Դեսպան Բաղդասարյանը հանդիպել է Քուվեյթի սոցիալական հարցերի նորանշանակ նախարարի հետ
Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հունվարի 17-ին հանդիպել է Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Սաադ Իբրահիմ Սաադ Ալ Խառազի (Saad Ebrahim Saad Al Kharaz) հետ:
Ինչպես հաղորդում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Ալ Խառազը ջերմորեն ողջունել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան արդյունավետ գործունեություն սոցիալական ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Բաղդասարյանը նախարարին շնորհավորել է պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ կշարունակվի դեռևս նախորդ տարիներին ձևավորված սերտ փոխգործակցությունը։
Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի շուրջ։