Մասնագիտությամբ իրավաբան, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ի՞նչ գիտի անկախ դատական համակարգի մասին

Դեկտեմբերի 22-ին գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու դեմ բողոքի դուրս եկած էջմիածինցիների հետ հանդիպեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գրիգորյանը։

Համաքաղաքացիների հետ զրույցում նա նախ իր անվերապահ աջակցությունը հայտնեց նրանց՝ ասելով, որ այդ մասին նաև գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, ապա ասաց, որ Կառավարություն նրանց բողոքի ձայնը վստահաբար հասել է։ Հավաքված էջմիածինցիներն անդրդվելի էին և միակամ՝ «Թող դատավորը գա ու պատասխան տա ու թող իրենց գանձին տանեն Էջմիածնից, որովհետև նա կարող է քաղաքական դիվերսիա անել՝ որոշակի խմբերի այդ նպատակով զինելու համար»։

Քաղաքապետ Դիանա Գասպարյանը, իհարկե, նշեց, որ Մանվել Գրիգորյանն այժմ  գործոն չէ Էջմիածնում, և բացի նրանից, որ վերջինիս հանդեպ կա էջմիածինցիների համընդհանուր ատելությունը, ինքը որևէ կերպ չի տարբերվում ցանկացած էջմիածինցուց, միևնույն է, ցույցն առաջնորդող Ջիվան անունով երիտասարդը մնաց իր կարծիքին, այն է՝ Մանվել Գրիգորյանը հանրային վտանգավորություն է իրենից ներկայացնում, և վերջ։

Այս պատմության մեջ, ըստ էության, թերևս, արտասովոր ոչինչ չկա. մարդիկ, որոնց իրավագիտակցության մակարդակը պարտադիր չէ, որ նրանց թույլ տա իրավական որոշ նրբություններ ըմբռնել, հավաքվել ու բողոքում են կոնկրետ մարդու՝ ըստ իրենց, ազատ արձակման, իրականում՝ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու դեմ։ Եվ թեպետ մամուլում հրապարակումներ եղան դրանց՝ ուղղորդված ու կազմակերպված լինելու մասին, այնուամենայնիվ, իրողություն է, որ Մանվել Գրիգորյանը Էջմիածնում հանրային վստահություն չունի։

Այս պատմության մեջ ուշագրավը քաղաքապետ, մասնագիտությամբ իրավաբան Դիանա Գասպարյանի որոշ արտահայտություններն էին, որոնց իրավական մեկնաբանությունը 168.am-ը ցանկացավ ստանալ հենց քաղաքապետից։

Վերջինս, սակայն, հավանաբար լսելով, որ իրեն զանգահարել են 168.am-ից, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ ասելով, որ ինքը չի կարող հիմա խոսել, շատ կարևոր խորհրդակցության է մտնում։

Մեր այն հարցին, թե, այնուամենայնիվ, ե՞րբ կարող ենք զանգահարել իրեն, Դիանա Գասպարյանը հետևյալ պատասխանը տվեց.

«Այսօր շատ զբաղված եմ։ Ինձ թվում է՝ ինչի վերաբերյալ որ հանրությանը հետաքրքրում է, բոլոր հարցերին պատասխանել եմ, անընդհատ հետաքրքրվել եմ էս մի քանի օրը։ Հետո քաղաքացիների ընդունելություն է մոտս սկսվում, բոլորն իրենց խնդիրներով գալու են, չեմ կարողանա խոսել»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին նա հետևյալ գրառումն էր կատարել ֆեյսբուքյան իր էջում.

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

Հասկանում եմ վերջին իրադարձությունների հետ կապված ձեր դժգոհությունը և կանգնած եմ ցանկացած որոշման կողքին, որ կընդունի էջմիածնեցին:

Կարծում եմ՝ Մանվել Գրիգորյանը դեռ երկար կմնա պատմության մեջ որպես դասագրքային օրինակ, թե ինչպես կարելի է անգամ հայրենիքին ծառայություն մատուցելուց հետո սեփական վարքագծով ու արարքներով արժանանալ համաքաղաքացիների անթաքույց ցասմանը և վաստակել սեփական քաղաք մուտք գործել չկարողանալու «իրավունք»:

Սիրելի՛ էջմիածնեցի, դու արդեն հաղթել ես, և ոչինչ չի կարող ստվերել քո հաղթանակը: #դուխով»,- գրել էր նա։

Թեպետ, առանց մեր հարցերը լսելու՝ Էջմիածնի քաղաքապետն արդեն իսկ գուշակել էր դրանք ու համարել, որ խոսել է դրանց մասին, այնուամենայնիվ, մենք ստորև կներկայացնենք այն հարցերը, որոնց պատասխանները 168.am-ն ակնկալում էր ստանալ, և, եթե տիկին Գասպարյանը հարմար կգտնի պատասխանել դրանց, մենք սիրով կհրապարակենք։

1. Հաշվի առնելով ցուցարարների բողոքի թեման՝ ինչպե՞ս քաղաքապետը կմեկնաբանի իր ֆեյսբուքյան գրառումը և դրա հետագա վերահաստատումը, որ ինքն իր քաղաքացիների կողքին է, ինչ էլ որ նրանք որոշեն։ Եթե կա դատարանի որոշում՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, քաղաքացիներին հայտնվող ի՞նչ անվերապահ աջակցության մասին է խոսքը։

2. Ի՞նչ է նշանակում բողոքի ակցիայի մասնակիցների մոտ՝ «Դատավորը չի գա, միգուցե մենք գնանք նրա մոտ» արտահայտությունը։ Ի՞նչ պիտի անեին իրենք դատավորի մոտ։

3. Արդարադատության նախարարության մոտ բողոքն ի՞նչ պիտի տա ցուցարար էջմիածինցիներին, ի՞նչ կապ ունի Արդարադատության նախարարությունը դատավորի որոշման հետ։

4. Քաղաքապետը հորդորեց հանգստյան օրերին ակցիաներ չանել ու մարդկանց նախաամանորյա եռուզեռի համար խոչընդոտներ չստեղծել՝ ասելով՝ «միգուցե համապատասխան մարմիններն այդ ընթացքում բացատրություններ տան»։ Ի՞նչ բացատրություն է սպասում քաղաքապետը և ո՞ր մարմնից։

5. Ի՞նչ կապ ուներ ցուցարարների քաղաքական կողմնորոշումն օրվա խորհրդի հետ, որ քաղաքապետը համենայն դեպս ցանկացավ վստահ լինել, որ ներկաներն իշխանամետ են, և սա դասական ցույց չէ։

6. Վստահության մեծ քվե ստացած քաղաքապետը չցանկացա՞վ, թե՞ չկարողացավ մարդկանց բացատրել դատարանի որոշման էությունը, հանդարտեցնել նրանց ու կաթածահար չանել քաղաքի բնականոն կյանքը։

Տեսանյութեր

Լրահոս