ՀՀ-ԵՄ պայմանագրի ձգձգված ու անորոշ ապագան

Նախորդ գումարման ԱԺ-ի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը 2018-ը որակել է՝ որպես «ԵՄ-Հայաստան՝ կորսված հնարավորությունների տարի» և նշել, որ

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ԵՄ անդամ երկրների կողմից չի վավերացվի նաև այս տարվա ընթացքում: Ֆեյսբուք սոցիալական ցանցում նա գրառում էր արել, որ ԱԺ համաձայնագիրը դեռ չեն վավերացրել նաև ԵՄ ծանրքաշայինները՝ Գերմանիան և Ֆրանսիան, «անկախ Փաշինյան-Մերկել սելֆիների հրավառությունից և Փաշինյան-Մակրոն երեք աշխատանքային հանդիպումներից ու ինքնամոռաց պարերից Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին»:

«Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականության տկարությունը շարունակում է խորանալ ոչ միայն ղարաբաղյան, ռուսական կամ եվրասիական, այլև եվրոպական ուղղությամբ: 2017թ. նոյեմբերին ստրագրված և 2018թ. հունիսի 1-ից անցումային կիրարկման մեջ մտած ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ոչ միայն այդպես էլ միս ու արյուն չի ստանում, ոչ միայն չդարձավ երկրի բարեփոխման ուղենիշ, այլև քաղաքական իմաստով կորցնում է իր երբեմնի հմայքը և փայլը»,- գրել էր նա:

ԱԺ նորընտիր նախագահ Արարատ Միրզոյանը «168 Ժամի» հարցին ի պատասխան՝ համաձայնել է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումն այս տարի չի ավարտվի: «Գուցե շատ իրատեսական չէ՝ այս տարի ԵՄ բոլոր երկրների կողմից վավերացվի, բայց նաև պատուհան կա և, այսպես ասած, շատ լավ աշխատելու և ջանքեր գործադրելու դեպքում, հնարավոր է՝ այս տարի լինի: Պայմանավորված է երկրների քանակով, նաև, որ ՀՀ խորհրդարանը նոր է մտնում լիազորությունների մեջ, և իսկապես մարդիկ նոր են: Եթե 6-րդ գումարման խորհրդարանը շարունակեր աշխատանքը, ապա մի քիչ ավելի սահուն կընթանար այդ աշխատանքը»,- ասել է նա:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն այս ԱԺ-ում կշարունակի գործել: Ըստ լուրերի՝ այն կղեկավարի ոչ թե Նաիրա Զոհրաբյանը, ով 11 տարի շարունակ նախագահել է այդ հանձնաժողովում և, բնականաբար, հսկայական փորձ կուտակել ու կապեր հաստատել, այլ իշխանական «Իմ քայլը» խմբակցության 33-ամյա պատգամավոր Արման Բոշյանը:

«168 Ժամը» ՀՀ-ԵՄ պայմանագրի վերաբերյալ մի քանի հարց ուղղեց Ն. Զոհրաբյանին:

– Տիկին Զոհրաբյան, ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը ԵՄ անդամ երկրների կողմից, հնարավո՞ր է՝ ավարտվի այս տարի:

– Հաշվի առնելով, որ 2019թ. մայիսին Եվրոպական խորհրդարանի ընտրություններն են, ես քիչ հավանական եմ համարում, որ այս ընթացքում մինչև մայիս ԵՄ այն երկրները, որոնք դեռ չեն հասցրել վավերացնել պայմանագիրը, վավերացնեն: Ես կարծում եմ, որ 2019թ.-ին որոշ երկրներ կվավերացնեն, և մենք ամբողջական վավերացում կունենանք 2019-ի վերջին կամ 2020 թ.-ի սկզբին:

– Դա ինչո՞վ է վնասում ՀՀ-ին:

– Անցած տարվա հունիսի 1-ից պայմանականորեն ուժի մեջ է մտել պայմանագրի 80%-ը, մենք շատ լուրջ աշխատանք կարող ենք կատարել, եթե նման աշխատանք կատարելու ցանկություն կա, բայց դուք գիտեք, որ ճանապարհային քարտեզի հետ որոշակի խնդիրներ են առաջացել ԵՄ-ի համար: Ես կարծում եմ՝ երբ ՀՀ նոր կառավարությունը ձևավորվի, շատ ավելի հստակ ճանապարհային աշխատանքային քարտեզ կներկայացնի Եվրոպական միությանը:

Ես այստեղ տեսնում եմ նաև խորհրդարանի շատ ակտիվ ներգրավվածության խնդիր, կներգրավվեն նաև խորհրդարանի պատկան հանձնաժողովները, և կսկսենք աշխատել, որովհետև պայմանագրի 80%-ը մտել է ուժի մեջ, դա բավականին մեծ ծավալ է, այսինքն՝ մենք կարող ենք սկսել աշխատել, բայց զուգահեռաբար՝ մենք պետք է անընդհատ մեր ուշադրության կենտրոնում պահենք ԵՄ երկրների կողմից համաձայնագրի վավերացումը: Այս պահի դրությամբ 28 երկրներից վավերացրել է 8 պետություն՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Ռումինիան, Դանիան, և Եվրոպական խորհրդարանը, այսինքն՝ մեծամասամբ դեռ վավերացված չէ պայմանագիրը: Հույս ունենք, որ Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո, երբ արդեն կձևավորվեն ազգային խորհրդարանները, շատ ավելի ակտիվ փուլ կմտնի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը:

– Ըստ էության՝ իշխանափոխությո՞ւնն էր պատճառը, որ վավերացումը ձգձգվեց:

– Ես կարծում եմ՝ այո, դա ևս որոշակի խնդիր հանդիսացավ, այլապես մենք ավարտած կլինեինք: Բայց ես դա օբյեկտիվ խնդիր եմ համարում, որովհետև նաև ԵՄ երկրների համար շատ խնդիրներ դեռևս անհասկանալի էին, իրենց ևս պետք էր տեսնել իշխանության ամբողջական տրանսֆորմացիան: Հիմա, կարծում եմ, իրենք շատ ավելի կանխատեսելի քաղաքական իրավիճակ ունեցող Հայաստանի հետ գործ ունեն, և Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո վավերացումների փուլը շատ արագ կվերսկսվի:

– Ադրբեջանը ևս աշխատում է ԵՄ-ի հետ պայմանագրի կնքման ուղղությամբ: Այդ հարցում ՀՀ խորհրդարանն ի՞նչ կարող է անել, հնարավո՞ր է կամ պե՞տք է խոչընդոտել դրան:

– Ես չեմ կարծում, որ այստեղ մենք խոչընդոտելու խնդիր պետք է դնենք մեր առջև, որովհետև եթե ԵՄ-ն որոշի Ադրբեջանի հետ ինչ-որ մի շրջանակային համաձայնագիր կնքել, չեմ կարծում, որ այստեղ մեր դիրքորոշումը դա պետք է լինի: Մեր դիրքորոշումն այն պետք է լինի, որ հարաբերությունները լինեն հստակ, ճշգրիտ, և Ադրբեջանը, օգտագործելով ԵՄ լծակները, օգտագործելով եվրոպական խորհրդարանները՝ ԵԽԽՎ կամ ԵԽ, փորձ անի իր լոբբիստական մետաստազները տարածել:

Եվ ես հույս ունեմ, որ այդ համաձայնագիրը շատ ավելի հստակ աշխատանքային ուղեցույց կլինի Ադրբեջանի համար իր ժողովրդավարական պարտավորությունները կատարելու, որովհետև եվրոպական կառույցները մի էսպիսի քաղաքականություն ունեն, որ տոտալիտար երկրներին ներգրավելու միջոցով, նրանց հետ աշխատելու միջոցով փորձում են այնտեղ առկա խնդիրները լուծել, այսինքն՝ երկխոսության ճանապարհն են ընտրում թե՛ Ադրբեջանի, թե՛ Բելառուսի հետ: Ես կարծում եմ՝ դա իսկապես արդարացված ճանապարհ է, եթե, իհարկե, Ալիևի վարչակարգի հետ կոնկրետ երկխոսելու որևէ տրամաբանություն կարող է լինել:

Տեսանյութեր

Լրահոս