Թուրքիան ազատազրկված լրագրողների թվով աշխարհում առաջատար է
Իրենց մասնագիտական գործունեության պատճառով լրագրողներին ամենից հաճախ բանտ նետող երկիրը Թուրքիան է։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան «Լրագրողների պաշտպանության կոմիտեի» (CPJ) կողմից դեկտեմբերի 13-ին հրապարակված զեկույցից։
2018թ․ դեկտեմբերի 1-ի դրությամբ մասնագիտական գործունեության պատճառով բանտարկված լրագրողների թիվն աշխարհում կազմել է 251։ Նրանց կեսից ավելին ընդդիմադիր լրագրողներ են, որոնք գտնվում են Թուրքիայի, Չինաստանի և Եգիպտոսի բանտերում։
Զեկույցի համաձայն՝ ամենաշատ ազատազրկված լրագրողներ ունեցող երկրների ցանկում առաջատարները արդեն երրորդ տարին անփոփոխ են։
Մամուլի ազատության ամենաանմխիթար վիճակն արձանագրվել է Թուրքիայում, որտեղ պետության դեմ գործելու մեղադրանքով բանտարկված է առնվազն 68 լրագրող։ Եգիպտոսում անազատության մեջ գտնվող լրագրողների թիվը 25 է։
Անցյալ տարի ազատազրկված լրագրողների թիվն աշխարհում հասել էր ռեկորդային մակարդակի՝ 272-ի։ 2018թ․ այս ցուցանիշը 8 տոկոսով նվազել է։ Սակայն հրապարակված այդ թիվը չի ընդգրկում կորած կամ ոչ պետական կառույցների կողմից առևանգված լրագրողներին։
Մինչդեռ, ըստ զեկույցի, մասնավորապես Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում անհետ կորած կամ զինյալների ձեռքն ընկած տասնյակ լրագրողներ կան։