«The Economist» պարբերականը Հայաստանը ճանաչել է տարվա երկիր
Բրիտանական հեղինակավոր «The Economist» պարբերականը Հայաստանը ճանաչել է տարվա երկիր: «Տարվա երկիր» կոչումը տրվել է ոչ ամենաազդեցիկը, ոչ ամենահարուստը լինելու կամ ոչ ամենահամեղ խոհանոցն ունենալու համար: Այս երկիրը տոնում է առաջընթացը: «Ո՞ր երկիրն է ամենաշատը բարելավվել վերջին 12 ամիսներին»,-նշում է պարբերականը:
Պարբերականը նշում է, որ ընտրությունն իրականում բարդ էր: «Տարվա երկիր» կոչմանն արժանանալու համար առաջարկվել են մի շարք երկրներ, ինչպես, օրինակ, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան: Լատինամերկյան երկու պետություն ևս արժանի են հիշատակման: Էկվադորը եւ Պերուն ամրապնդում են մի շարք հաստատություններ, ինչպիսիք են դատական համակարգերը:
Վերջում ընտրությունը կատարվել է երեք երկրի շրջանում։ Դրանցից է Մալայզիան, որտեղ քաղաքացիներն ընտրություններով հեռացրին վարրչապետին, ով չէր կարողացել բացատրել իր բանկային հաշվին 700 միլիոն դոլարի առկայությունը: Եթովպիայի համար տարին ոչ սովորական էր, իշխող կուսակցությունն ընտրեց բարեփոխիչ առաջնորդի: Նա ազատ է արձակել քաղբանտարկյալներին եւ խոստացել իրական ընտրություններ անցկացնել 2020 թվականին:
Երրորդ երկիրը Հայաստանն էր, որտեղ նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց շարունակել ղեկավարել երկիրը՝ ինքն իրեն դարձնելով վարչապետ: Փողոցները լցվեցին բողոքի ակցիաներով: Փողոցային խաղաղ պայքարը հանգեցրեց իշխանափոխության: Խարիզմատիկ և մորուքավոր նախկին պատգամավոր Նիկոլ Փաշինյանը բողոքի ալիքի ներքո եկավ իշխանության և պայքար է տանում կոռուպցիայի դեմ։ Նրա նոր քաղաքական ուժն արտահերթ խորհրդարանական ընտրություններին հավաքել է 70 տոկոս քվե: Պարբերականն ընդգծել է, որ այս երկիրը ժողովրդավարությունը վերականգնելու շանս ունի։ «Այդ իսկ պատճառով Հայաստանը մեր տարվա երկիրն է»,-նշել է պարբերականը: