Կառավարության եկամուտներն ու ծախսերը. Ինչպե՞ս չխեղդել տնտեսությունը
2018թ. 9 ամիսների կտրվածքով Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից իրականացրած հավաքագրումների գումարը կազմել է 919.6 մլրդ դրամ, որն ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 10.1 տոկոսով: Համաձայն հրապարակված ամփոփ տվյալների՝ աճ է արձանագրվել նաև խոշոր հարկատուներից կատարված հավաքագրումների ծավալում: 9 ամիսների տվյալներով՝ 1000 խոշոր հարակատուներից համախառն հավաքագրումների ծավալը կազմել է ավելի քան 672 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 579 մլրդ դրամի փոխարեն, և աճը կազմել է 16.1 տոկոս: Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ սեպտեմբերին արձանագրվել է հավաքագրումների ռեկորդային ցուցանիշ, այնուհանդերձ, եռամսյակային կտրվածքով ռեկորդային եղել է 2018թ. 2-րդ եռամսյակը, որի ընթացքում համախառն հավաքագրումների ծավալը կազմել է 331 միլիարդ դրամ, որն ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքից 12.5 տոկոսով:
Պետեկամուտների կոմիտեի կողմից իրականացված հավաքագրումների հաջորդ հետաքրքիր փոփոխությունը վերաբերում է հավաքագրումների մեջ 1000 խոշոր հարկատուներից կատարված հավաքագրումների՝ ընդհանուրի մեջ տեսակարար կշիռների ավելացմանը, որը 2016-2017թթ. կազմել է միջինը 68 տոկոս: Վերջին եռամսյակում ՊԵԿ-ը հավաքագրումների ավելացման ֆոնին զուգահեռ՝ բարելավել է նաև այս ցուցանիշը, և 2018թ. 2-րդ և 3-րդ եռամսյակներում 1000 խոշոր հարկատուներին բաժին է ընկել հավաքագրումների համապատասխանաբար՝ 74.2 և 73.1 տոկոսը, որն ավելի է նախորդ 2 տարիների միջին ցուցանիշից 6-7 տոկոսով: Սա նշանակում է, որ հարկային եկամուտների վերջին շրջանի ավելացումներն առավելապես ապահովվել են ի հաշիվ խոշոր հարկատուների, ինչը, թերևս, հարկային ստվերի կրճատումը փաստող լավագույն ցուցիչներից մեկն է հանդիսանում:
Այստեղ, իհարկե, չպետք է նաև բացառենք տնտեսության՝ որոշակիորեն վերափոխվելու հնարավորությունը, որը կարող է տեղի ունեցած լինել, սակայն հիմնական դերակատարումն այստեղ խաղում է ՊԵԿ-ի կողմից իրականացրած վարչարարության խստացումը, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ վերջին շրջանի հավաքագրումների բարելավումը եղել է ի հաշիվ հարկային ստվերի կրճատման: Սա արդյունք է իրականացված մի շարք փոփոխությունների, որի առավել հնչեղ դրվագին մենք ականատես ենք եղել մայիս ամսին, երբ հայտնաբերվեցին սուպերմարկետների տարածքներում գործող փոքր ընկերությունները:
Գալով խոշոր հարկատուների կողմից հավաքագրումների ծավալի ավելացմանը և բնավ չնսեմացնելով վերջինիս դրական բովանդակությունը, այդուհանդերձ պետք է նշենք նաև, որ այն իր մեջ նաև լուրջ ռիսկեր է պարունակում:
Այսպես, երբ խոսում ենք տնտեսության զարգացման մասին, դրա համար որպես կարևոր ֆունդամենտ՝ հասկանում ենք ցանկացած տեսակի ներդրումները: Տնտեսության մեջ ստացած եկամուտներից ներդրումներ կատարում են հիմնականում խոշորները: Սա պայմանավորված է նրանով, որ փոքր ու միջին ձեռնարկություններն առավելապես եկամուտներն օգտագործում են սեփական կարիքների բավարարման համար (օրինակ, անիմաստ է փոքր խանութից, վարսավիրանոցից կամ ընտանեկան արտադրամասից ակնկալել լուրջ ներդրումներ), իսկ տնտեսության մեջ որպես հիմնական ներդրում կատարող՝ մշտապես հանդես են գալիս խոշոր ընկերությունները:
Արդյունքում՝ ստացվում է, որ իրականացված խիստ քաղաքականությունը կրճատում է խոշորների կողմից տնօրինվող եկամուտը՝ դրանով իսկ կրճատելով հետագա ներդրումները: Պետությունը, իրականացնելով խիստ վարչարություն, հավաքագրում է այդ եկամուտների ավելի մեծ մասը, քան նախկինում էր:
Սա, ըստ էության, տուգանում է խոշորի ներդրումները՝ այդկերպ «խեղդելով» տնտեսության զարգացումը: Պետությունն այդ հավաքագրված գումարները վերաբաշխում է այլ ուղղություններով, և այստեղ հարց է առաջանում. այսօր այդ վերաբաշխման արդյունքում արդյոք պետությունն ապահովո՞ւմ է տնտեսության ավելի լավ զարգացում, քան դա կլիներ, եթե գումարը մնար խոշոր ընկերությունների մոտ:
Այս հարցին պատասխանելու համար պետք է անդրադարձ կատարենք պետական բյուջեի ծախսային մասի կառուցվածքին և դեֆիցիտին: Ինչո՞ւ դեֆիցիտին, քանի որ ըստ էության դա պետության լրացուցիչ մասնակցությունն է տնտեսության զարգացմանը: Համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված տվյալների՝ 2018թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 15 մլրդ դրամ պակասուրդով՝ կազմելով իննամսյա ծրագրային ցուցանիշի (156.6 մլրդ դրամ) 9.6%-ը և 83.9%-ով կամ 77.8 մլրդ դրամով զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Շեղումը հիմնականում պայմանավորված է եկամուտների համեմատ՝ ծախսերի ավելի ցածր կատարողականով, ընդ որում՝ կատարված 958 մլրդ դրամ ծախսերից ավելի քան 900 միլիարդը բաժին է ընկել ընթացիկ ծախսերին, իսկ կապիտալ ծախսերի ծավալը, որը, ըստ էության, պետության մասնակցությունն է տնտեսության զարգացմանը, եղել է ընդամենը 58.4 միլիարդ դրամ, կամ իննամսյա ծրագրով նախատեսվածի ընդամենը 38.9%-ը:
Այսպիսով, ստացվում է հետևյալ պատկերը. Պետությունը, իրականացնելով խիստ վարչարարություն՝ խոշոր ընկերություններից հավաքագրում է գումարները, սակայն միաժամանակ զսպում է պետական ներդրումները՝ արձանագրելով դեֆիցիտի ընդամենը 9.6 տոկոս կատարողական: Այս հակադրությունը երկկողմանի տուգանում է տնտեսական աճը՝ մի կողմից՝ խանգարելով ներդրողին, մյուս կողմից՝ չմասնակցելով զարգացման գործընթացին՝ որպես պետություն:
Այս խնդրից խուսափելու համար պետք է անդրադարձ կատարենք պետության վերաբաշխման ֆունկցիային և ծախսերի կառուցվածքին: Թեև, անդրադառնալով այս հարցին՝ վարչապետը նշեց, որ կասեցվել են այն ծրագրերը, որոնցում, իրենց համոզմամբ՝ ռիսկային բաղադրիչ են տեսել, սակայն, եթե անգամ դա այդպես է, ապա ի՞նչն է խանգարում կառավարությանը՝ մշակել և իրականացնել նոր այնպիսի ծրագրեր, որոնք, ըստ նոր կառավարության, ռիսկային չեն համարվում: Դեֆիցիտի նման ցածր մակարդակը, անկասկած, բացասաբար է անդրադառնում տնտեսության զարգացման վրա, և սա է նաև վերջին ամիսներին ցածր տնտեսական ակտիվության «մեղավորներից» մեկը:
Դիտարկվող այս երևույթը, ճիշտ է, դեֆիցիտի տեսանկյունից լավ է, որովհետև տարեվերջին մենք կունենանք ավելի ցածր ցուցանիշ, սակայն տնտեսության զարգացման տեսանկյունից այն բացասական ազդեցություն կարող է ունենալ: Սրանով մենք նաև շեղվում ենք 2019-2021թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով մատնանշված ոչ միայն՝ դեֆիցիտի մակարդակից, այլև՝ խախտվում է նույն ծրագրով սահմանված հարկաբյուջետային կանոնների տրամաբանությունը, որը ենթադրում էր կապիտալ ծախսերի այնպիսի մակարդակ, որը կգեներացներ պարտքը նվազեցնող տնտեսական աճ:
Դեֆիցիտի ցածր մակարդակի պայմաններում իրականացվող ցածր ծավալի կապիտալ ծախսերը պարզապես ի զորու չեն տնտեսության մեջ լուրջ զարգացում գեներացնել, և որպես արդյունք՝ ապահովել բարձր տնտեսական աճ, ուստի առավել նպատակահարմար է՝ թեկուզ դեֆիցիտի ավելացման հաշվին, կապիտալ ծախսերը հասցնել այնպիսի մակարդակի, որը բավարար կլինի առաջիկա տարիների տնտեսական բարձր աճ ապահովելու համար: Ուստի, վարչարարության ավելացմանը զուգահեռ՝ պետք է ավելացնել նաև պետության կողմից իրականացվող ծախսերի ծավալները, որպեսզի չտուգանենք տնտեսական աճը և «չխեղդենք» տնտեսությունը:
Հայկ Բեջանյան