Բաժիններ՝

Նյու Յորքի Արևելք-Արևմուտք ինստիտուտի հերթական տարեկան հանդիպումներից մեկը կանցկացվի Հայաստանում

Օրերս Հայաստանում էր Նյու Յորքում գտնվող Արևելք-Արևմուտք  ինստիտուտի  գլխավոր  գործադիր  տնօրեն և նախագահ Քեմերոն  Մունթերը: Երևանում նա մի  շարք  հանդիպումներ է   ունեցել վերլուծական  և հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝  եղել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական հետազոտությունների կենտրոնում, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում, «Գլոբալ դայլոգ ֆորում» կազմակերպությունում,  քննարկել համագործակցության  հնարավորությունները:

Խոսելով այցի և քննարկումների արդյունքների մասին՝ Քեմերոն Մունթերը տեղեկացրել է, որ հաջորդ տարի ինստիտուտի հերթական տարեկան հանդիպումներից մեկը կանցկացվի Հայաստանում: Նախկինում դրանք կազմակերպվել են Բեռլինում, Ամմանում: «Սա կլինի հնարավորություն ոչ միայն տեսնել Երևանն ու համտեսել աշխարհի լավագույն ուտելիքը, այլև դիտարկել տարածաշրջանի խնդիրները: Մեր քննարկման շրջանակում կարող են լինել Իրանը, Ռուսաստանը, Թուրքիան: Մեր տնօրենների խորհրդի կազմը, որի մեջ են հայտնի անձինք ողջ աշխարհից, մայիսին կլինի այստեղ: Մենք շատ անելիքներ ունենք ու հպարտ ենք համագործակցել Հայաստանի հետ»,-ասել է Արևելք-Արևմուտք ինստիտուտի գլխավոր գործադիր տնօրենն ու նախագահը:

«Մենք փնտրում ենք կամուրջներ, որոնք մշակութային ու աշխարհագրական տեսանկյուններից ավանդական չեն, այլ՝ խնդիրները կարգավորելու նոր տարբերակներ են: Մենք փնտրում ենք նորարարական ուղիներ՝ փորձելու լուծել խնդիրներն այնպես, ինչպես մյուսները չեն արել»,-նշել է  Քեմերոն Մունթերը և հավելել. «Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այն մարդն է, ով առաջ է քաշել  քվանտային դիվանագիտության գաղափարը, որով մենք հետաքրքրված ենք: Քվանտային դիվանագիտության պարագայում դու զբաղվում ես դիվանագիտությամբ ոչ այն ավանդական ձևով, ինչպես մյուսները»:

Քեմերոն Մունթերի խոսքերով, իրենք զբաղված են նորարարական մոտեցումների մշակմամբ և շատ ուրախ են, որ  այս հարցում կհամագործակցեն հայ գործընկերների հետ:

Արևելք-Արևմուտք ինստիտուտի գլխավոր գործադիր տնօրենն ու նախագահը համոզված է, որ  21-րդ դարի քաղաքականությունը հաստատապես միայն սև ու սպիտակ չի լինելու: «Սա է այս քվանտային էության ֆիզիկական իմաստը: Դու չես կարող երկրին պարզապես ասել՝ արա սա կամ նա: Դու պետք է հասկանաս, թե ինչ գոյություն ունի այդ երկուսի միջև, ինչ ճանապարհով կարելի է փորձել վերաիմաստավորել այս հարցը՝ գտնելու ստեղծարար ուղիներ այն լուծելու համար:

Երկրորդը. պետք է գտնել այլ գործող անձանց: Այսինքն, նրանք արդեն միայն դիվանագետներն ու կառավարությունների ներկայացուցիչները չեն: Հասարակական կազմակերպությունները, համալսարանները մեր ժամանակների նոր դիվանագետներն են: Քաղաքացիական հասարակության առաջնորդները, երկրի երիտասարդությունը նոր դիվանագետներն են, ովքեր սկսում են մտածել նախկինից տարբերվող հարցերի շուրջ»,- ասում է Քեմերոնը:

Քեմերոն Մունթերն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետության  Արմեն Սարգսյանին Արևելք-Արևմուտք ինստիտուտի՝ Էդվին Մրոզի անվան մրցանակի արժանացնելու հարցին. «Արմեն Սարգսյանը մեզ համար մեկն է, ով երկար տարիներ աշխատել է որպես կամուրջներ կառուցող՝ ինչպես Լոնդոնում դիվանագետ լինելու, այնպես էլ կառավարությունում իր գտնվելու տարիներին: Մենք երկար տարիներ ճանաչել ենք նրան և նրա կատարած աշխատանքը: Նա այն մարդն է, ով միավորում է, և դա ապացուցեց այս տարի ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, երբ Հայաստանում լարվածություն կար: Նա ամեն ջանք գործադրեց՝ պահպանելու մարդկանց հանգստությունը: Այս վիճակը ինձ հիշեցրեց այն հերոսական անձանց, ում որպես դիվանագետ հանդիպել եմ 1989 թվականին Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում: Իրադրությունը կարող էր հանգել բռնության, սակայն որոշ մարդիկ, ինչպիսին է նաև Արմեն Սարգսյանը, հանդարտեցրին իրավիճակը:

Կան երկու տարրեր՝ պատմությունը, կամուրջներ կառուցելը և տվյալ անհատը, ով կարողանում է պահպանել հեղինակությունն ու խաղաղությունը: Սա մեր ինստիտուտում մշտապես հարգանքի է արժանանում: Ովքեր նախկինում արժանացել են այս մրցանակին, այդ թվում՝ Հելմութ Քոլը, Քոֆի Անանը, Բան Կի Մունը, Հենրի Քիսինջերը, նրանց շարքում նաև՝ Արմեն Սարգսյանը, մարդիկ են, ովքեր պահպանել են խաղաղությունը և հնարավորությունը՝ խոսել հարցերի մասին գիտակցված, տրամաբանված ձևերով, այլ ոչ թե բռնության միջոցով:

Արմեն Սարգսյանը մշտապես փորձել է կապել երկրներն ու ժողովուրդները, հենց սրա համար էլ արժանացել է մրցանակին: Մեզ համար մեծ պատիվ է հնարավորություն ունենալ շարունակել աշխատանքը նրա հետ»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս