Բելառուսը որոշել է ծովային տերություն դառնալ
Բելառուսը քննարկում է Գոմելի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանի մերձակայքում, Դնեպրի վրա գետային նավահանգիստ կառուցելու հնարավորությունը՝ «գետ-ծով» դասի նավերի օգտագործման նպատակով՝ Սեւ ծով դուրս գալու համար: Այդ մասին հայտնել է ԲելՏԱ պետական գործակալությունը: Նախագծի իրականացման համար կարող է ներգրավվել թուրքական ներդրող՝ Derin Shipping & Trading Co. ընկերությունը:
«Մեր թուրք գործընկերները դիտարկում են Բրագինի շրջանի Նիժնիե Ժարիում նավահանգստի կառուցման հնարավորությունը, որը Բելառուսը կվերածի ծովային տերության»,- Գոմալում լրագրողներին հայտարարել է Թուրքիայում Բելառուսի դեսպան Անդրեյ Սավինիխը՝ մարզային կենտրոն Թուրքիայի պատվիրակության այցի ընթացքում: Ենթադրվում է, որ ապրանքաշրջանառության հիմնական ծավալը կապահովեն նավթամթերքները (Գոմելի մերձակայքում է գտնվում Մոզիրի նավթավերամշակաման գործարանը) եւ Գոմելի մարզում կառուցվող Պետրիկովի հանքահարստացուցիչ կոմբինատը (Բելառուսկալիումի նախագիծը, որի կարողությունը տարեկան 2 միլիոն տոննա քլորկալիում է):
«Մենք կունենանք արտահանական հնարավորություններ, որոնց մասին երազել անգամ չէինք կարող: Համոզված եմ, որ այդ նավահանգստի շնորհիվ մարզը կդառնա տնտեսական աճի գլխավոր շարժիչներից մեկն առհասարակ ամբողջ Բելառուսի համար»,- հայտարարել է Սավինիխը՝ պատմելով նավահանգստի առավելությունների մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: