Կյանքը՝ շան աչքերով, կամ գրականությունն ի զորու է փոխել մարդուն. Լևոն Նես
Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Այսպես է սկսվում Լևոն Նեսի «Բալզակ. մի շան պատմություն» գրքի անոտացիան: Այս գրքում հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու` շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյոք կենդանին երբեմն ավելի բանական չէ՞, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, արդյոք թույլ տալի՞ս է անվերապահորեն արժանանալու մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը: «Արմենպրես»-ի հեղինակային «Նորամուտ» նախագծի հերոս երիտասարդ գրող Լևոն Նեսի (Հովհաննիսյան) հետ զրուցել ենք գրական դաշտ մուտք գործելու, առաջին քայլերի, Բալզակի ու այլ հետաքրքիր հարցերի շուրջ:
Նես գրական կեղծանունը
Քանի որ իմ ազգանունը Հայաստանի ամենատարածված ազգանուններից է, ես որոշեցի ինձ համար կեղծանուն ընտրել: Կեղծանուն ընտրելիս չէի ցանկանում ինչ-որ փիլիսոփայական մտորումների մեջ մտնել: Պարզապես կրճատեցի ազգանունս: Եվ ստեղծվեց «Նես»-ը:
Առաջին քայլեր
Դժվարանում եմ ասել, թե ինչպես սկսեցի գրել: Դպրոցում շարադրություններ գրելիս մշտապես ուղղագրությունից «երկուս» էի ստանում, իսկ մտքի համար՝ «հինգին գումարած»: Դպրոցում շատ լավ չեմ սովորել, բայց բոլորը բարձր էին գնահատում իմ ստեղծագործությունների միտքն ու գաղափարները: Այդ առումով միշտ դրական արձագանքներ եմ լսել և հետագայում զգացի, որ կարողանում եմ մի քիչ ավելի ծավալուն գործերով արտահայտել այն ամենն, ինչ պետք է:
…Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում եմ սովորել, կինոռեժիսուրայի ֆակուլտետի կինոմոնտաժի բաժնում: Մինչ օրս զբաղվում եմ հնչյունային ռեժիսուրայով: Այս պահին աշխատում եմ ալկոհոլի խանութում. իհարկե, դա չի առնչվում գրականության հետ: Մինչ այդ 1,5 տարի աշխատել եմ գրախանութում: Ժամանակին, ինչպես և շատերը, մտածում էի, որ հայ ժամանակակից գրականություն գոյություն չունի: Միայն գրախանութում աշխատելով հասկացա, որ շատ սխալ պատկերացում ունեմ և, ինչու ոչ, ինքս էլ կարող եմ ինչ-որ չափով փորձել գրել: Ընթերցողների արձագանքից ելնելով՝ հասկանում եմ, որ հաջողված փորձ եմ արել:
Սկզբում՝ ռուսերեն
Առաջին երկու աշխատանքներս ռուսերեն էին, գրախանութում աշխատելու ժամանակ ռուսերեն «Шептун» («Շշնջացողը») վիպակս իմ միջոցներով հրատարակեցի մի հրատարակչությունում: Առանձնահատուկ արձագանք չեղավ: Ես մանրակրկիտ չխմբագրեցի այդ գիրքը և որոշեցի վաճառքից վերցնել չվաճառված խմբաքանակը: Իսկ հաջորդ գրքի վրա ավելի լուրջ էի աշխատել:
Սկսեցի ստեղծագործել ռուսերեն, քանի որ մեր տան բոլոր գրքերն այդ լեզվով էին: Մյուս կողմից՝ պետք է ասեմ, որ հայերենի դեպքում մենք մի կարևոր խնդիր ունենք՝ շատ դասական կամ շատ խոսակցական հայերեններով գրքերը բնական կերպով չեն կարդացվում: Երբ շատ դասական է գրված, դու պատկերվածը չես ընկալում իբրև իրական ապրումներ: Իսկ երբ շատ խոսակցական է գրված, գռեհիկ է ընկալվում: Միջին տարբերակ դժվար է գտնել, բայց մենք ունենք նման հեղինակներ, որոնց մոտ դա ստացվել է, օրինակ՝ Հրանտ Մաթևոսյանը, Վարդգես Պետրոսյանը… Հիմա արդեն հայերեն եմ ստեղծագործում:
Թե ինչպես ծնվեց Բալզակը
«Բալզակ. մի շան պատմություն» գրքի առաջին էջում կարող եք տեսնել հետևյալ գրառումը. «Իմ շան՝ Տրիկիի հիշատակին»: Անգլիացի անասնաբույժ Հերիոթը պատմվածքներ էր հեղինակում, և նրա պատմվածքներից մեկը մի շան մասին էր, որը շատ էր ուտում և այնքան էր չաղացել, որ քայլել չէր կարողանում: Նա մի երկու շաբաթ այդ շանը սոված պահեց, շունն էլ նիհարեց: Հայրս այդ պատմվածքը շատ էր սիրում, և մեր շան անունն էլ որոշեց Հերիոթի շան անունը դնել՝ Տրիկի:
Մեր շուրջը տեսնում ենք շատ դաժան վերաբերմունք շների նկատմամբ: Պատճառն այն է, որ չենք ընկալում, որ շունն ուղղակի ինչ-որ մսի կտոր չէ, կենդանի արարած է, մեզնից պակաս չէ, որոշ հարցերում էլ՝ առավել է: Նպատակս էր, որ ընթերցողը շան աչքերով նայի կյանքին:
Իմ հերոսներից մեկը, երբ շան անունը «Բալզակ» է դնում, ասում է. «Բալզակին առանձապես ծանոթ չեմ, միայն «Գոբսեկն» եմ կարդացել»: Ես էլ միայն այդ գործն եմ կարդացել: Երբ գրքի կերպարներից մեկը սուրճ է պատրաստում, այն թափվում է հատակին, շունը գալիս ու սկսում է լպստել սուրճը: Գիտենք, որ Բալզակը շատ էր սուրճ խմում, ահա թե ինչու է շան անունը Բալզակ;
Բալզակը նաև մարքեթինգային տեսանկյունից ճիշտ անուն է: Բայց անունն ինչ-որ չափով նաև խնդիր է առաջացնում: Ծնողը մտնում է գրախանութ, ասում է. «Ինձ գիրք տվեք երեխայիս համար»: Առաջարկում են իմ գիրքը, իսկ նա պատասխանում է, որ իր երեխան Բալզակ կարդալուն դեռ պատրաստ չէ:
Սիրած հեղինակներ
Սիրած գրողս Ֆյոդոր Դոստոևսկին է: Նրա մեծ երկրպագուն եմ, մասնավորապես «Կարամազով եղբայրները», «Ոճիր և պատիժ» վեպերն եմ սիրում: Դրանք ինձ վրա բացառիկ ազդեցություն են թողել: Մյուս սիրած գրողս Ֆրանց Կաֆկան է՝ իր «Դղյակը» վեպով: Մինչև այդ գիրքը կարդալը մտածում էի, որ գրականությունն ի զորու չէ փոխել մարդուն: Բայց դրանից հետո հասկացա, որ այնուամենայնիվ, ի զորու է: Հայ ժամանակակից հեղինակներից էլ սիրում եմ Գուրգեն Խանջյանին:
Արգելք՝ ընտանիքի կողմից
Հայ երիտասարդների շրջանում մի բարդ խնդիր կա, որը կապված է ընտանիքի հետ: Երբ երիտասարդը ցանկանում է դառնալ ոչ թե բժիշկ, տնտեսագետ, իրավաբան, այլ կոմպոզիտոր կամ աստղագետ, ընտանիքում բացասական վերաբերմունքի է բախվում: Ասել է թե՝ նման մասնագիտություններն, ըստ շատերի ծնողների, պարզապես հոբբի են: Փառք Աստծո, ես այդ խնդրին չեմ առնչվել, զգացել և զգում եմ ընտանիքիս աջակցությունը: Մերոնք միշտ քաջալերում են ինձ, որ շարունակեմ ստեղծագործել:
Նոր հորիզոններ
Վերջերս մի վեպ եմ գրել, կոչվում է «Ստախոսը», բայց դեռ բավականին շատ թերություններ կան, պետք է աշխատեմ և փոփոխեմ այն: Ինձ համար ընդունելի չէ, որ գիրքը լինի լավը: Այն պետք է լինի շատ լավը:
Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան
Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի