«Գլխավոր խնդիրն անկազմակերպ վիճակն է հենց կառավարության ներսում». Բաբկեն Թունյան
«Հեղափոխության առաջին օրվանից ասում ենք՝ մինչև չլինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, մինչև խաղի կանոնները չհստակեցվեն, քաղաքական անորոշությունը չվերանա, լուրջ տեղաշարժերի սպասել չի կարելի»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց տնտեսագետ Բաբկեն Թունյանը՝ ընդգծելով, որ տնտեսական ցուցանիշները մտահոգիչ են, բայց դրանց վրա կենտրոնանալ չի կարելի։
«Երբ մենք ասում ենք, որ հիմա ստվերի դեմ պայքար կա, դա գոնե տնտեսական ցուցանիշների վրա պետք է արտացոլված լիներ։ Եթե տեսնում ենք 0.2 տոկոս տնտեսական ակտիվության աճ, ապա, եթե ստվերի դեմ պայքարն իրականում եղել է, այդ թիվն իրականում ավելի բարձր պետք է լիներ, իսկ եթե այսքան է, նշանակում է, որ իրականում տնտեսական ակտիվության աճն ավելի ցածր է։ Բայց կրկնում եմ՝ այս առումով պետք չէ ցուցանիշներից ողբերգություն սարքել, պետք չէ մեղավորներ գտնել»,- ասաց տնտեսագետը՝ ընդգծելով, որ այս ցուցանիշները դեռևս նախորդ կառավարության իներցիան են։
Բաբկեն Թունյանի խոսքով՝ ավելի լավ է՝ ունենանք 1 տոկոս աճ, բայց դա լինի որակյալ, քան ունենանք 15-20 տոկոսանոց աճ, որից կօգտվեն քիչ թվով մարդիկ։ «Գլխավոր խնդիրն անկազմակերպ վիճակն է հենց կառավարության ներսում»,- եզրափակեց նա։