Պորոշենկոն և Ստոլտենբերգը Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի շտապ նիստ են գումարում
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են շտապ կարգով Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի արտակարգ նիստ գումարել Կերչի միջադեպի պատճառով։
«Պորոշենկոն եւ Ստոլտենբերգը պայմանավորվել են շտապ կարգով Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստ գումարել Ռուսաստանի ագրեսիայի պատճառով»,- նոյեմբերի 26-ին հայտնել է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Պորոշենկոն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է միջադեպի եւ Ուկրաինայի պատասխան գործողությունների, այդ թվում՝ ռազմական դրության ռեժիմ սահմանելու մասին:
Բացի այդ, պետության ղեկավարը կոչ է արել ուժեղացնել միջազգային ճնշումը Ռուսաստանի վրա ուկրաինացի նավաստիներին ու նավերն անհապաղ ազատելու համար: Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը եւ Ռուսաստանին կոչ է արել պահպանել միջազգային իրավունքի եւ Ազովի եւ Սեւ ծովերի ջրատարածքում նավագնացության ազատության նորմերը: Կողմերը պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակով շփումները: Ինչպես տեղեկացրել Է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը, Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: