Բաժիններ՝

«Ռեֆորմիստներ» կուսակցության անդամը պնդում է, որ ակցիային մասնակցել է՝ որպես սովորական քաղաքացի, և չգիտի, թե ովքեր են կազմակերպիչները

Հոկտեմբերի 26-ին մի շարք քաղաքացիներ «Կեցցե Հայաստանը» պաստառներով փակել էին Մաշտոց-Սայաթ-Նովա փողոցները և նշել, որ իրենք իրականացնում են ոչ թե բողոքի ակցիա, այլ ֆլեշմոբ։

Իսկ մինչ այդ համացանցում հայտնվել էր մի նամակագրություն, որտեղ Ֆեյսբուքի օգտատերերից մեկը գրել էր, որ նրանք, ովքեր կես ժամով կփակեին որևէ փողոց, դրա դիմաց կստանային 1000 դրամ։ Նամակագրության մեջ նշվում էր նաև, որ փողոցներ փակելու ակցիան իրականացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին աջակցելու նպատակ ունի, որի մասին, սակայն, տեղյակ չէ Ն. Փաշինյանը։

Այս ակցիային մասնակցելու հետ կապված  շրջանառվում էր նաև «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամ Լիլիթ Հովակիմյանի անունը, ով իբրև փողոցներ փակելու ժամանակ ցուցաբերել էր մեծ ակտիվություն։

168.am-ը կապ հաստատեց Լիլիթ Հովակիմյանի հետ` պարզելու համար, թե ինչ նպատակով է իրականացվում նման ակցիա։

Կարդացեք նաև

«Գուցե մարդիկ ցանկանում էին ձևավորել նոր քաղաքացիական շարժում, կարծում եմ՝ կազմակերպիչներն այդքան էլ հաջող չէին կազմակերպել։ Ամեն դեպքում «Ռեֆորմիստներ» կուսակցությունը տվյալ ակցիայի հետ առնչություն չունի։ Ես այդ կուսակցության անդամն եմ, եթե կուսակցությունը կազմակերպեր, ապա բոլոր անդամները միահամուռ կերպով կմասնակցեին»,- նշեց Լ. Հովակիմյանը։

Ըստ նրա, տվյալ ակցիային մասնակցել է՝ որպես սովորական քաղաքացի, սակայն իրեն թիրախավորել են և ներկայացրել՝ որպես կազմակերպիչ։

«Համացանցում հայտնված նամակագրության մեջ փնթի լատինատառով քասթինգ ստուդիայի երեխաները որոշ բաներ են գրել, գումարների մասին են խոսում, և այդ նամակագրությունը տարածել են իմ նկարով ու ներկայացրել, թե ես եմ կազմակերպել նման ակցիա։ Այստեղ մարդիկ չեն տեսում, որ այն Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ ակցիան է, որը վաղուց է եղել»,- շեշտեց Լ. Հովակիմյանը։

Հարցին, թե կոնկրետ ովքե՞ր են ակցիայի կազմակերպիչները, Լիլիթ Հովակիմյանը պատասխանեց, որ չի կարող որևէ անուն նշել, քանի որ անձամբ տեղեկացված չէ։

«Այդ ակցիայի ընթացքում մարդիկ պահանջում էին, որպեսզի հակահեղափոխություն չլինի, սակայն կառավարությունը կատարի իր տված խոստումները»,- եզրափակեց Լիլիթ Հովակիմյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս