«ԲՀԿ-ն որևէ առնչություն չունի փողոցներ փակելու ակցիայի հետ. ցնդաբանությունը պետք է ունենա որոշակի սահմաններ». Իվետա Տոնոյան
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը որևէ առնչություն չունի փողոցներ փակելու ակցիայի հետ, ցնդաբանությունը պետք է ունենա որոշակի սահմաններ, փորձել այս ակցիան, որի մասին տեղեկացել եմ համացանցից, ինչ-որ ձևով կապել ԲՀԿ-ի հետ, ուղղակի դուրս է ողջամտության բոլոր սահմաններից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով համացանցում հայտնված այն նամակագրությանը, որտեղ մի շարք անձինք գրառումներ էին կատարել մարդիկ հավաքագրելու և գումարով փողոցներ փակելու շուրջ և այս ամենը վերագրել էին ԲՀԿ-ին։
Հիշեցնենք, որ ըստ նամակագրության՝ նրանք, ովքեր կես ժամով կփակեին փողոց, դրա դիմաց կստանային 1000 դրամ։ Նաև նշվում էր, որ նման ակցիա իրականացնողը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որն այդ քայլին գնում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին աջակցելու համար, որի մասին, սակայն, տեղյակ չէ Ն. Փաշինյանը։
Իվետա Տոնոյանի խոսքով՝ նվազագույն ջանքի դեպքում հնարավոր կլինի կարճ ժամանակահատվածում պարզել, թե ովքեր են այդ նախաձեռնության հեղինակները, որտեղից են առաջանում ֆինանսավորման աղբյուրները։
«Հեշտությամբ հնարավոր է պարզել նաև այն մարդկանց, ովքեր հետևողականորեն փորձում են այդ նախաձեռնությունը կապել ԲՀԿ-ի հետ։ Կրկնում եմ՝ ողջամտության սահմաններից դուրս է այս նախաձեռնությունը ԲՀԿ-ի հետ կապելու ջանքերը»,- շեշտեց Ի. Տոնոյանը։
Հարցին՝ եթե ԲՀԿ-ն ակցիայի հետ որևէ առնչություն չունի, այդ դեպքում ինչո՞ւ են նշում կուսակցության անունը, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Բոլոր այն նախաձեռնությունները, որոնք եղել են և ապագայում կլինեն՝ միտված ցեխ շպրտելու ԲՀԿ-ի հեղինակության վրա, հայտարարում եմ, որ ավելորդ ջանք ու եռանդ չթափեն այդ ուղղությամբ, միևնույն է՝ դրանք դատապարտված են լինելու անհաջողության։ Ամեն ինչ առավել քան ցայտուն է, բոլորի համար էլ այդ ամենը տեսանելի է, դրանք պարզապես հուսահատ ճիգեր են, ոչ ավելին»։
Նշենք, որ այս ակցիայի հետ կապված շրջանառվում էր նաև «Ռեֆորմիստներ» կուսակցության անունը, 168.am-ն այս կուսակցությունից նույնպես ստացել է պարզաբանում։
Զվարթ Խաչատրյան