«Երբ գազի գնի վերջնական թիվը հրապարակվի, կհասկանանք, թե ինչ որակի ու մակարդակի հարաբերությունների մասին ենք խոսում». Սուրեն Սարգսյան
«Այս տարի պետք է անենք այն, ինչ չենք հասցրել անցած տարի ավարտել, մարտահրավերները նույնն են մնալու, որոնցից ամենակարևորն ու մեծը Արցախն է: Պետք է թույլ չտալ խաղաղ բանակցային գործընթացից որևէ շեղում և՛ ձևաչափի, և՛ բովանդակային, և՛ սկզբունքների առումով: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, կարծում եմ, այլևս լուծված է ոչ ի օգուտ մեզ: Երկկողմ հարաբերությունների առումով, կարում եմ, մոտ ապագայում այց կլինի Իրանի հետ, թեև երկու երկրների ղեկավարների հանդիպում արդեն եղել է սեպտեմբերին ՄԱԿ-ում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ խոսելով 2019թ-ի մարտահրավերների մասին:
Ըստ նրա՝ ԱՄՆ հետ հարաբերություններում անցած տարի որևէ տեղաշարժ չեղավ, ԱՄՆ նախագահի խորհրդական Բոլթոնի այցը ճանաչողական էր և ոչինչ չի տվել հարաբերությունների որակի ու մակարդակի առումով, բայց որոշակի տեղաշարժ սպասվում է առաջիկա ամիսներին.
«Եթե առաջին եռամսյակում ՀՀ-ից ԱՄՆ այց լինի և նորմալ օրակարգ մշակվի, կարծում եմ, հետաքրքիր զարգացումներ կարող են լինել: Սակայն երկրների ղեկավարների հանդիպում առաջիկայում, ըստ ամենայնի, հնարավոր չի լինի կազմակերպել, որովհետև Հայաստանն ԱՄՆ-ի առաջնահերթությունների մեջ չէ, և անցած տարվա տվյալներով 133-րդ առևտրային գործընկերն է, իսկ Թրամփի համար դա ամենակարևոր ցուցանիշն է»:
ԱՄՆ-ի նախագահ Թրամփի և նրա ազգային անվտանգության հարցերով օգնական Բոլթոնի հայտարարությունները, որ 2019-ը լինելու է լուծումների տարի, Ս.Սարգսյանն ավելի շատ բարի մաղթանքներ է համարում, քան հստակ ազդակ կամ ճնշման մեխանիզմ.
«Չեմ կարծում, որ ճնշում կա, որ պետք է այդ հարցը շտապ լուծել, կամ ինչ-որ զիջումների պետք է գնա հայկական կողմը: Այնպես որ, դրա վրա չեմ ուզում կենտրոնանալ, դա չեմ համարում ճնշում, սա ուղղակի բարի ցանկություն, աջակցությոն կամ օժանդակություն կարելի է համարել, ոչ ավելին: Այնպես որ, այստեղ էլ խաղաղ կարգավորման տեսանկյունից, չեմ կարծում, որ ճնշման ճանապարհով գնան»:
Ս.Սարգսյանի խոսքով՝ նոր այլ մարտահրավերներ չեն լինի, մասնավորապես՝ եթե Սիրիայում հայկական ներգրավվածությունը խնդրահարույց չլինի որոշ խաղացողների համար, այլ վտանգավոր զարգացումներ չեն լինի:
Միջազգայնագետը կարևորեց Ռուսաստանի հետ գազի գնի որոշման խնդիրը, որից լուրջ քաղաքական ու տնտեսական հետևություններ պետք է անել.
«Դա լուրջ հետևանքներ կունենա: Երբ գազի գնի վերջնական թիվը հրապարակվի, կհասկանանք, թե ինչ որակի ու մակարդակի հարաբերությունների մասին ենք խոսում, ուր ենք գնում, թեև այդ հարաբերություններն այլընտրանք չունեն, ռազմավարական բնույթի են»: