Գուտերիշը կոչ է արել ԱՄՆ-ին՝ ճանաչել բազմակողմանիության սկզբունքի կարևորությունը քաղաքականության մեջ
Միացյալ Նահանգները պետք է ճանաչեն բազմակողմանիության սկզբունքի կարեւորությունը միջազգային քաղաքականության բնագավառում: Նոյեմբերի 12-ին այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը France Inter ռադիոկայանի եթերում։
«Բազմակողմանիությունն անհրաժեշտ է հենց ԱՄՆ-ին: Արդի աշխարհում այլեւս միակ համաշխարհային տերություն չկա: Այն ավելի հատվածական եւ ավելի հավասարակշռված է դարձել, քան 90-ական թվականներին»,- ասել է Գուտերիշը: «ԱՄՆ-ի հետ մեկտեղ կան այնպիսի տերություններ, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը: Կան նաեւ տարածաշրջանային տերություններ, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը, Սաուդյան Արաբիան: Ուստի բազմակողմանիությունը բոլորի օգտին է»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նրա կարծիքով՝ «անհրաժեշտ է աշխատել միջազգային ինստիտուտների բարենորոգումների վրա»: ՄԱԿ-ը, ինչպես նշել է Գուտերիշը, «պետք է ավելի մոտ կանգնի ժողովուրդներին, խոսի քաղաքացիական հասարակության հետ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: