Բաժիններ՝

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում նոր ցուցահանդեսներ են բացվել Հայաստանի որոշ թանգարաններում

Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում իրականացվող մշակութային միջոցառումներից անմասն չեն մնացել նաև Հայաստանի թանգարանները: Մի շարք թանգարանների վահանակներ թարգմանվել են ֆրանսերեն:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում  բացվել է «Սարյանը և Ֆրանսիան» խորագրով ցուցահանդեսը: Ընդգրկված են ստեղծագործություններ, որոնք հեղինակը ստեղծել է 1926-1928 թվականներին Ֆրանսիայում: Ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվեց վարպետի հայտնի «Գազելներ» կտավը` Մոսկվայի պետական Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուից, ինչպես նաև «Կովկասյան քաղաքի փողոց. Թիֆլիս» կտավը, որն այրված էր համարվում։ Սարյանն այն համարել է իր «ուժեղ գործերից» մեկը:

«Ներառվել է տասը ստեղծագործություն Սարյանի փարիզյան շրջանից, նույն ժամանակահատվածում ծնված քսան գրաֆիկական աշխատանք: Արվեստասերները հնարավորություն ունեն տեսնել Սարյանի անձնական իրերը, 3D ակնոցի միջոցով ծանոթանալ նրա այն կտավների սև ու սպիտակ տարբերակով լուսանկարներին, որոնք, ավաղ, այրվել են»,-նշեց թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը:

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում և Հայաստանի ազգային գրադարանում պահվող հայ-ֆրանսիական հարաբերությունները ներկայացնող արխիվային բազմաթիվ նյութեր, փաստաթղթեր և գրքերը ներկայացված են «Գիրք և գինի»  ցուցահանդեսում: Միջոցառումն անցկացվում է Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ճեմասրահում: «Մենք մոտավորապես քառասուն  ցուցանմուշ ենք ներկայացրել, որոնք հայ-ֆրանսիական մշակութային կապերն են ընդգծում: Կան Անատոլ Ֆրանսի, Պոլ Էլուարի և այլոց արժեքավոր ձեռագրերը,  ներկայացրել ենք 1800-ական թվականներին գրված ֆրանսիական գրքերի հայերեն թարգմանություններ»,-մեզ հետ զրույցում պատմեց թանգարանի գիտքարտուղար Մարինե Հարոյանը:

Հայաստանի պատմության թանգարանում  բացվել է «Ֆրանկոֆոնիան և հայ արվեստագետները» խորագրով ցուցահանդեսը: Արվեստագետները` գեղանկարիչներ,  քանդակագործներ, լուսանկարիչներ,  ներկայացրել են գործեր, որոնք ուղղված են հայ-ֆրանսիական մշակույթի  հանրահռչակմանը: Նրանք այն արվեստագետներն են, որոնք  2009 թվականից սկսած մասնակցել են Ֆրանկոֆոնիային և հաջողություններ են գրանցել: Ցուցադրված են Արարատ Մինասյանի, Աշոտ Գրիգորյանի, Հայկ Թորոսյանի և այլ արվեստագետների 20-ից ավելի աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս