Սպիտակ տունը պատմել է Փարիզում Պուտինի, Մակրոնի և Մերկելի հետ Թրամփի քննարկումների մասին
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ելիսեյան պալատում կայացած աշխատանքային նախաճաշի ժամանակ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է մի ամբողջ շարք թեմաներ, այդ թվում՝ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը (ՄՓՀՀՊ), Սիրիայի իրադրությունը, ինչպես նաեւ առեւտրի եւ պատժամիջոցների հարցեր:
Այս մասին լրագրողներին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը։ «Այսօր լանչի ժամանակ նախագահ (Թրամփը) նստել է նախագահ Մակրոնի, կանցլեր Մերկելի եւ նախագահ Պուտինի, ինչպես նաեւ աշխարհի բազմաթիվ այլ ղեկավարների հետ: Ղեկավարները քննարկել են մի ամբողջ շարք թեմաներ, այդ թվում՝ ՄՓՀՀՊ-ն, Սիրիան, առեւտուրը, իրադրությունը Սաուդյան Արաբիայում, պատժամիջոցները, Աֆղանստանը, Չինաստանը եւ Հյուսիսային Կորեան: Նրանք շատ լավ եւ արդյունավետ քննարկումներ են ունեցել երկժամանոց լանչի ժամանակ»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: