք կզիջեն այս հարցում, կտառապեն այնքան ակնհայտ, որ դրանց ղեկավարներն իրենք կպահանջեն համակարգչայնացում այնպես, ինչպես այսօր նրանք զենք են պահանջում»:

2. Որոշ մասնագիտությունների վերացում

Այս կետը, ըստ Ազիմովի, զանգվածային համակարգչայնացման անմիջական հետևանքն է: Սակայն, սրանից ոչ բոլորն են գոհ լինելու:

«Մինչ արդյունաբերական հեղափոխությունը, մարդկության ճնշող մեծամասնությունը զբաղվում էր գյուղատնտեսությամբ և հարակից ծառայություններ մատուցելով: Երբ արդյունաբերականացումը սկսվեց, տնտեսությունից գործարան անցնելը արագ և ցավալի էր: Զանգվածային համակարգչայնացման դեպքում գործարանից նորից անցնելը ավելի արագ կլինի, և արդյունքում, ավելի ցավալի»:

Խնդիրը նրանում չէ, որ համակարգիչները կխլեն մարդկանց աշխատանքը, այլ նրանում, որ մի շարք գործեր պարզապես կավտոմատացվեն: Ազիմովի կարծիքով՝ մի շարք աշխատանքներ կանեն համակարգիչներն ու ռոբոտները, ինչի արդյունքում աշխատանքը կարվի ավելի արագ և որակով:

Այս կանխատեսումը ևս իրականացել է: 2019 թվականին արդեն իսկ մի շարք մասնագետների փոխարինել են ռոբոտները:

3. Կրթության հայեցակարգի փոփոխություն

Համակարգչայնացման սկիզբը և աշխատաշուկայի հետ կապված փոփոխությունները, ըստ գրողի, պահանջում են հիմնարար փոփոխություններ դպրոցական կրթության նկատմամբ մոտեցման մեջ: Նախ, այն պետք է համակարգված լինի: Եթե նախքան ինդուստրալացումը մարդը կարող էր լավ ապրել առանց գրագետ լինելու, ապա 2019-ին դա անհնար կլինի առանց համակարգիչների օգտագործման և նոր բարձր տեխնոլոգիական աշխարհում ապրելու կարողության:

Ֆանտաստը կանխատեսել էր նաև ուսուցիչների անհետացումը: 2019 թվականին նրանք հեշտությամբ կարող են փոխարինվել համակարգիչներով, և երեխաները տանը կստանան կրթություն, ոչ թե ստանդարտ դպրոցական ծրագրով, այլ անհատական ծրագրով՝ համապատասխան սեփական կարողություններին:

Այս կանխատեսումը չի կարելի համարել իրականացած, բայ կարող ենք ասել, որ այն իրականացման ակտիվ փուլում է: Երեխաների դաստիարակության և կրթության տեմպերը փոխվել են զգալիորեն, և ծնողները հիմա ավելի շատ են սկսում վստահել տնային կամ օնլայն դպրոցներին:

4. Բնապահպանական խնդիրներ

«Թափոնների և աղտոտման առումով մարդկային անպատասխանատվության հետևանքները ժամանակի ընթացքում ավելի ակնհայտ և անտանելի կլինեն: Դրանք հաղթահարելու փորձերը ավելի ինտենսիվ կդառնան: Հուսով եմ, որ 2019 թվականին տեխնոլոգիաների առաջընթացը մեզ կտա գործիքներ, որոնք կնպաստեն շրջակա միջավայրի ոչնչացման կանխարգելմանը»:

Այս կանխատեսման առաջին մասը իրականացել է: Երկիրը իրոք ունի չափազանց շատ էկոլոգիական խնդիրներ: Երկրորդ մասը, ցավոք, դեռ չի իրականացել: Գիտնականները դեռևս չեն կարողանում գտնել միջոցներ Երկրի էկոլոգիական վիճակը կարգավորելու համար:

Այն, ինչ չի իրականացել, բայց կարող է իրականանալ ապագայում

Կան շատ կանխատեսումներ, որտեղ մարդիկ դանդաղել են: Ֆանտաստի մի քանի կանխատեսումներ դեռ իրականացման ճանապարհին են:

1. Ռոբոտներ յուրքաչանչյուր տանը

Ազիմովը կարծում էր, որ հաջորդ սերունդը արդեն ամբողջությամբ ընդունած է լինելու ռոբոտներին: Ռոբոտները լինելու են յուրաքանչյուր տանը, և մարդիկ աշխատելու են դրանց հետ, կամ՝ դրանց միջոցով:

Դեռևս սա չի իրականացել, եթե, իհարկե, հաշվի չառնենք ռոբոտ-փոշեկուլները, խելացի սրճեփներն ու թեյնիկները և այլն:

2. Տիեզերքի հաջող յուրացում

Ըստ Ազիմովի՝ 2019 թվականին մարդիկ արդեն պետք է գտած լինեին ճանապարհը դեպի Լուսին, ստեղծած լիենին այնտեղ գաղութներ և այլն:

Այս ուղղությամբ հիմա ակտիվ աշխատում է Իլոն Մասքը: Վերջինս խոստանում է, որ Ազիմովի կանխատեսումները կիրականանան առաջիկա տարիների ընթացքում, և ինքը կլինի առաջին մարդկանցից, որ ընդմիշտ կմեկնի Լուսին կամ Մարս:

3. Խաղաղություն ամբողջ աշխարհում

Սոցիալական, կրթական, բնապահպանական, տիեզերական խնդիրների լուծման անհրաժեշտությունը, որից ուղղակիորեն կախված է մեր քաղաքակրթության գոյությունը, պետք է միավորի մարդկությանը
«Ազգերի և ազգային խմբավորումների համագործակցությունը կաճի ոչ թե իդեալիզմի կամ պարկեշտության աճի, այլ սառնասիրտ գիտակցության պատճառով: Համագործակցության բացակայությունը բոլորի համար մահ կնշանակի»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս