Ինչպես է քաղցն օգնում հեռացնել բջջային աղբը

Կարճաժամկետ հացադուլը իմունիտետի համար կրկնակի օգտակարություն ունի։ Նախ անհետանում են հին, վնասված բջիջները, երկրորդ՝ ակտիվանում են իմունային համակարգի բջջային պահուստները լրացնող արյան ցողունային բջիջները։

Սովի օգտակարության մասին դուք կարող եք իմանալ ոչ միայն «հոգևորի ու մարմնականի միասնությանը» նվիրված էզոթերիկ պրակտիկայից, այլև ավանդական գիտական հոդվածներից։

Հետազոտողները վաղուց են համոզվել այն բանում, որ սովը կամ, գոնե ծայրահեղ դեպքում՝ սննդի չափավոր կալորիականությունն արգելակում են շատ հիվանդությունների զարգացումը և ավելացնում կյանքի տևողությունը։ Ճիշտ է, այն, թե ինչպես է հենց սովը օգտակարություն բերում, ինչ մեխանիզմներ են այդտեղ գործում, մինչև վերջ բացահայտել դեռևս չի հաջողվում։

Երկար ժամանակ համարում էին, որ քաղցելն օրգանիզմի վրա ազդում է սիրտուին սպիտակուցի միջոցով։ Հետո այդ սպիտակուցի դերի մեջ կասկածներ ունեցան, սակայն անցյալ տարի Վաշինգտոնի համալսարանի հետազոտողներին հաջողվեց ապացուցել, որ սիրտուինն իսկապես կապված է կյանքի տևողության ավելացման ու սննդի չափավորության հետ։ Տվյալներ կան, որ կյանքի տևողությունը մեծանում է FGF-21 սպիտակուցի ազդեցության ներքո, որը երբեմն անվանում են «սովի հորմոն»։

Կարդացեք նաև

Մյուս կողմից՝ քաղցի ու Ալցհեյմերի հիվանդության միջև կապն ուսումնասիրած Ալաբամայի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են, որ կալորիաների մեջ չափավորությունը հիվանդության զարգացումն արգելակում է գրելին անվամբ սպիտակուցի օգնությամբ, որը նույնպես հայտնի է «սովի հորմոն» անվանմամբ։

Cell Stem Cell ամսագրում վերջերս հրապարակված հոդվածում Վալտեր Լոնգոն Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի իր գործընկերների հետ միասին նկարագրում է քաղցի ևս մեկ բջջային-ֆիզիոլոգիական դրական էֆեկտ։ Պարզվում է, դրա միջոցով կարելի է նորացնել իր իմունիտետը։ Տվյալ դեպքում նկատի է առնվում ամենաիսկական քաղցը։ Փորձարարությունը տևում է կես տարի, և այդ ընթացքում փորձերի ենթարկվող մկների համար կազմակերպում էին 2-4-օրյան շրջափուլեր ընդհանրապես առանց սննդի։ Նրանց արյան մեջ լեյկոցիտների քանակն ընկնում էր, բայց երբ կենդանիները կրկին սկսում էին ուտել, իմունային բջիջների մակարդակը բարձրանում էր։

Հասկանալի է, թե ինչու էին բջիջներն անհետանում։ Սովը ստիպում էր ծախսել սննդարար նյութերի պահուստները, բայց միևնույն ժամանակ՝ այն նաև «ուտում» էր հին իմունային բջիջները։ Այդ լեյկոցիտներն իրենց արդեն այնքան վատ էին զգում, որ չէին կարողանում ադեկվատ աշխատել, և այդ պատճառով էլ սննդարար նյութերի դեֆիցիտի պայմաններում ավելի լավ էր դրանք պարզապես յուրացնել։

Սակայն հին, կիսաջարդված իմունային բջիջների անհետացումը ահազանգ էր, որն ակտիվացնում էր արյան ցողունային բջիջները։ Դրանցում ակտիվանում էր ռեգեներատիվ ծրագիրը, և նրանք սկսում էին բաժանվել ու գեներացնել նոր լեյկոցիտներ, որոնք, հասկանալի է, նախկիններից ավելի լավն էին։

Այսինքն՝ կարճաժամկետ հացադուլների շարքից հետո կարելի է միանգամից 2 հարց լուծել՝ հեռացնել հին բջջային աղբը ու այն փոխարինել նոր բջիջներով։

Միաժամանակ քչանում էր IGF-1 սպիտակուցի մակարդակը, որը, ինչպես ցույց տվեցին նախկին փորձարարությունները, կապված է ծերության ու չարորակ ուռուցքների առաջացման հետ։

Միայն մկներով հետազոտողները չսահմանափակվեցին։ Նրանք նույնպիսի էքսպերիմենտ իրականացրին մի քանի օնկոհիվանդների հետ, որոնց նշանակված էր քիմիաթերապևտիկ բուժում։ Քաղցկեղի դեմ դեղամիջոցները սպանում են ուռուցքային բջիջները, բայց միևնույն ժամանակ՝ վնասում նաև առողջները։ Դրա պատճառով տուժում են օրգանիզմի շատ համակարգեր, այդ թվում՝ նաև իմունիտետը։ Պարզվում է, որ եռօրյա սովը թուլացնում է քիմիաթերապիայի կողմնակի էֆեկտը։ Ակնհայտ էր, ար այն բանում, որ այս դեպքում իմունային համակարգն իրեն ավելի լավ էր զգում, ողջ հարցը ցողունային բջիջների ակտիվության մեջ էր, որոնք ժամանակին փոխարինում էին հակաքաղցկեղային դեղամիջոցների կողմից վնասված լեյկոցիտներին։

Աշխատության հեղինակները ենթադրում են, որ իմունիտետի այսպիսի նորացումը կարելի է կիրառել ամենատարբեր հիվանդությունների պարագայում՝ սկսած տարիքային իմունային անբավարարությունից՝ մինչև ՄԻԱՎ/ՁԻԱՀ։

Հավանաբար միայն իմունային համակարգով քաղցի օգուտը չի սահմանափակվում, և սովի օգնությամբ կարելի է նորացնել նաև այլ հյուսվածքներ և օրգաններ։

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս