ԵՄ-ի խորհուրդը պաշտպանեց Brexit-ի պայմանների վերաբերյալ պայմանագրի նախագիծը
ԵՄ-ում մնացող 27 երկրների ընդհանուր գործերի նախարարների խորհուրդը միության կողմից պաշտպանել է միավորումից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) պայմանների վերաբերյալ պայմանագրի նախագիծը:
«Նախարարներն այսօր պաշտպանեցին ամբողջ փաթեթը, մասնավորապես, անջատման մասին համաձայնագրի նախագիծը»,- հայտնել է Brexit-ի շուրջ ԵՄ-ի գլխավոր բանակցորդ Միշել Բառնիեն՝ ելույթ ունենալով նախարարների խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Նոյեմբերի 25-ին նշանակված է այդ հարցի շուրջ ԵՄ-ի պետությունների ղեկավարների արտահերթ գագաթնաժողովը: Ավելի վաղ Բառնիեն հնարավոր է համարել Brexit-ից հետո անցումային շրջանի երկարացումը մինչեւ 2022 թվականի վերջը: Այդ գաղափարի մասին Բառնիեն հայտնել է ԵՄ-ի անդամ 27 երկրների դեսպանների հետ կայացած հատուկ խորհրդակցությունում:
Նրա կարծիքով՝ նման հեռանկարը թույլ կտար Բրյուսելին լրացուցիչ եւս երկու տարի Լոնդոնի հետ բանակցություններ վարել առեւտրական հարաբերությունների շուրջ, ընդսմին Մեծ Բրիտանիան կշարունակեր ենթարկվել Եվրամիության կանոններին եւ առանց ձայնի իրավունքի կկատարեր մուծումները նրա բյուջե, գրում է հրատարակությունը:
Մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կարծում է, որ իրեն կհաջողվի Brexit-ի շուրջ համաձայնագիր կնքել Եվրախորհրդի առաջիկա գագաթնաժողովում: Մեյի խոսքով՝ բրիտանական կառավարությանը «բանակցությունների լարված շաբաթ էսպասում» Եվրամիության երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների նոյեմբերի 25-ին կայանալիք արտահերթ գագաթնաժողովի նախաշեմին:
«Ես ակնկալում եմ, որ այդ ժամանակահատվածում մենք լիովին ու վերջնականապես կմշակենք շրջանակային համաձայնագիրը, որը կամրապնդի մեր ապագա հարաբերությունները: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք Եվրախորհրդի նիստում կնքել այնպիսի գործարք, որը ես կկարողանամ ներկայացնել Համայնքների պալատին»,- ասված է նրա ելույթ տեքստում:
ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները:
Երկխոսությունը պետք է շարունակվի մինչեւ 2018 թվականի նոյեմբեր, ինչից հետո կողմերը կես տարի կունենան ձեռք բերված պայմանավորվածություններն ազգային խորհրդարաններում վավերացնելու համար: Բուն Brexit-ը պետք է իրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: