Հայաստանի վարկանիշի բարձրացման ու դժվարությունների տարի. քաղաքական գործիչներն ամփոփում են անցնող 2018-ը

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներից ոմանք 2018-ը համարում են Հայաստանի վարկանիշի բարձրացման, ոմանք էլ՝ դժվարությունների ու լարված տարի. այնուամենայնիվ, բոլորն էլ խոստանում են գալիք տարում կյանքի կոչել նախորդ տարի հնչեցրած բոլոր խոստումները:

«Հայաստանը 2018-ին մտավ համաշխարհային քաղաքագիտության պատմության մեջ որպես երկիր, որտեղ տեղի ունեցավ անարյուն հեղափոխություն: Անցնող տարին Հայաստանի տարին էր, մեր երկրում անարյուն իշխանափոխության տարին էր: Եվ այս առումով սա համարում եմ ամենամեծ ձեռքբերումը: Իսկ հաջորդ տարում կատարվելիք իրադարձությունները մեծապես կախված են մեզանից յուրաքանչյուրից: Իշխանության, կառավարության և մեզանից յուրաքանչյուրի աշխատանքից կախված կլինի՝ կկարողանանք դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությամբ ավարտված հեղափոխությունը տրանսֆորմացնել տնտեսական հեղափոխության, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իր մաշկի վրա զգա այս հեղափոխության դրական արդյունքները նաև երկրի տնտեսության ոլորտում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը ևս նշեց, որ այս տարի ներքաղաքական կյանքը նշանավորվեց Հայաստանում տեղի ունեցած ամենաազնիվ, ամենաարդար ընտրություններով, որ երբևիցե տեղի էին ունեցել: «Դեռ այնքան նախադեպեր պետք է ստեղծենք, որ դա դառնա սովորություն: Այսուհետ քաղաքական նոր տարբեր մշակույթների հիմք դրվեց, ինչպես նաև Հայաստանի վարկանիշը համաշխարհային դաշտում բարձրացավ»,-ասաց պատգամավորը:

Սիմոնյանը նկատեց, որ մարդիկ հիմա հավատ ունեն սեփական ուժերի և իշխանության նկատմամբ: Նա նաև շեշտեց, որ պիտի փորձեն այս տարվա ձեռքբերումները գերազանցել:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այս տարին Հանրապետական կուսակցության, նաև Հայաստանի համար բավականին դժվար ու լարված համարեց: «Հայաստանի առջև ծագող նոր մարտահրավերները չեն չեզոքանում ու լուծվում պարզապես այն փաստով, որ տեղի է ունեցել իշխանափոխություն: Դրա համար 2019-ին մեր կուսակցության հիմնական գործառույթն է լինելու լինել ընդդիմադիր քաղաքական դաշում որպես ամենասկզբունքային արմատական քաղաքական ուժ՝ փորձելով քննադատությամբ, ահազանգերով բարձրաձայնել այն խնդիրները, որոնք մենք տեսնում ենք Հայաստանի անվտանգության, Արցախի ապագայի, տարածաշրջանում մեր դիրքերի ամրապնդման հետ կապված»,-ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ խորհրդարանում չլինելն իրենց զրկելու է ազդեցության որոշակի լծակներից՝ մասնավորապես կառավարությանը խորհրդարանական վերահսկողական գործիքակազմից։ «Սակայն այսօրվա տեղեկատվական միջավայրում այն պարտադիր պայման չէ հանրային քաղաքականությամբ զբաղվելու համար: Մեր թիմը բաղկացած է հմուտ մարդկանցից և մենք գիտենք, թե կառավարության գործունեության նկատմամբ ինչպես ենք վերահսկողություն իրականացնելու՝ չլինելով ԱԺ-ում»,-նշեց Աշոտյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այս տարին մեծ ձեռքբերում համարեց այն առումով, որ երկրում, վերջապես, փոփոխություն եղավ և դրանք նոր հնարավորություններ բացեցին այդ փոփոխություններն իրապես կապիտալիզացնելու և լուրջ արդյունքներ արձանագրելու համար: «Կարծում եմ, որ դա շատ կարևոր հանգամանք է: Սրանով պայմանավորված եղան նոր ընտրություններ, նոր արդյունքներ ու խորհրդարան: Մեզ համար մեծ ձեռքբերումը մեր նոր խմբակցությունն է՝ «Լուսավոր Հայաստան» անվամբ: Մեզ սպասվում է նոր ակնկալիքներով լի տարի»,-ասաց Մարուքյանը:

Նա շեշտեց, որ պիտի արդարացնեն այն, ինչի համար իրենց ձայն են տվել՝ լինել ընդդիմություն, հակակշիռ, փոխզսպող ուժ 7-րդ գումարման խորհրդարանում:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզանն Առաքելյանը նշեց, որ 2018-ին, երբ տարբեր իրավիճակներ էին զարգանում, Դաշնակցությունը կարողացել է ճիշտ կողմնորոշվել: «Այն քայլերը, որոնք մենք արեցինք, կարծում եմ, որ ճիշտ էր թե կուսակցության, թե Հայաստանի համար: Մենք 7-րդ գումարման ԱԺ չանցանք, սակայն ժողովրդի այն զգալի հատվածը, որ մեզ ձայն էր տվել, մեզանից սպասելիքներ ունի։ Եվ ուրեմն մյուս տարի մեր ճիշտ քայլերով պիտի կարողանանք արդարացնել մեր ընտրողների սպասելիքները՝ ելակետ ընտրելով հայրենիքի անվտանգությունը»,-ասաց նա:

Պատգամավորները շնորհավորեցին բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը:

Աննա Գրիգորյան

Տեսանյութեր

Լրահոս