Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ ոստիկանությունը պատրաստ է խորհրդարանական արտահերթ ընտրություններին
Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը վստահեցնում է, որ ոստիկանությունը լիովին պատրաստ է Ազգային ժողովի սպասվող ընտրություններին: Երևանի քաղաքապետի երդման արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ոստիկանության պետն ընդգծեց, որ ոստիկանությունը պատրաստ է կատարել իր առջև դրված խնդիրները, եթե խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանան նույնիսկ առաջիկա կիրակի:
«Եթե առաջիկա կիրակի տեղի ունենա Ազգային Ժողովի ընտրություններ, ոստիկանությունը կկատարի իր առջև դրված խնդիրները: Կունենանք Երևանի ավագանու ընտրությունների նման ընտրություններ»,- ասաց Օսիպյանը:
Ոստիկանապետի կարծիքով՝ Երևանի ավագանու ընտրություններում ոստիկանությունը գերազանց է կատարել իր առջև դրված խնդիրները: «Նման ծառայություն երբևիցե ոստիկանությունը չի իրականացրել: Դա նաև մեր քաղաքացիների հետ համագործակցության արդյունք է»,- ընդգծեց Օսիպյանը: