«Նույն տրամաբանությամբ պետք է գնան հարսանիքներին, ով նվեր է տալիս հարսին ու փեսային՝ հարկեն». Տնտեսագետը՝ ՊԵԿ-ի նոր գաղափարի մասին
2020 թվականից սկսած եկամտային հարկ կվճարեն 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները. սա Պետական եկամուտների կոմիտեի նոր գաղափարն է, որն արդեն դրվել է շրջանառության մեջ։ Ըստ այդ գաղափարի, պետք է լինի տրանսֆերտների հարկման մեխանիզմ, այսինքն՝ արտերկրում աշխատող ՀՀ քաղաքացին, որը ստանում է եկամուտներ, պարտավոր է այն հայտարարագրել և դրա 23 տոկոսը, որպես եկամտային հարկ՝ վճարել իր պետությանը։
«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՊԵԿ-ի նոր գաղափարին, նկատեց, որ այն պարզապես անհեթեթություն է։
«Նախ և առաջ՝ պետք է նայենք արմատներին, երբ դրսից եկամուտն ուղարկում են Հայաստանում բնակվող իրենց բարեկամներին ու ընտանիքի անդամներին՝ ստացողի համար համարվում է անաշխատ եկամուտ, եթե նա չի աշխատել, ապա այդ տրամաբանությամբ մարդը գոյատևման խնդիր է լուծում։ Մասնավոր տրանսֆերտներ ստացողների մեծ մասը գոյատևման խնդիր է լուծում։ Նման մի անհեթեթություն էլ ժամանակին, անուններ չտամ, կրկին ցանկանում էին շրջանառության մեջ դնել»,- նշեց Թաթուլ Մանասերյանը։
Նրա բնորոշմամբ, եթե մարդիկ նման գաղափարներ են առաջ քաշում, նշանակում է՝ մղոններով հեռու են տնտեսագիտությունից։
«Այլ հարց է, որ նրանք արդեն ճարահատյալ չեն կարողանում հարկ հավաքել, քանի որ չեն կարողանում ստեղծել նոր արժեք, ապա հենց այդպես էլ կարող են խոստովանել։ Պետք է ասեն, որ իրենք ի վիճակի չեն ստեղծելու նոր արժեք։ Այստեղ մի քանի մտահոգություններ կան, բացի այն, որ անաշխատ եկամուտներ են, եթե մարդկանց չեն ապահովում և նրանց սոցիալական խնդիրները չեն լուծում՝ գնում են «նվերի» հետևից։ Ըստ էության սա նվեր է, և նույն տրամաբանությամբ պետք է գնան հարսանիքներին, ով նվեր է տալիս հարսին ու փեսային՝ հարկեն, պետք է գնան մկրտություններին, ծնունդներին և հարկեն նվերները»,- ասաց տնտեսագետը։
Նրա խոսքով՝ այս քայլը հեղափոխությունը վարկաբեկելու և հեղափոխության արժեքը նսեմացնելու համար է, որը համարվում է ճարահատյալ քայլ։
Ըստ Թաթուլ Մանասերյանի, եթե հարկելու են արտերկրից եկած գումարները, այդ դեպքում պետք է հաշվառեն բոլորի եկամուտները, եթե մարդկանց եկամուտները չբավարարեն կենսապահովման նվազագույն զամբյուղը, այդ դեպքում պետությունը պետք է պատասխանատվություն կրի և եկամտահարկի մեծ մասը վճարի։ Հետևաբար՝ չապահովելով իր քաղաքացու նվազագույն կենսամակարդակը, պետությունը չի կարող նրանից հարկեր գանձել, քանի որ բոլոր նորմալ երկրներում նման հարկեր չեն գանձում, գանձելու դեպքում՝ վերադարձնում են իրենց այն քաղաքացիներին, որոնք չեն կարողանում ապահովել նվազագույն կենսամակարդակը։
«Կան բազմաթիվ մտահոգություններ, էլ չեմ խոսում այն մասին, որ այս քայլով մենք կստիպենք, որպեսզի մարդիկ հրաժարվեն բանկային համակարգով փոխանցումներ կատարելուց։ Պրոֆեսիոնալներին պետք է դնեն համապատասխան վայրերում, որպեսզի նրանք կարողանան զբաղվել իրենց աշխատանքով, այլ ոչ թե՝ անհեթեթություններով։ Նման պրակտիկա համաշխարհային պրակտիկայում չկա և չի կարող լինել։ Կցանկանայի այդ «հանճարների» հետ հանդիպել՝ հասկանալու համար, թե նրանց տրամաբանությունը ո՞րն է։
Չեմ կարծում, որ այս գաղափարն ուժի մեջ կմտնի, քանի որ ժողովրդի մոտ սարսափելի վատ տրամադրվածություն կա, և պետք է զգուշանալ, որ դժգոհության նոր ալիք չբարձրանա»,- եզրափակեց Թաթուլ Մանասերյանը։
Զվարթ Խաչատրյան