«Սա չի նշանակում, որ մենք ինչ-որ մեկից պետք է վախենանք, բայց բազմակողմանիորեն պետք է հաշվի առնենք շատ գործոններ». Դավիթ Բաբայան
Հունվարի 24-ին Հայ Հեղափոխական Դաշնակցության 33-րդ ընդհանուր ժողովը հայտարարություն էր տարածել և նշել, որ անհրաժեշտ ու հրատապ է, որպեսզի Հայաստանի և Արցախի հանրապետությունների միջև ստորագրվի ռազմաքաղաքական դաշինքի մասին համաձայնագիր։ Հայտարարության մեջ ՀՅԴ-ն նաև ընդգծել էր, որ հաշվի առնելով Արցախի շուրջ բանակցությունների ակտիվացումը, այդ ընթացքում հակամարտության կողմերի և միջնորդների արված հայտարություններով ու քայլերով պայմանավորված մտահոգությունները, բանակցությունները պետք է ընթանան ԱՀ իշխանությունների լիարժեք մասնակցությամբ, ինչպես նաև, ՀՀ իշխանությունները պարտավոր են միջազգային հարթակներում շարունակել հանդես գալ Արցախի անկախության և անվտանգության երաշխավորի հանձնառությամբ։
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am–ի հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ-ի կողմից նշված դաշինքի ստորագրմանը, նկատեց, որ այս հարցի հետ կապված՝ կան իրավական և իրական կողմեր։
«Իրավական առումով, որպեսզի նման դաշինք ստորագրվի, մենք բազմակողմանիորեն պետք է վերլուծենք, թե ինչպիսի հետևանքներ այն կարող է ունենալ, լա՞վ է լինելու, թե՞ վատ, ինչպե՞ս այն կընդունվի միջազգային հանրության կողմից, այստեղ հազար ու մի խնդիր կա։ Սակայն սա չի նշանակում, որ մենք ինչ-որ մեկից պետք է վախենանք, բայց բազմակողմանիորեն պետք է հաշվի առնենք շատ գործոններ»,- ասաց Դավիթ Բաբայանը։
Ինչ վերաբերում է դաշինքի իրական կողմին, ապա Դավիթ Բաբայանը նշեց, որ առանց նման դաշինքի, ՀՀ-ի և ԱՀ-ի միջև փոխգործակցությունը, հատկապես՝ բանակաշինության, անվտանգության ոլորտներում, գտնվում է ամենաբարձր մակարդակի վրա։
«Մայր Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության գրավականը, և
պաշտոնական Երևանը երբևէ այս հանգամանքը չի թաքցրել։ Հետևաբար՝ պետք է պարզապես վերլուծել, տեսնել՝ գուցե անհրաժեշտությո՞ւն կա, գուցե ավելի ո՞ւշ կարող ենք դաշինքը ստորագրել, բայց փաստը մնում է փաստ, որ առանց նման դաշինքի՝ երկու հայկական պետությունների փոխհամագործակցությունը բարձր մակարդակի վրա է»,- շեշտեց Դ. Բաբայանը։
Հարցին՝ նման դաշինքի ստորագրումից հետո թշնամի պետության կողմից սպասելի՞ են սադրանքներ, Դավիթ Բաբայանը պատասխանեց, որ այդ ամենը պետք է հաշվի առնել։
«Կարծում եմ՝ շեշտադրումն այնպես պետք է անենք, որ եղած փոխգործակցությունն է՛լ ավելի խորացնենք, սա գուցե ավելի իրատեսական գաղափար է։ Պետք է համապարփակ ձևով մոտենալ այս հարցին և տեսնել՝ կա՞ անհրաժեշտություն, կարող է այս պահին դրա անհրաժեշտություն ավելի քիչ լինի, կամ՝ հակառակը»,- եզրափակեց Դ. Բաբայանը։
Զվարթ Խաչատրյան